2016-ին այլ երկրներից ամենամեծ քանակությամբ հավի բուդ ներկրել է «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 3.565 տոննա, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 1 մլրդ. 437 մլն. դրամ։ Երկրորդ տեղում «Վին վոդ ալկ» ընկերությունն է՝ ընդամենը 388 տոննա, բայց երրորդ տեղում կրկին Ալեքսանյանին պատկանող ընկերությունն է՝ «Ալեքս հոլդհնգը»՝ 150 տոննա։ Հավի բդի չորրորդ ներմուծողը 2016-ին եղել է «Դոնմալ» ՍՊԸ-ն՝ 116 տոննա։ Ընդհանուր հաշվով, վեց ընկերություն է այլ երկրներից անցած տարի հավի բուդ բերել Հայաստան, որոնցից հինգերորդը «Միթ իմփորթ» ՍՊԸ-ն է՝ 14 տոննա, վեցերորդը՝ «Ֆլեշ թրեյդ» ՍՊԸ-ն՝ 4 տոննա։ Ակնհայտ է, որ առաջատարն «Ալեքս Գրիգն» է՝ իր «եղբայրական» «Ալեքս հոլդինգով»։ Նկատենք, որ հավի բուդ ներմուծող մյուս բոլոր ընկերությունները միասին, բացի «Ալեքս Գրիգից», իրենց ներմուծման ընդհանուր ծավալով չեն էլ մոտենում առաջատար ներմուծող «Ալեքս Գրիգի» ծավալներին։
Օրինակ՝ 2016-ին այլ երկրներից հավի բուդ ներմուծած վեց ընկերություններից հինգը, որոնցից մեկը դարձյալ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգն է», իրար հետ միասին ընդհանուր ներկրել են 672 տոննա հավի բուդ, մինչդեռ միայն «Ալեքս Գրիգը» մեկ տարում ներմուծել է 3.565 տոննա։ Սրան էլ գումարում ենք «Ալեքս հոլդինգի» ներմուծած 150 տոննան, ստացվում է, որ Ալեքսանյանին պատկանող երկու ընկերությունները միասին ներմուծել են 3.715 տոննա (3565+150), իսկ մյուս չորս ընկերությունները միասին՝ ընդամենը 522 տոննա հավի բուդ։ Այսինքն՝ ՀՀԿ-ական պատգամավորի ընկերություններն ավելի քան 7 անգամ շատ հավի բուդ են ներկրել 2016-ին, քան մյուս ներկրողները միասին վերցրած։ Սա բացահայտորեն շուկայում գերիշխող դիրք ունենալ է նշանակում, քանի որ «Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը», որը կազմում է մոտ 33 տոկոս։ Իսկ միայն «Ալեքս Գրիգն» իր 3.565 տոննայով 2016-ին զբաղեցրել է այլ երկրներից հավի բդի ներմուծման եւ իրացման ընդհանուր 4.237 տոննա ծավալի մոտ 5/6-ը կամ 84 տոկոսը։
«Ալեքս Գրիգը» գերիշխող դիրք է զբաղեցրել նաեւ 2017-ի առաջին եռամսյակում՝ ներկրելով 1033 տոննա հավի բուդ։ Մյուս երեք ընկերությունները միասին այս տարվա առաջին երեք ամիսներին այլ երկրներից ՀՀ են ներմուծել ընդհանուր հաշվով մոտ 217 տոննա հավի բուդ։ Ինչը նշանակում է, որ նոր կառավարության եւ վարչապետի ջանքերը՝ ուղղված մենաշնորհների դեմ պայքարին, հիմնավորապես ձախողվել են։ Ի դեպ, այս եռամսյակում երկրորդ խոշոր ներկրողը «Արթուր Ալեքսանյան գրուպ» ՍՊԸ-ն է՝ 130 տոննա։ Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում եղավ, որ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը փորձել է հավի միս ներկրել, սակայն նրան հասկացրել են, որ գործ չունի, պիտի հրաժարվի այս ոլորտից։ Ըստ երեւույթին՝ այս ՍՊԸ-ն հենց օլիմպիական չեմպիոնին պատկանող ընկերությունն է:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում