Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տենորին արտասահմանում ներկայացնում է աշխարհահռչակ Մարիա Գուլեգինայի դուստրը

Հուլիս 14,2017 14:30

Սանկտ Պետերբուրգի մշակութային այցեքարտը, առանց երկմտելու կարելի է ասել, 25 տարի առաջ Վալերի Գերգիեւի հիմնած «Սպիտակ գիշերների աստղերը» ամենամյա փառատոնն է: Ժամանակին «Առավոտի» հետ հարցազրույցում մաեստրոն չի թաքցրել իր սերն ու հարգանքը հայ արվեստագետների հանդեպ, ինչի վկայությունն է հիշյալ փառատոնին մեր արվեստագետների, հիմնականում՝ օպերային երգիչների, իսկ 2016թ.՝ նաեւ Էդուարդ Թոփչյանի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությունը: Փառատոնային օրերին (օպերային ու բալետային ներկայացումներ, համերգներ)՝ ամռան երկու ամիսներին, Մարիինյան թատրոնը դառնում է աշխարհի հզոր երաժիշտների հավաքատեղի:

Վերջերս փառատոնին հրավիրված էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը: Նրան ներկայացնելու առանձնապես հարկ չկա. տենորն ընդգրկված է մեր թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում, 2012-ից էլ հանդես է գալիս հեղինակավոր այնպիսի թատրոններում, ինչպիսին են Մոսկվայի «Բոլշոյ», Մարիինյան թատրոնները, ինչպես նաեւ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ եւ այլն:
Անդրադառնալով «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին, նշենք, որ Հովհաննես Այվազյանը Մանրիկոյի դերերգով ներկայացել է Վերդիի «Տրուբադուր» օպերայում՝ ճանաչված օպերային աստղեր Ալեքսեյ Մարկովի (Դիլունա), Եկատերինա Սեմենչուկի (Ազուչենա) ընկերակցությամբ, իսկ ներկայացումը վարել է Պլասիդո Դոմինգոն:
Թեեւ առաջին անգամը չէ, որ անդրադառնում ենք Հովհաննես Այվազյանի արվեստին, սակայն երբեւէ չէինք հետաքրքրվել երգչի մենեջերով:

Այդ առիթով արտիստն ասաց, որ շուրջ երկու տարի է՝ համագործակցում է Նատալյա Նյումենի հետ, որը ճանաչված սոպրանո Մարիա Գուլեգինայի դուստրն է: «Արտասահմանյան ցանկացած հյուրախաղ կազմակերպում է մենեջերս: Նշեմ, որ Նատալյա Նյումենը աշխատում է ընդամենը մի քանի երգիչների հետ, այսինքն՝ նա գործակալության մենեջեր չէ»,- հավելեց մեր զրուցակիցը: Ասաց նաեւ, որ իրենց ծանոթությունը կայացել է Եղեռնի զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցի երեւանյան միջոցառումների ժամանակ: Հիշեցնենք, որ այդ միջոցառումներից մեկի ժամանակ տենորը հանդես եկավ Գուլեգինայի հետ դուետով:

Մարիինյան թատրոնում «Տրուբադուր» ներկայացման ավարտին:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ մեր օպերային թատրոնում այս թատերաշրջանում Պուչինիի «Տոսկա» օպերային (բեմադրող դիրիժոր՝ Ջանլուկա Մարչանո, բեմադրիչ՝ Նաիրե Ստեփանյան), որի առաջին պրեմիերայի ժամանակ Հովհաննես Այվազյանի խաղընկերներն էին լավագույն ձայներից Սիրանուշ Գասպարյանը, Գեւորգ Հակոբյանը եւ այլն: Հետաքրքրությանը, թե գալիք թատերաշրջանում ի՞նչ նոր դեր է պատրաստում, տենորն ասաց, որ դա Պողիկտոսի դերերգն է Դոնիցետիի համանուն օպերայում: «Օգոստոսին Ռադամեսի դերերգով կմասնակցեմ «Արենա դի Վերոնայում» կայանալիք Վերդիի «Աիդա» օպերային ներկայացմանը: Կուզեի հատկապես առանձնացնել իտալացի դիրիժոր Անդրեա Բատտիստոնիի անունը: Երիտասարդ այս արվեստագետը 30 տարեկանում դիրիժորական վահանակի մոտ է կանգնել աշխարհի բոլոր հեղինակավոր թատրոններում»,- հայտնեց Հովհաննես Այվազյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Հովհաննես Այվազյանն
ու Պլասիդո Դոմինգոն:

«Առավոտ»

13.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31