Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, էդ ինչքա՞ն պիտի մարդը հիշողությունը կորցրած լինի, այսինքն, էդքան անճա՞ր ենք». Բախշյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին

Հուլիս 13,2017 20:56

«ՀՀԿ-ն հասարակությանը կարծես արդեն պատրաստում է այն ինֆորմացիային, որ իմացեք՝ Սերժ Սարգսյանն է 2018-ին լինելու է վարչապետ: Ինձ համար շատ կարեւոր է այդ ամենի օրինականությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա ընդգծեց, որ մեր երկիրը խորհրդարանական կառավարման է անցնում, եւ վարչապետի դերը դառնում է առաջնային. «Սերժ Սարգսյանը արդեն անհիշելի ժամանակներից այս պետության տարբեր ղեկերին է եղել, եւ 10 տարի եղել է նախագահ: Ես չեմ ուզում իրեն տեսնել՝ որպես վարչապետ, որովհետեւ հատկապես վերջին 10 տարիների ընթացքում ինքը շատ բաներ է ասել, խոստացել, ծրագրել, ելույթ ունեցել, նախընտրական խոստումներ տվել, բայց չկա մի բան, որ ես ասեմ՝ էս մարդն ասեց ու արեց: Ուզում եմ հիշել, բայց չեմ հիշում: Հիմա այդքանից հետո նորից վստահե՞լ: Լավ, էդ ինչքա՞ն պիտի մարդը հիշողությունը կորցրած լինի, այսինքն, էդքան անճա՞ր ենք, էդքան կադր չունե՞նք: Ես Կարեն Կարապետյանի հետ էլ համամիտ չեմ, իմ ասածից չի հետեւում, որ թող Կարեն Կարապետյանը լինի: Ափսոս, որ դա ընտրովի պաշտոն չի, եւ մնալու ենք ՀՀԿ-ի հույսին, շատ ափսոս: Ես կուզեի այդ դերում այլ մարդու տեսնել, որին գոնե չէինք ճանաչել, դեռ չգիտենք ինչպիսին է, ինչպես կաշխատի, ինչպես կղեկավարի, բայց հո Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին տեսել ենք»:

Հիշեցնենք, որ տիկին Բախշյանի թիմակիցը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ճիշտ կլինի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Նա ասել էր, որ անընդհատ վարչապետ ենք փոխում ու որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում ժողովրդի առջեւ, ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի` այդ ամենին վերջ տալով:

Մեր հարցին՝ դուք Սասուն Միքայելյանի այդ տրամաբանությունը ինչքանո՞վ եք ճիշտ համարում՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ինչ-որ տեղ իսկապես ճիշտ է ասում, որովհետեւ մեկ է, ՀՀԿ-ի թեկնածուն է լինելու, դե որ այդպես է, թող ինքը շարունակի, թող վարչապետ աշխատի, տեսնենք ինչ է անելու, չնայած վարչապետ նա արդեն աշխատել է մինչեւ նախագահ լինելը, տեսել ենք: Սասունի ասածների մեջ տրամաբանություն կա, բայց ես չգիտեմ՝ ինչքա՞ն կարող ենք մենք դիմանալ: Ես կուզենայի հատ-հատ թվել Սերժ Սարգսյանի ասած որոշ մտքեր, որոնք ես լսել եմ եւ ասել եմ՝ վա՜յ, էս ինչ լավ է, ու հետո ինչ հիասթափություն եմ ապրել՝ 2008-ից սկսած: Մարտի 1-ից հետո իր խոստումները, էն որ խոսքի ու գործի տաբերություն չպետք է լինի, այդ ճառը, կարող եմ թվել` ինչ խոստումներ է տվել, բայց այլեւս մի մազաչափ տեղ չկա, որ ասեմ՝ կարող է մարդը այս անգամ անի: Չկա, չի թողել տեղ: Այս ընթացքում այնքան բան ենք կորցրել, որ…: ՀՀԿ-ի տարբերակը չեմ ուզում, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ Սասունը ճիշտ է ասում»:

Տիկին Բախշյանին փոխանցեցինք, թե մամուլում ու սոցցանցերում Սասուն Միքայելյանին ինչպես են քննադատում՝ իր այդ հայտարարության համար, հեգնում են, որ «ասում էիք` ելք կա, փաստորեն ձեր ելքը Սերժ Սարգսյանն է»: Ու հիմա էլ Բախշյանն է համաձայնվում Սասուն Միքայելյանի հետ: Տիկին Բախշյանի մեկնաբանությամբ՝ «չեն խորանում, քննադատում են, իմ տեսակետը ես ասացի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31