Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնատուն Գյումրիում՝ ՀՀԿ-ի խնայողությունների հաշվին․ Միքայել Սրբազանը հասավ իր նպատակին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 13,2017 21:43

Այսօր «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը առանձնատներ հանձնեց  «Բարեկամության այգու» տնակային թաղամասի փտած տնակներում տարիներ շարունակ  ապրած երկու անօթևան ընտանիքների։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց վերոհիշյալ հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը, հիմնադրամն արդեն 21-րդ սոցիալական բնակարանն է տրամադրել շահառուներին։ Այսօրվա առանձնատներից մեկը, ըստ Ղարիբ Հարությունյանի,  ՀՀԿ-ի նվիրատվությունն է։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նախաձեռնություն ուներ «Մեկ կուսակցություն-մեկ բնակարան», դիմել էինք բոլոր կուսակցություններին, որոնք առաջադրվել էին Ազգային ժողովի ընտրություններում, արձագանք ստացել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և ՀՅԴ-ից։ՀՀԿ-ն նախընտրական միջոցներից գումար տրամադրեց հիմնադրամին, որով ձեռք բերեցինք այս տունը։ Սպասում ենք ՀՅԴ-ի նվիրատվությանը, որպեսզի առաջիկայում «Բարեկամության այգու» տնակային  ընտանիքներից մեկին  նվիրաբերենք։ Այսօրվա  առանձնատներից մեկի արժեքը մոտ 5, 5 միլիոն դրամ է,՝  ներառյալ եկամտային հարկը»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։ Վերջինս ասաց, որ առանձնատերը ընտրվել են՝ անօթևան ընտանիքների կամքը հարցնելով։

Այսօր պաշտոնապես հանձնվող երկրորդ առանձնատունը ևս ձեռք էր բերվել հիմնադրամի միջոցներով, այստեղ, սակայն մասնակցություն են ունեցել տարբեր նվիրատուներ, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները ևս  ամեն ամիս մասնակցություն են ունենում, նրանց  աշխատավարձից որոշակի գումար է պահվում։ Երկրորդ առանձնատան արժողությունը 4 միլիոն դրամ է։

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի ասելով էլ, երբ ինքը ԱԺ ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում գլխավորում էր ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իր մոտ է հրավիրել ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին կլոր սեղանի շուրջ՝ առաջարկելով անօթևանների համար բնակարանների ձեռք բերման հարցում մասնակցություն ունենալ։ Ըստ Սամվել Նիկոյանի, տեսնելով, որ գործի գլուխ կանգնած է  Սրբազանի պես հարգարժան անձը, հարցն անմիջապես քննարկման են դրել ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ու որոշել են ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի միջոցներից գումար խնայել ու փոխանցել հիմնադրամին։

Երկու ընտանիքներն էլ  ցնծության մեջ էին, երկուսն էլ անչափահաս երեխաներ ունեն տանը։ Մինասյանների ընտանիքը, որի համար ձեռք բերվեց Կ․ Դեմիրճյան փողոց 60 տունը, բաղկացած է 6 անդամներից՝ հայրը, մայրը, 3 դուստրերն ու թոռնիկը։ Իսկ Հնոցավան 1-ին շարք, տուն 22/1 հասցեի նոր տերերը՝ Սարգսյանների ընտանիքը 3 անձից է բաղկացած՝ մայրը, ու թոռնուհին։ Փոքրիկ աղջիկը, անակնկալի բերելով իրենց տուն հյուընկալված ՀՀԿ-ականներին, քաղաքապետարանի պաշտոնյաներին ու Միքայել Սրբազանին, «ի՞նչ ես դառնալու հարցին» հպարտորեն պատասխանեց՝ զինվորական։

Սամվել Նիկոյանին, սակայն, այնքան էլ դուր չեկավ Հանրապետական կուսակցության միջոցներով Մինասյանների ընտանիքի համար գնված առանձնատունը, թեև տանտերը նրան հանգստացրեց, որ ներքին հարդարման աշխատանքներն իր ձեռքով կանի ու երեք ամսի անց տունը ձևափոխի, անճանաչելի կդարձնի։

Միքայել Սրբազանն էլ երկրորդ տունը ստացող ընտանիքին հորդորեց կնքել փոքրիկ աղջկան։ Նա, դիմելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանին, կատակեց, թե այսուհետ անկնունքներին չընդգրկեք ծրագրում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31