Օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել էր Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի անդամներին եւ նրանց հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղիները, որոնց համար սահմանվել է նախնական ժամանակահատված՝ մինչեւ 2020 թվականը: Դրա համար ֆեդերացիայի առջեւ դրվել են պարտադիր կատարման մի քանի պայմաններ: Միայն դրանք ամբողջովին կատարել-բավարարելուց հետո նախարարությունը կորոշի՝ ֆեդերացիան ընդգրկե՞լ պետական աջակցություն ստացող ֆեդերացիաների ցանկ:
«Առավոտը» զրուցել է Հայաստանի կիոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի հետ:
– Ֆեդերացիան պարտադիր ի՞նչ գործընթացներ պետք է անցնի:
– Դրանք հիմնականում չորսն են, որոնցից երեքը մենք մինչ այդ էլ կատարում էինք. բոլոր մարզիչները պետք է մասնակցեն նախարարության կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, մարզիկները պետք է պարտադիր բուժզննում անցնեն եւ ունենան համապատասխան բժշկական փաստաթուղթ, ֆեդերացիան պարտավոր է ամեն տարի անցկացնել հանրապետության պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների առաջնություններ: Այս երեքը մենք դրանից առաջ էլ անում էինք: Չորրորդ պահանջն այն է, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հավաքական թիմերը պետք է հանդես գան մեկ ընդհանուր հայտով: Մենք ուրախ ենք այսպիսի խիստ պայմանների համար, որովհետեւ նպատակ ունենք կիոկուշինը Հայաստանում դարձնել մրցակցային այն մարտաոճը, որը կհամախմբի կոնտակտային արեւելյան մարտարվեստի մյուս ֆեդերացիաներին:
– Ինչպե՞ս եք պատկերացնում: Դա հնարավո՞ր է:
– Մի քանի կոնտակտային ֆեդերացիա արդեն մեզ դիմել է ու նրանց հետ կհամագործակցենք: Եթե դրանք ներգրավենք մեր շարքեր, ապա մենք էլ լուրջ պատասխանատվություն ենք վերցնում մեր ուսերին: Ես շատ ուրախ եմ, որ սպորտի պետական կառույցը կիոկուշին կարատեն ուզում է ճանաչել որպես առանձին մարզաձեւ: Ինչո՞ւ հենց մենք: Կարծում եմ, հիմնական պատճառներից մեկն այն է, որ կիոկուշին կարատեն միջազգային կազմակերպություն է, պաշտոնապես միավորում է շուրջ 140 երկիր, որոնց մեջ ենք նաեւ մենք, անցկացնում է աշխարհի, մայրցամաքների առաջնություններ, որոնց մասնակցում է 90 եւ ավելի ազգային ֆեդերացիա:
– Հայաստանում արեւելյան մարտարվեստի, մասնավորապես, կարատեի մի քանի տասնյակ ֆեդերացիա կա գրանցված ու բոլորը պնդում են, թե իսկականն իրենք են: Ավելին, ամեն անգամ մի քանի հոգով մասնակցում են իրենց ասելով՝ աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ու որպես կանոն տուն վերադառնում խաղարկված մեդալների հավաքածուների առյուծի բաժնով:
– Շատ կարեւոր հարց բարձրացրիք ու դա իսկապես խնդիր է: Այդպիսի ֆեդերացիաների կամ մարզիչների կոնկրետ անուններ հիմա չտամ: Բայց դրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք ժամանակին հեռացվել են, բայց ստեղծել մի քանի տառի տարբերությամբ՝ անունով նման ՀԿ-ներ: Շատ լավ գիտենք, որ դա կարելի է անել շատ կարճ ժամանակահատվածում: Ու սկսում են աշակերտներ հավաքել, ավելի ճիշտ՝ փախցնել: Ցավոք, դա առայժմ աշխատում է, որովհետեւ երեխաների ծնողները թացը չորից չեն տարբերում: Այդ ՀԿ-ներն ընտրում են այնպիսի մրցաշարեր (դրանք գերազանցապես ակումբային խմբակների մակարդակի են, այլ ոչ թե ազգային հավաքականների), որտեղ կարող են որոշակի հաջողություն արձանագրել՝ մեկ մենամարտով ճանաչվել հաղթող կամ համապատասխան մուծումներ կատարելով գավաթը գնել, մեդալներ ստանալ եւ վերադառնալով հայտարարել աշխարհի չեմպիոնական տիտղոսների մասին: Սա ընդամենը մոլորեցում է: Ես լիահույս եմ, որ այս ամենը փոխվելու է: Այսուհետեւ, ծնողները տեղեկացված կլինեն, որ կա պաշտոնապես գրանցված կազմակերպություն, որը համագործակցում է սպորտի պետական կառույցի հետ, արդեն ունենալու է ազգային հավաքական, որի մարզիկները կարող են մարզական կոչումներ ստանալ, այդ թվում՝ սպորտի վարպետի: Ես ծնողներին հորդորում եմ մինչեւ երեխային կարատեի խմբեր տանելը լուրջ հետաքրքրվեն դրանց իրական կարգավիճակով, նոր որոշում կայացնեն: Կրկին հիշեցնում եմ: Մենք համագործակցելու ենք կոնտակտային այլ ֆեդերացիաների հետ: Եվ եթե նրանք ունեն արժանավոր մարզիկներ, թող գան, մասնակցեն Հայաստանի առաջնությանը, չեմպիոն դառնան, համալրեն Հայաստանի հավաքականը եւ մեր երկիրը պաշտոնապես ներկայացնեն միջազգային տատամիներում ու այնտեղ էլ հաղթեն:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
13.07.2017