Օրերս «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցում Արկադի Տեր-Թադևոսյանը «ծռված խմբավորման» անդամների նկատմամբ բռնությունների ահազանգերի կապակցությամբ ասում է. «Բռնարարքներն ինձ համար անթույլատրելի են։ Ես, իհարկե, քննադատում եմ դա, ինչպե՞ս կարելի է ծեծել այն մարդուն, որը պաշտպանել է Հայրենիքը։ Ինձ համար անընդունելի է»։
Ի՞նչ է ստացվում… Փաստորեն, ըստ Տեր-Թադևոսյանի, հայրենիքը պաշտպանած «ծռված խմբավորման» անդամները կարող են բռնարարքներ կատարել, պատանդներ պահել, մարդկանց սպանել, նրանց երեխաներին որբ թողնել, հիմա էլ դատավարությունը խեղկատակության, միմոսության վերածել։ Եվ այդ ամենն ընդունելի է նրա համար։
Նրանց դա կարելի է, նրանք պաշտպանել են Հայրենիքը և թքած ունեն օրենքների, այդ հայրենիքի քաղաքացիների վրա ու կարող են անօրինական զենք կրել, նաև սպանել, վիրավորել, վառել, փշրել, ջարդել պետական գույքը։
Այո՛, ես նույնպես օրինապաշտ եմ և դեմ եմ բռնությանը, նույնպես դատապարտում եմ, ում նկատմամբ էլ որ լինի այն՝ Հայրենիքի պաշտպանի, թե սովորական ՀՀ քաղաքացու։ Սակայն չեմ հասկանում, երբ նույն բռնության դատապարտողը զարմանալիորեն հովանավորում է բռնություն, մարդասպանություն կատարած անձանց։
Իսկ նրանց՝ այդ «ծռյալներին», կարելի՞ էր սպանել գնդապետ Վանոյանին, որը
նույնպես պաշտպանել էր Հայրենիքը։ Դա բռնարարք չէ՞ր, դա սպանություն չէ՞ր, դա «հերոսությո՞ւն էր»՝ հանուն Հայրենիքի… Այո՞:
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երեւանի նախկին փոխոստիկանապետ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում