Արցախի գյուղնախարարության տվյալների համաձայն` նախորդ տարվա այս ժամանակաշրջանի համեմատ, գարնանացանի ծավալներն աճել են գրեթե երկու անգամ: Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանն ասաց, որ ըստ վերջին տվյալների՝ Արցախում կատարվել է 14734 հա գարնանացան, նախորդ տարվա այս ժամանակշրջանի 7554 հա-ի դիմաց: Նրա խոսքով կատարվել է ցորենի, գարու, հաճարի, եգիպտացորենի, հնդկացորենի, հլածուկի, սոյայի, կտավատի, սիսեռի, ոլոռի, լոբու, սորգոյի, կարտոֆիլի, ծխախոտի և այլ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս:
Անդրադառնալով հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին` նախարարի տեղակալը նշում է. «Արդեն ստացվել է 117042 տոննա ցորենի, գարու և հաճարի բերք՝ 45925 հա ցանքատարածությունից: Դեռևս բերքահավաքի ենթակա է 58045 հա ցանքատարածք»:
Ինչպես նշում է Կարեն Աղաջանյանը` այս տարի ակնկալվում է գերազանցել հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի նախորդ տարվա ցուցանիշը (150 հազար տոննա), որը մինչ այս եղել է ամենաբարձրը:
«Այսօր Արցախում ցորենի միջին բերքատվությունը կազմում է 30-32 ցենտներ/հա, իսկ մի 6-7 տարի առաջ այն կազմում էր 11-13ց/հա»,-ընդգծում է նախարարի տեղակալը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ