Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանի թեկնածության առաջադրումը բխում է ՀՅԴ սկզբունքներից. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 14,2017 10:42

Հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը կընտրի երկրի նախագահ: Առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, որի թեկնածությունը պաշտպանում են «Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները եւ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, որն առաջադրվել է «Շարժում-88» խմբակցության կողմից:
Նոր սահմանադրության համաձայն՝ առաջիկա երեք տարիներին՝ մինչեւ 2020 թվականը, Արցախը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով՝ երկիրը կղեկավարի Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահը: Եվ միայն 2020-ին կանցկացվեն համաժողովրդական ընտրություններ:

Մենք զրուցեցինք Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ։

-Դաշնակցությունն ինչո՞ւ որոշեց պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը եւ ոչ Էդուարդ Աղաբեկյանի, մանավանդ որ վերջինս տարիներ առաջ եղել է քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն:

-Մեր որոշումը կայացրել ենք խոր քննարկումների ու խորհրդակցությունների միջոցով: ՀՅԴ Արցախի կառույցը երկու շրջան՝ 2007թ. եւ 2012թ., պաշտպանել է Բակո Սահակյանի թեկնածությունը: Ու տրամաբանական էր, որ անցումային փուլում նույնպես պաշտպանելու էինք նույն թեկնածուին: Այդ առումով ՀՅԴ որոշումը շատերի համար ոչ տարօրինակ, ոչ էլ զարմանալի պետք է լինի: Մենք Բակո Սահակյանի հետ 10 տարիների համատեղ ճանապարհ ենք անցել, կարողացել ենք երկուստեք պահպանել մեր քաղաքական ուղեգիծը:

Հաշվի առանք անցումային փուլի հանգամանքը, իսկ նոր քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտություն չտեսանք:

-Էդուարդ Աղաբեկյանը սեփական շանսերը գրեթե զրոյական է համարում, քանի որ խորհրդարանի երեք ուժերը համաձայնության են եկել մեկ անձի՝ Բակո Սահակյանի թեկնածության շուրջ: Այդ դեպքում ինչո՞ւ է, ըստ ձեզ, Աղաբեկյանը մտնում խաղի մեջ՝ չունենալով որեւէ շանս:

-Ամեն մի քաղաքական գործիչ ունի իր հեռահար հաշվարկները: Ու ամենեւին պարտադիր չէ, որ յուրաքանչյուր թեկնածու ընտրություններին մասնակցի միմիայն հաղթելու նպատակով: Թերեւս նրա մասնակցությունը հիմք է ապագա ընտրություններում առավել լուրջ հայտ ներկայացնելու համար:

Եվ ես պետք է ասեմ, որ Աղաբեկյանն արժանի քաղաքական գործիչ է, ունի դրական քաղաքական անցյալ, մեծ ներդրում ունի երկրի պաշտպանության հարցում: Նա հիմա էլ որպես պատգամավոր մեր լավագույն, ակտիվ պատգամավորներից է, որի շուրջ, ինչու ոչ, կարելի է նաեւ քաղաքական ապագա պատկերացնել:

-Ոմանց կարծիքով՝ Արցախը ժողովրդավարական առումով հետընթաց կապրի, եթե նախագահի պաշտոնում վերստին հայտնվի 10 տարի ղեկավարած անձը: Անգամ փորձ է արվում համեմատել Արցախը բռնատիրական Ադրբեջանի հետ:

-Արցախը երբեք չի կարելի համեմատել Ադրբեջանի հետ, նման գնահատականները իրականության հետ ոչ մի աղերս չունեն։ Ժողովրդավարությունը մեզ համար շատ կարեւոր է, այդ դաշտում մենք նահանջ արձանագրելու ո՛չ նպատակ, ո՛չ էլ իրավունք ունենք:
Նման հարցադրումներ հնչեցնողները թող չմոռանան, որ մենք հիմա բացառիկ իրողության մեջ ենք, խոսում ենք անցումային շրջանի նախագահի ընտրության մասին, եւ Արցախի Հանրապետությունը շարժվում է իր հիմնական օրենքի՝ սահմանադրության պահանջի համաձայն. անցումային դրույթներում նշված է, որ անցումային փուլում նախագահի ընտրությունը վերապահված է խորհրդարանին: Ի՞նչ իմաստ ունի սա անընդհատ շահարկելը: Իսկ արդեն 2020-ին կունենանք համաժողովրդական քվեարկությամբ նախագահի ընտրություն:

-Ճի՞շտ է, որ դուք որպես ՀՅԴ խմբակցության ղեկավար՝ ասել եք, թե դեմ կլինեք, եթե 2020-ին Բակո Սահակյանը դարձյալ առաջադրի իր թեկնածությունը, քանի որ դա կլինի հակաժողովրդավարական քայլ:

-«Ազատություն» ռադիոկայանը աղավաղել է իմ խոսքը, առանց խոսքս ուղիղ մեջբերելու՝ լրագրողն արել է սեփական մեկնաբանությունն ու ինձ վերագրել մի բան, ինչը չեմ ասել:
Իմ խոսքում որեւէ անուն չեմ տվել, ասելիքս չի վերաբերել Բակո Սահակյանին, այլ ընդհանրապես 2020 թվականի ընտրություններին: Ես հստակ արձանագրել եմ հետեւյալը՝ 2020թ. ընտրությունները դեռ առջեւում են, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ մյուս քաղաքական ուժերը կառաջնորդվեն ժողովրդավարական սկզբունքներով, մենք այդ սկզբունքներից նահանջ չենք արձանագրի: Սա է եղել իմ խոսքը, որեւէ անուն չեմ տվել:

Երբ լրագրողն ինձ հարցրեց՝ բացառո՞ւմ եք 2020-ին Բակո Սահակյանի առաջադրումը, ասել եմ՝ այդ հարցն ինձ մի ուղղեք, այլ իրական հասցեատիրոջը, բացառել-չբացառելը մեր որոշելիքը չէ:

Այսօր վաղ եմ համարում խոսել 2020-ի առաջադրումների մասին: Իսկ ներկայիս անցումային փուլն ու 2020-ի նախագահական ընտրությունները բոլորովին տարբեր քաղաքական իրողություններ են: Կրկնում եմ՝ անցումային փուլում Արցախի Հանրապետության նախագահը կընտրվի խորհրդարանի կողմից, իսկ 2020-ին՝ համաժողովրդական ընտրությունների միջոցով:

-Արցախի ընդդիմադիրները դժգոհում են այս 10 տարիների կառավարման արդյունավետությունից՝ նշելով, թե բոլոր ռեսուրսները, լծակները՝ ուժային, քաղաքական, տնտեսական, կենտրոնացվել են մեկ անձի ձեռքում։

-Անցած 10 տարիներին երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ ունեցել ենք ե՛ւ հաջողություններ, ե՛ւ բացթողումներ, իսկ որեւէ իշխանություն կամ քաղաքական ուժ զերծ չէ այդ ամենից: Բայց անցած 10 տարիներին Դաշնակցության ու Բակո Սահակյանի համագործակցությունը հանգեցրել է նրան, որ ավելի շատ եղել են հաջողություններ, քան բացթողումներ:

 

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31