Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը կորցրել է իր բնակչության գրեթե կեսը վերջին երեսուն տարում: Ի հակադրություն Իսրայելի. «Ազգ»

Հուլիս 14,2017 12:41

Այս անողոք «դատավճիռը» կայացրել է իսրայելցի հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունում հրապարակած հոդվածաշարում, որոնցում նա կիսում է իր տպավորություններն ու խոհերը Հայաստան ու Ղարաբաղ կատարած ուղեւորության, հայ հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների շուրջ: Ի դեպ, Էսկինը շատ հաճախ է հանդես գալիս ռուսաստանյան ԶԼՄ-ներում, պարբերաբար հյուրընկալվում է իր ցեղակից Վլադիմիր Սոլովյովի հեռուստաբանավեճերում:

«Հայաստանը Իսրայելի՞ ճանապարհով, թե՞ ի հակառակն», «Իսրայելի փորձը Հայաստանի համար եւ հայերի վիրավորվածությունները»` այսպիսին են հոդվածների վերնագրերը: Առաջինի մուտքը լրացված է Սերժ Սարգսյանի դիմանկարով` մութ մի սիմվոլի ֆոնի վրա: Երկրորդում Իսրայելի հարատեւման խորհրդանշանն է` Դավթի աստղը:

Սուր հարցեր են առաջադրվել հրեա գործչին հայ-հրեական առնչությունների կապակցությամբ՝ հրեաների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը, զենքի վաճառքը Ադրբեջանին եւ այլն: Սակայն, Էսկինի խոստովանությամբ, հայ եւ հրեա՝ հասարակայնորեն նկատելի կամ լիազոր դեմքերի ցանկացած հանդիպում սկսվում է միշտ նույն հարցով՝ այդ ինչո՞ւ դուք, որ տուժել եք Հոլոքոստից, չեք ճանաչում հայերի ցեղասպանությունը: Հրեական կողմից ի պատասխան հնչում է նույն հերթապահ բացատրությունը անհրաժեշտություն է մերձավորարեւելյան պարանը հյուսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Եվ հետո, եթե Իսրայելի կառավարությունը չի միացել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքին, ապա այդ ողբերգական իրադարձությունը ճանաչում են շատ հրեաներ:

Էսկինը հնարավորինս ժխտում է այն փաստը, որ դավանափոխ հրեաներն (դյոնմե) են կազմակերպել հայերի ցեղասպանությունը, որ, ընդհակառակը, հրեա դիվանագետներ Անդրեյ Մանդելշտամը, Հենրի Մորգենթաուն, գրող Ֆրանց Վերֆելը, իրավաբան Ռաֆայել Լեմկինը առաջինն են աշխարհին իրազեկել հայերի դեմ իրականացված ոճրագործության մասին:

Առհասարակ հրեաները չափից դուրս բարդ ժողովուրդ են այս կամ այն փաստի կամ իրադարձության վերաբերյալ նրա ներկայացուցիչների կարծիքներն ու մոտեցումներն ընդունելու համար: Ուստի կանգ առնենք Էսկինի մի դիտարկման վրա, որն առավել քան այժմեական է Հայաստանի համար:

«Շատ հայերի համար Իսրայելը դարձել է ազգային վերածննդի ու ժողովրդիՙ հայրենի երկրամաս վերադառնալու խորհրդանշան: Մինչդեռ Հայաստանը կորցրել է իր բնակչության գրեթե կեսը վերջին երեսուն տարում: Ի հակադրություն Իսրայելի, որն իր սեփական տարածքում հրեական «մարդաշատությունը» ավելացրել է 12 անգամ 70 տարում: Կովկասում զգացումները առաջնային են բանական վերլուծության ու իրական փաստերի համեմատ», խորհում է Էսկինը:

Հրեա փորձագետը նշում է, որ եղեռնի թեման անընդհատ շոշափվել է ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ղարաբաղում: Միեւնույն ժամանակ նա բավականությամբ է արձանագրում, որ իր զրուցակիցները համաձայնել են նաեւ իր որոշ հետեւություններին, որոնք ընդհանրական հնչել են հետեւյալ կերպ՝ ժամանակը չէ՞ գլխավորապես զբաղվելու պետության կառուցման հրատապ խնդիրներով հարյուր տարվա հեռավորության իրադարձությունը նորեն ու նորեն հիշեցնելու փոխարեն:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31