Լրահոս
Օրվա լրահոսը

Մթին բնազդների զեղումներ

Հուլիս 14,2017 10:17

Առաջ, երբ չկային ֆեյսբուքն ու համացանցը, ես չգիտեի, որ այդքան շատ են մարդիկ, որոնց կյանքի իմաստը թույն ու թարախ թափելն է: Գուցե հենց համացանցն է ստիպում այդ մարդկանց նման ձեւով դրսեւորվել: Համենայնդեպս, հայերեն գրող համացանցային օգտատերերի մեջ ինձ հաճախ են հանդիպում մարդիկ, որոնք իրենց պարտքն են համարում հենց այս տիրույթում դրսեւորել իրենց չկամությունը, խանդը, նախանձը եւ մնացած մթին բնազդները: Երբ ես տեսնում եմ այդ կարգի «մեկնաբանների» անունները, իսկ ավելի հաճախ՝ կեղծանունները, ես պարզապես նրանց գրածները չեմ կարդում: Կարծում եմ՝ նրանք ինձնից չեն նեղանա՝ հո իմ համար չեն գրում, իրենց սիրտն են հովացնում:
Բայց խուսափել բոլոր նման զեղումներից՝ հնարավոր չէ: Օրինակ՝ երեկ հայտնի է դարձել, որ Սաթիկ Սեյրանյանը հարցազրույց է վերցրել նախագահից: Անձամբ ես ուրախ եմ, որ ինձ մոտիկ մարդուն դա հաջողվել է: Բայց եթե նույնիսկ մոտիկ չլիներ, գործընկերոջ աշխատանքը բոլոր դեպքերում հարգանքի է արժանի: Սակայն իմ նկարագրած մարդկանց համար դա հարմար առիթ է «ֆշշացնելու» լրագրողի հասցեին: Թեման, մասնավորապես, հետեւյալն է. «իսկ ինչո՞ւ Սաթիկը, ինչո՞ւ ոչ ես, ա՛յ, եթե ես լինեի, ես այնպիսի՜ «քլնգող» հարցեր կտայի»: Մի խոսքով՝ էլի անառողջ բնազդների արտանետումներ, որոնք թունավորում են մթնոլորտը:

Վերջին նման զեղումն էր նաեւ Ալեքսանդր Արզումանյանի հանդեպ չարության բռնկումը: Երբեք չէի մտածի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք «վառված» են այդ անձնավորությունից: Արցախյան շարժման հաղթանակից հետո 90-ականներին նա հավատարմորեն ծառայում էր պետությանը՝ նախարար լինելով, մի չոփ անգամ չէր պահել իր համար: Որպես ընդդիմադիր՝ այո, սուր քննադատության էր ենթարկում իշխանության քայլերը, բայց ոչ թե հայհոյանքներ է շաղ տվել, այլ առաջարկել է ուղիներ, որոնք, մասնավորապես, արտաքին քաղաքականության մեջ, իր կարծիքով, շահեկան կլինեն մեր պետության համար: Կարծում եմ՝ պարզապես խելամիտ չէր լինի չօգտագործել նման մարդկանց փորձը:

Արզումանյանի՝ դեսպան նշանակելու առթիվ երբեմն արտահայտվում է հետեւյալ դատողությունը. «Այո, պրոֆեսիոնալ դիվանագետ է, բայց այս ռեժիմի օրոք նրա պրոֆեսիոնալիզմը ոչ մեկին պետք չէ»: Դա, փաստորեն, նշանակում է հետեւյալը՝ մինչեւ չլինի այն «ռեժիմը», որը մեզ դուր է գալիս, բժիշկները չպիտի բուժեն, ուսուցիչները չպիտի դաս տան, գյուղացիները չպիտի հող մշակեն: Ցանկալի է ընդհանրապես ոչ մի բան չանել, պառկել բազմոցին եւ հայհոյել, մինչեւ որ Աստված մեզ մի հատ «լավ ռեժիմ» չուղարկի: Դա էլ է տարբերակ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Araqel says:

    Ամեն մեկը իր աշխատատեղում թող վերացնի այդ չկամությունը, նախանձը, թույն ու թարախ թափելը:
    Սա վերաբերվում է նաև “Առավոտի” գլխ. խմբագրին:

  2. Araqel says:

    Ու ընդանրապես. պետք չէ էտ նախանձին, թույն ու թարախ թափելուն արձագանքել, երբ որ “կպնում” են ձեր մոտիկ մարդուն:

  3. Հ.Շ. says:

    Այս խմբագրականի շնորհիւ կը տեղեկանամ թէ կարող է որ Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ դեսպան նշանակուի:

    Յատկապէս դիւանագիտական ոլորտում, Պարոն Արզումանեանի կարողութիւններն ու հմտութիւնը անհերքելի են: Նա նաեւ զարգացած եւ խելացի մարդ է:

    Նաեւ, այդ նշանակումը առողջ – եւ չափաւոր – ջանք մըն է, յանուն ներազգային միասնականութեան, համերաշխութեան:

    Նկատի ունենանք նաեւ թէ ինչպիսի այլ անձեր մինչեւ օրս նշանակուել են որպէս դեսպան, որոնց այդ պաշտօնին արժանի լինելի վիճելի է, կամ ել՝ որոնց նշանակումը քաղաքա-գաղափարական խորունկ հակասութիւն մը, paradox մըն է (էր, գոնէ մի հատին պարագային, որ հիմա ոչ եւս է, հողը թեթեւ…) :

    Միակ լուրջ առարկութիւնը պիտի լինի այն թէ Ալեքսանդր Արզումանյանը կարեւոր բաղադրիչ մըն էր այն նախնական վարչակարգին որ, նուազագոյնը ասելու համար՝ Արցախի հիմնախնդիրը կէս-կատար թողեց, երբ որ յարմարագոյն ժամանակն էր զայն լուծելու, աւարտելու: Այս տեսանկիւնից, Պետութիւնը այսօր պիտի վարձատրէ մի անձ որ քաղաքականօրէն պատասխանատու է Հայաստանի այժմու ամէնաէական խնդրին, որմէ կը սեռին մնացեալ բոլոր խնդիրներն ու դժուարութիւնները:

    Այս ամէն չափել կշռելով սակայն, եզրակացութիւն ՝ ինչու չէ՞: Ան ալ թող ըլլայ նայինք դեսպան, թերեւս այդ ճանապարհով կը սրբագրէ անցեալի իր սխալները: Յաջողութիւն իրեն եւ մեզի:

  4. Լավատես says:

    Հասարակական գործչի ու հասարակական տան աշխատողի ճակատագրի միջեւ տարբերություն չկա՝ ամեն տեսակ խփնված հաճախորդի կհանդիպես, պարզապես դրանց սեւ ցուցակի մեջ պետք է գցես ու այլեւս դրանց չսպասարկես 🙂 :

  5. Margar Makhsudyan says:

    Չհասկացա, էս 1937-ի 80-ամյա հոբելյանին ե՞նք պատրաստվում.
    …չկամությունը, խանդը, նախանձը եւ մնացած մթին բնազդներ…
    …«ֆշշացնելու»,… անառողջ բնազդների արտանետումներ, որոնք թունավորում են մթնոլորտը:
    …չարության բռնկումը…
    -Եվ դո՞ւ, Արամ…

  6. Հ.Շ. says:

    having said that,
    այս հաստատումը՝
    «երբեք չէի մտածի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք «վառված» են այդ անձնավորությունից»
    մի քիչ տարօրինակ է:

    իսկապէ՞ս այդ աստիճան անհնար է որ Հայաստանում մարդիկ արդարացի դառնութիւն ունենան այս անձնաւորութեան նկատմամբ

    մինչդեռ նա հեշինակաւոր մասնիկն էր վերոյիշեալ այն նախնական վարչակարգին, որ Հայաստանում որոշ կուսակցոhւթեան մը բոլոր ինչքերը բռնագրաւեց, եւ անդամներէն շատեր բանտերը նետեց…

    ընդհանրապէս լրագրութեան մէջ – աշխարհի ամէն կողմ -, կարծէք տարրական յիշողութիւնը միշտ անտեսուած է… երբ որ լրագրողը ջահել էք, նա յաճախ իսկապէս չի գիտեր իսկ մօտակայ անցեալի կարգ մը էական տուեալներ, կամ ել քանի որ զանոնք ինք չէ ապրած, հակում ունի մոռանալու, բնականաբար կապը չնշմարելու անոնց եւ այժմէական իրադարձութիւնների հետ… սակայն երեւոյթը աւելի ափսոսալի է երբ որ լրագրողը կեանքում բաւականին mileage ունի… նկատի ունենալով որ նպատակը հանրութիւնը լիովին լուսաբանել է, անկէ մաս մըն ալ դեռ դաստիարակել…

    Իսկ յատկապէս – բայց ոչ միայն – Սփիւռքի Հայութեան պարագային, Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ վերապահութեան աղբիւր է նաեւ այն իրողութիւնը որ ան անդամ էր շատ վաղաժամ ու հապճեպ «Թուրք-Հայկական Հաշտեցման Հանձնաժողով»ին:

  7. Ա.Աբգարյան says:

    Կոռումպացված չէ:ՈՒնի կենսագրություն:Նաև դիվանագետի:Մաթեմատիկոս-ծրագրավորող է:Վերադառնում է դիվանագիտական աշխատանքի ոչ թե օֆշորներում հանձնարարություններ կատարելու,այլ մարտահրավերներին պատասխանելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31