Ըստ մեղադրական եզրակացության մեջ նկարագրվածի, անցյալ տարվա հուլիսի 17-ին, ժամը 11-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները կատարել են ՊՊԾ գնդի զավթած շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ պատանդներին պահելուն ուղղված գործողություններ:
Մասնավորապես. «Ահազանգով դեպքի վայր ժամանած եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի մոտ, երբ Խորենացի փողոցում պատնեշ կազմած իրավապահ մարմինների աշխատակիցների շարքերից ոստիկանական զրահամեքենան շարժվել է Խորենացի փողոցով դեպի Սարի թաղ տանող կամրջի մոտ տեղափոխվելու եւ դիրքավորվելու նպատակով, գնդի մուտքի դարպասների մոտ եւ հարակից տարածքում գտնվող Պավել Մանուկյանը, Մարտիրոս Հակոբյանը, Թաթուլ Թամրազյանը, Աշոտ Պետրոսյանը, Արայիկ Խանդոյանը եւ մի քանի այլ զինյալներ ապօրինի կրվող հրազեններից ոստիկանական զրահամեքենայի եւ իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ կրակոցներ են արձակել, սկսվել է փոխհրաձգություն:
Կազմակերպված խմբի անդամների կողմից արձակված կրակոցներից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ոստիկանության մի խումբ աշխատակիցների: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի առողջությանը՝ որովայնի շրջանում հասցված հրազենային բեկորային չթափանցող վնասվածքով եւ ՀՀ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Ռոբերտ Հայրապետյանի առողջությանը՝ աջ նախաբազկի հրազենային գնդակային, կույր վիրավորման ձեւով պատճառել են միջին ծանրության վնաս, իսկ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանի առողջությանը՝ աջ քունքային շրջանում հասցված հրազենային բեկորային վնասվածքով պատճառել են թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ նույն փոխհրաձգության ընթացքում Թաթուլ Թամրազյանը վիրավորվել է, վնասազերծվել եւ դուրս բերվել գնդի հարակից տարածքից»:
Հարցն այն է, որ զրահամեքենայի շարժը զինված խմբի անդամները, կամ գոնե նրանց մի մասը, ընկալել են որպես հարձակման, ՊՊԾ գնդի տարածքն իրենցից ազատելու փորձ։ Չնայած զինված խմբի «մարտական կորիզը» կազմող ազատամարտիկները կարող էին եւ հասկանալ, որ ոստիկանությունը, առանց գոնե մոտավոր տվյալներ ունենալու, միայն մեկ զրահամեքենայով գրոհի կամ գրավման գործողության չէր դիմի:
Առավել հավանական է ենթադրել, որ զինված խմբի անդամները կա՛մ չեն տիրապետել նյարդերին եւ կրակ են բացել ոստիկանության զրահամեքենայի ուղղությամբ, կա՛մ պարզապես փորձել են այդպիսով ցույց տալ, որ իրենք են իրավիճակի տերը:
Ստեփան Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում