Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլի Սեւանա լճին հասան

Հուլիս 14,2017 17:00

«Առավոտի» այս տարվա հունիսի 8-ի «Էլի հասան Ջերմուկին» հրապարակմամբ արձանագրել ենք. վերջին 9-10 տարում մեր կառավարիչները փորձում են Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնել, կառավարությունը բազմաթիվ որոշումներ ու զարգացման հայեցակարգեր է ընդունել, երեք վարչապետ է այս գործով զբաղվել՝ Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, բայց քաղաքը համառորեն չի դառնում զբոսաշրջային կենտրոն: Հիմա էլ Սեւանա լճի ձկան պաշարների հերթն է:

Ընդամենը հուլիսի 4-ին՝ 9 օր առաջ, Հայաստանի Ազգային ժողովը կառավարության առաջարկով ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի համաձայն՝ այս տարի Սեւանա լճից ոռոգման նպատակով կօգտագործվի 270 միլիոն խմ ջուր՝ 100 միլիոնով ավելի, քան անցած տարի: ՀՀԿ-ՀՅԴ մեծամասնությունը չլսեց բնապահպաններին, որ Սեւանից 100 միլիոն խմ ավելի ջուր վերցնելը վնասելու է լճի բուսական եւ կենդանական աշխարհը: Ու այսօր կառավարությունը անդրադարձել է Սեւանա լճին: Երկու որոշում է կայացվելու. Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում «Սեւանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 21,8 հեկտար հողամաս, իսկ նույն մարզի Լճափ գյուղում «Սեւան ակվա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 1,9466 հեկտար հողամաս: Երկուսի նպատակն էլ նույնն է՝ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնում եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացում: Երկու ընկերության սեփականատերն էլ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամն» է, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

2013 թվականի դեկտեմբերի 19-ին (վարչապետ՝ Տիգրան Սարգսյան) ՀՀ կառավարությունը ստեղծել է «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը», իսկ 2014 թվականի մայիսին (վարչապետ՝ Տիգրան Սարգսյան)՝ «Սեւանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությունը: 2015 թվականի նոյեմբերին (վարչապետ՝ Հովիկ Աբրահամյան) ստեղծվում է «Սեւան ակվա» փակ բաժնետիրական ընկերությունը: Այս ընկերությանը կառավարությունը «քաղցր աչքով է մտիկ արել». հարկային արտոնություններ, ներմուծվող սարքավորումների, հումքի եւ նյութերի նկատմամբ մաքսատուրքից ազատում, 2016-ին առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով 0,6445 հեկտար հողամասի տրամադրում Կարճաղբյուր գյուղում:

Անցած տարի կառավարությունն ասում էր, որ հիմնադրամի եւ «Սեւանի իշխան», «Սեւան ակվա» ընկերությունների գործունեության արդյունքում 2019-ին կունենանք տարեկան մոտ 685 տոննա ձկնամթերք, հասույթը՝ մոտ 2,4 միլիարդ դրամ: «Սեւանի իշխան» ընկերությունը մանրաձկան եւ ձկան վերամշակման գործարանների շինարարությամբ է զբաղվում, «Սեւան Ակվա» ընկերությունը շահագործում է Սեւանա լճում տեղակայված մոդելային տնտեսությունը՝ մանրաձկան աճեցման ցանցավանդակները: Երկուսը միասին Սեւանա լճի ափին մոտ 25 հեկտար տարածք են տնօրինում: Թե ինչու սա չէր կարելի անել մեկ ընկերությամբ, կրճատել վարչական ծախսերը, ինչի մասին շատ է խոսում վարչապետը, կառավարությունը չի ասում:

Կառավարությունում վստահ են, որ այսպես կստեղծվի մանրաձկների բացթողնման եւ վայրի պոպուլյացիայի ձեւավորման մասնագիտացված կենտրոն (բազա), որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը՝ սկսած մանրաձկան բացթողնումից մինչեւ մայրական վտառի վերադարձ եւ մանրաձկան վերարտադրություն, ինչի արդյունքում Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման արդյունավետությունը կբարձրանա: Բնապահպանները այլ բան են կանխատեսում. ձկների հիվանդությունների եւ մակաբույծների ինկուբացում եւ փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին, ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում, ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում, գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից եւ նրանց խաչասերում վայրի ձեւերի հետ եւ այլն: 2016-2017թթ. ձմռանը լուրեր եղան, թե լճի սառցակալման հետեւանքով ցանցավանդակներ են պատռվել, եւ ձկները փախել են: Լուրը պաշտոնապես ո՛չ հերքվեց, ո՛չ հաստատվեց:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

13.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31