ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ իննսուներեքերորդ
ՄԻԱՍԻՆ
Եվ Ֆրունզիկը բաժակը բարձրացրեց ու ժպտալով ինձ ասաց՝ «կենացդ, Արմենչո ջան» եւ ժպտալով ավելացրեց՝ «տոնդ շնորհավոր», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «մի քիչ առաջ լրիվ ուրիշ բան էիք ասում», եւ Ֆրունզիկը զարմացած ինձ հարցրեց՝ «ի՞նչ էի ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում էիք, որ էրեխա չեմ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «որ խմելը թարգել ես, արդեն էրեխա ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «արդեն հանգիստ խղճով կարաս Արմենչոյի համար փուչիկ առնես», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «մնում ա՝ դուք խմելը թարգեք, Ֆրունզիկ ձյաձյա», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «ես չափահաս մարդ եմ, Արմենչո ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ կարելի ա», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «ընդհանրապես կարելի ա, բայց ներկայացումներից առաջ չի կարելի», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «չէ, անհույս ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչն ա անհույս», եւ Ֆրունզիկը ժպտալով ինձ ասաց՝ «խմելն էլ թարգես, մեկ ա՝ էլ էրեխա չես դառնա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «արդեն շատ ուշ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «արդեն շատ ես մեծացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ բայց մեծանալս արաղ խմելու հետ ոչ մի կապ չունի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «առաջին անգամ ե՞րբ ես արաղ խմել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ուղիղ հինգ ամիս առաջ՝ նոր տարվա օրը», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի տարի ա քեզ գիտեմ, միշտ էլ մեծ ես էղել», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «իմ ասածն եք հաստատում» եւ ժպտալով ավելացրի՝ «այսինքն, մեծությունս արաղի հետ ոչ մի կապ չունի», եւ Ֆրունզիկը ժպտալով ինձ ասաց՝ «կարծում եմ՝ դու էսպես մեծ էլ ծնվել ես» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «փուչիկ չառնես», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «բա ի՞նչ առնեմ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «էդ արդեն ինքը պիտի ասի», եւ Ֆելոն ժպտալով ինձ հարցրեց՝ «ի՞նչ առնեմ, Արմեն ջան», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «առաջին աշխատավարձդ որ ստանաս, կմտածենք», եւ Ֆրունզիկը հիացմունքով նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «մեծը մնում ա մեծ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «մեծի համար շատ մեծ բան պիտի առնես, Ֆելո ջան», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ դեպքում իրոք առաջին աշխատավարձիս պիտի սպասեմ», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «Արմենչոյի կենացը խմենք՝ մինչեւ առաջին աշխատավարձդ ստանաս» ու էդ ասելով՝ Ֆրունզիկը տեղից վեր կացավ, բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «կենացդ, Արմենչո ջան», եւ ես լիմոնադով բաժակս խփեցի Ֆրունզիկի բաժակին ու ժպտալով հարցրի՝ «ոչի՞նչ, որ լիմոնադով եմ խմում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ ամեն ինչ կարելի ա, Արմենչո ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էսօր քո օրն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էսօր բոլորիս օրն ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ բոլորս էլ երեխաներ ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բոլորս էլ պաշտպանության կարիք ենք զգում», եւ ես ժպտալով ասացի՝ «դրա համար էլ ուզում եմ, որ բոլորիս կենացը միասին խմենք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց Ալավերդին քո մոտ ա, Արմենչո ջան», եւ ես ժպտալով ասացի՝ «Ալավերդին Ալավերդու շրջանում ա, Ֆրունզիկ ձյաձյա», եւ Ֆրունզիկը հիացմունքով նայեց ինձ, հետո հորս ասաց՝ «էս տղեդ հեչ էրեխա չի», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «դրա համար էլ ուզում եմ, որ իմ ու ձեր կենացները միասին խմենք»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: