Երեւանյան տապը մոտեցել է քառասուն աստիճանի սանդղակին: Անկողնում «այրվում է» երիտասարդ կինը: Տեսնելով իր ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեւիկ Բուջատյանին, հուզվում է, նկարագրում անտանելի ցավերը ձեռքերին, ոտքերին, «ասես «եռացրած ջուր լցրած լինեն վրաս»:
Մարտ ամսից նրան որեւէ բժիշկ չի այցելում եւ առաջին կարգի հաշմանդամը զարմացած է, երբ կանչի համար դիմելով տարածքային բժիշկներին, ստանում է հետեւյալ հարցը՝ դուք կարո՞ղ եք բժշկին տանել -բերել: Նույն հարցը հաշմանդամն էլ կարող է տալ. ի՞նչ եղավ աթոռ-սայլակը, որը խոստացվել է իրեն, իսկ խոստացողն էլ բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովն էր: Դուք կարո՞ղ եք սայլակ տրամադրել լուսանկարում պատկերված կնոջը, որպեսզի կարողանա գոնե դուրս գալ իրենց ափաչափ բակը:
Աստղիկ Մելքումյանի մասին փետրվարի 9-ի «Առավոտի»՝ «24-ամյա կնոջ ոտքերից արյան հետ որդեր էին դուրս գալիս» հրապարակմանն արձագանքեց տասը հազարից ավելի մարդ: Նրանք գրում էին, հուզված էին, գալիս էին խմբագրություն, առաջարկում էին իրենց օգնությունը, զանգում էին, խնդրում էին գրել հաշվեհամարը, եթե կա այդպիսին: Հրապարակումից ժամեր անց արձագանքեցին արդարադատության եւ առողջապահության նախարարները: Նույն օրը երկրորդ կարգի հաշմանդամ Աստղիկ Մելքումյանը հոսպիտալացվեց:
Նա տեղափոխվեց ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն, ուր մնաց մեկ ամիս: Ապա տեղափոխվեց եւ յոթ օր գտնվեց «Էրեբունի» հիվանդանոցում:
Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում մաշկային բաժանմունքի վարիչ Կարինե Սողոմոնյանը, բժիշկ Դավիթ Հարությունյանը, մասնագետներն արեցին ամեն ինչ, որպեսզի Աստղիկի բաց վերքերը մշակվեն, ոտքերը լավանան: Աստղիկին այդ հիվանդանոցից դուրս գրելուց հետո տեսա ակնհայտ լավ տրամադրությամբ. ոտքերի ուռածությունն անցել էր, վերքերը լավացել, իսկ ձեռքերին ընդհանրապես որեւէ վերք չկար, կար թույլ կարմրություն միայն:
«Էրեբունի» հիվանդանոցում բժիշկներից մեկն ասել էր՝ քեզ հույս մի տուր, թե քայլելու ես: Մինչդեռ, օգնությամբ, նա մի քանի օր կարողացավ մոտենալ տան պատուհանագոգին:
«Ի՞նչ է, այդ բժիշկը երդում չի՞ տվել, չգիտի՞ ցավն ինչ է»,- ասում է Աստղիկը:
Ի դեպ, նա այս տարվա մարտից առաջին կարգի հաշմանդամ է:
Աստղիկի հույսը հիվանդանոցներից տուն գալուց հետո այն էր, թե կհստակեցվի իր բուժման հետագա ընթացքը: Սակայն նրան մենակ ենք թողել: Նա մենակ է իր ցավի առաջ, մենակ՝ իր եւ վեցամյա դստեր հետ, որին այս սեպտեմբերին նա անձամբ դպրոց չի կարողանա տանել: Նա այսօր չի կարողանում գրկել իր փոքրիկին, չի կարող շարժվել, չի կարող անգամ դեղ տալ իր փոքրիկին, որը մանկուց տառապում է երեւանյան հիվանդությամբ:
Նրան այս պահին օգնում է մայրը, որը չգիտի՝ ձեռք մեկնի անհասկանալի հիվանդությամբ տառապող դստերը, նրա փոքրիկին, թե օրեր հետո ազգային բանակ մեկնող նորակոչիկ որդուն, թե ամուսնուն, որն օրնիբուն տան հոգսը հոգալու համար զբաղվում է աթոռների վերանորոգմամբ: Սակայն միակ աշխատողի՝ հոր գումարը գնում է Աստղիկի դեղերի ու նրա դստեր խնամքի վրա: Աստղիկին տեղի բժիշկներն ասել են, թե չեն կարող բուժել: Նա կապվել էր Իսրայելի «Ռամբամ» բուժկենտրոնի հետ, ուր ծանոթանալով հիվանդության պատմությանը, հանձն են առել երեք հազար դոլար գումարով բուժել նրան: Գնալու տոմսը կարժենա 160 000 դրամ: Բացվել է եւս մեկ հույսի ճանապարհ: Իսկ գումարը չկա ու չկա:
Դիմել էր «Ծառուկյան» հիմնադրամին, ասել էին՝ այս պահին գումար չունեն, վարչապետի ֆեյսբուքյան էջին, նա հրավիրել էր իրենց մոտ, սակայն վիճակը չէր պատկերացրել, չգիտեր, որ նա տեղաշարժման խնդիր ունի, սայլակ չկա, հետո հայտնել էին, թե իրենք այդ հարցերով չեն զբաղվում, դիմել էր իրենց տարածքի պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանին, չէր պատասխանել, եւ ըստ Աստղիկի. «լռությունը, լռելն ամենախոսուն պատասխանն էր»: Խոստումներից զերծ չէր մնացել նաեւ ԱԺ նախագահը՝ մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը: Հետո ընտրություններն ավարտվեցին ու ամենքն իր «շարժասայլակով» ապրում եւ փուչ խոստումներով «ապրեցնում» են այլոց:
Հիշեցնեմ, որ առողջ կինն այս վիճակը ձեռք է բերել ծննդաբերելուց հետո: «2011թ. ամռանը թոռնիկիս ծնվելուց հետո մի քանի ամիս անց աղջիկս սկսեց իրեն վատ զգալ, պարզվեց, որ նա տառապում է սիստեմային սկլերոդերմիայով: Հեքիմ Ռազմիկ Անտոնյանի մոտ տանելուց հետո աղջիկս նրա նշանակած դեղերը ընդունել է, ոտքերի վերքերն ավելի շատացան, այդ ժամանակից սկսած՝ աղջիկս չի քայլում»,- ասել էր մեր առաջին հանդիպման ժամանակ Աստղիկին խնամող մայրը:
Մարդուն հաշմանդամ դարձնելու համար իրավական որեւէ գնահատական չի տրվել:
ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Մեր զրույցն ընդհատվեց. Աստղիկի ցավերն այնքան ուժեղ էին, որ նրան ստիպված ցավազրկող տրվեց՝ դեղատնից գնված երկու նիմեսիլ:
«Առավոտ»
13.07.2017