ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Այսպես, նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թվականի ապրիլի 18-ին «»Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցին պատկանող ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որում առկա են եղել նույն հիմնարկի կալանավորների մոտ ապօրինի պահվող հեռախոսներից ուղարկված հաղորդագրություններ` «Իդրամ» էլեկտրոնային համակարգի միջոցով ՔԿՀ աշխատակցին պարբերաբար փոխանցված գումարների դիմաց ապօրինի գործողություններ կատարելու մասին:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն