«Ես ուզում եմ խոստովանել սեփական փոքրոգությունը, որը տեղի ունեցավ տարիներ առաջ, երբ մեր թատրոնում պետք է ցուցադրվեր սերբական հայտնի «Պարադա» ֆիլմը: Ես ենթարկվեցի սպառնալիքներին, թե՝ կկոտրեն ապակիները եւ այլն»,-այսօր «Մեդիա Կենտրոնում» ասաց Հ. Թումանյանի անվան պետական տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ԼԳԲՏ համայնքի մասին «Լսիր ինձ» ֆիլմի ցուցադրումից հետո: Հիշեցնենք, որ այս ֆիլմի ցուցադրումն օրերս արգելվեց «Ոսկե ծիրան» փառատոնում:
«Մենք ունենք անհրաժեշտություն իրար լսելու, իրար հասկանալու, որ մենք իրարից չենք տարբերվում, բոլոր մարդիկ չեն տարբերվում անկախ նրանից, թե որտեղ են ապրում, ինչպես են մտածում կամ ինչ սեռական ուղղվածություն ունեն, ինչ կրոնական պատկանելություն ունեն»,-ասաց Ռուբեն Բաբայանը: Եվ ըստ Բաբայանի, «Լսիր ինձ» ֆիլմն ուղղված չէր լսելուն, շեշտը դրված էր մարդկանց տարբերության վրա.«Բայց հոմոֆոբները խոսում են հենց տարբերության մասին եւ դա է իրենց հիմնական զենքը՝ դուք տարբերվում եք մեզանից, ուրեմն՝ դուք չպետք է լինեք, ուրեմն՝ դուք հիվանդ եք, այլասերված եք, որովհետեւ տարբեր եք»:
Բաբայանի կարծիքով՝ եթե ֆիլմը հիմնված լիներ անհատի պատմության վրա, որպեսզի մարդիկ տեսնեին, թե նա ինչպես է ընկերների հետ շփվում, աշխատանքի գնում եւ այլն, գուցե ավելի մեծ եւ դրական դեր կկատարեր, քան 1 ժամ 10 րոպե տեւող այս կարեւոր ֆիլմը, որը սակայն երկխոսություն չի ստեղծում: Բաբայանն օրինակ բերեց սերբական «Պարադա» ֆիլմից, որտեղ ֆիլմի հերոսներից մեկը, որը հոմոֆոբ էր, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին ասում է՝ «Բայց մենք նույնն ենք, մենք հանուն սիրո պատրաստ ենք ամեն ինչի», եւ, ըստ Բաբայանի, սա էր պակասում ֆիլմում:
«Չկա նույնասեռականության ազատամտություն: Ես համոզված եմ, որ կլինեն ե՛ւ ֆաշիստ նույնասեռականներ, եւ ռասսիստ, եւ դաշնակցական եւ հանրապետական: Տարբերությունն այստեղ չէ»,-ասաց Բաբայանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի
վստահաբար կան նաեւ նոյնասեռական տիկնիկներ
հետեւաբար, կ’ակընկալենք այս խիզախ անձնաւորութենէն որ անյապաղ մի սիրուն տիկնիկային ներկայացում պատրաստէ, ուր գոնէ մի տիկնիկ լինի բացէ ի բաց նոյնասեռական
քանզի հարկաւոր է կանուխ տարիքից երեխաները դաստիարակել հանդուրժողական վեհ ու լայն սկզբունքներով