Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆայտոնչի Գրիշն իր կառքով զարդարեց «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, բա կարելի՞ է նման մարդկանց ծեծել»․ նախկին միլպետ

Հուլիս 13,2017 22:58

Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանը՝ Լյովա պետը (նա այժմ «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահն է) Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, լեյտենանտ Գոռ Սարոյանի կողմից ֆայտոնչի Գրիշի թոռին՝ 64-ամյա դարբին Սամվել Մուրադյանին ծեծելու դեպքին, ասաց․ «Ես շատ մանրամասներ չգիտեմ  ֆայտոնչի Գրիշի թոռին ծեծի ենթարկելու դեպքից, պատմելուց եմ իմացել  ու չեմ հասկանում՝ էդ ոստիկանը էս եղանակին, էս շոգին ո՞նց է խմում, գոնե հով լինի, մի քիչ ցուրտ լինի (ծիծաղում է.- Ն. Ա.), կամ եթե խմում է, անուշ լինի, քաղաքացուն ինչի՞ են ծեծում կամ ինչո՞ւ են ստիպում, թե սուտ ցուցմունք տուր, ընկել է, չգիտեմ ձեռքն է կոտրել, ոտքն է կոտրել․․․ Ես լավ  գիտեմ թե՛ ֆայտոնչի Գրիշին, թե՛ նրա թոռներին, տան հասցեն էլ գիտեմ․ 14 փողոցի վրա է։ Հիմա չգիտեմ՝ ինչպե՞ս է փոխվել այդ փողոցը, որովհետև ՀՀՇ իշխանություններն իրենց գործունեությունը սկսեցին փողոցների անվանափոխությամբ՝ մտածելով, թե դրանով փոխում են նաև մարդկանց ապրելակերպը․․․

Ֆայտոնչի Գրիշն իր կառքով զարդարեց «Մեր մանկության տանգոն» կինոֆիլմը, ինչքան նորապսակներ են այդ կառքով մտել կյանք, բա կարելի՞ է նման մարդկանց ծեծել․․․

Գիտեք՝ ինչ եմ մտածում․ համայնքները, որ միավորում են, համայնքների պես պետք է ինչ-որ մի բան էլ անեն ոստիկանության հետ։ Ես ժամանակին գտել եմ ու էլի գտնում եմ, որ էդ մարզային վարչություններն ավելորդ օղակներ են ոստիկանությունում, դրանց հաշվին պետք է ուժեղացնել բաժինները քաղաներում, շրջաններում, որպեսզի ավելի ճիշտ կազմակերպվի պայքարը։ Չգիտեմ ինչո՞վ են զբաղվում մարզային վարչության աշխատակիցները, նրանք վերահսկող օրգա՞ն են, պայքարո՞ղ օրգան են, թե ՞ դիտող օրգան են, չեմ կարող ասել․․․Ես մտածում եմ, որ նրանք իրենց գործունեությամբ զրկում են բաժիններին, բաժանմունքներին ինքնուրույնությունից, հանցագործությունների բացահայտման ստեղծագործ մտքից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Hetq.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31