Այսօր դատարան էր եկել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ աջակցելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին, որը մեղադրվում է «Սասնա ծռերին» գործի շրջանակներում:
Եղնուկյանը դատարանում իր ելույթում խոսել էր քաղբանտրակյալների մասին: Մեր հարցին՝ Եղնուկյանն ասաց, որ քաղբանտարկյալների թվով Ադրբեջանի հետ ենք արդեն հավասարվում, համամի՞տ եք նրա հետ եւ Կարո Եղնուկյանին քաղբանտարկյա՞լ եք համարում, Հայրիկյանը պատասխանեց, որ Եղնուկյանը դասական իմաստով քաղբանտարկյալ է. «100 տոկոսանոց քաղբանտարկյալ է ինքը»:
Հայրիկյանը զուգահեռ տարավ իր եւ Եղնուկյանի դեպքերի միջեւ՝ հիշեցնելով, որ Սովետական միության ժամանակ էլ ինքն է եղել քաղբանտարկյալ՝ ազատության համար պայքար մղելով. «Օրվա իշխանությունները ինձ գնահատում էին որպես պետական հատուկ վտանգավոր հանցագործ, այդ նույն իշխանությունները 90 թվականին ինձնից ներողություն խնդրեցին: Ճիշտ է, շատ տարիներ անցան, ես մի քանի անգամ դատվեցի, բայց գրավոր ե’ւ դատախազություն, ե’ւ դատարանը ներողություն խնդրեցին: Հիմա այդ փորձառությունը հաշվի առնելով՝ ի՞նչ կարիք կա, որ հետո ՀՀ իշխանությունները ներողություն խնդրեն, ավելի լավ չի՞ հիմիկվանից խելքները գլուխները հավաքեն եւ նաեւ իրենց շահերի տեսակետից իրենց պահեն պարկեշտ, օրինավոր գործելակերպով: Ի՞նչ է նշանակում՝ կնոջ հետ խոսելուց դու նպաստել ես պատանդ պահելուն»,-ասաց Հայրիկյանը՝ նկատի ունենալով Կարո Եղնուկյանի գործի հանգամանքները:
Հայրիկյանը Եղնուկյանի դատին ընկել է հիշողությունների գիրկը, նա հիշեց, թե ինչպես էր ժամանակին էլ պետական անվտանգության կոմիտեն իրեն մեղադրում կալանավորների մասին լուրերն արտասահման ուղարկելու մեջ. «Մեղադրում էր այն բանում, որ ես կալանավորված մարդուն հորդորել էի ցուցմունք չտալ, կալանքից հետո 40-րդ օրը հացադուլ էր արել, դիմել էր ՄԱԿ, հանձնաժողով պահանջել, դա ամենալուրջ մեղադրանքն էր իմ հանդեպ: Հանկարծ դատավորը համարձակվեց հայտարարել, որ ապացուցված չի, որ Հայրիկյանն է այդ լուրերն ուղարկել: Եթե անգամ Հայրիկյանն է ուղարկել, մեղադրող կողմը չի նշում,թ ե ինչումն է այդտեղ հակասովետականությունը: Այսօր նույն իրավիճակում Կարո Եղնուկյանն է, Սովետական ժամանակների դատարանն ասում էր՝ դուք չեք ապացուցել, որ այդ լուրերն ուղարկելն իր մեջ պարունակում է հակասովետական տարր, նույն բանը Կարոն է ասում, բայց հիմա ավելի կեղտոտ դատական համակարգ ունենք, քան նույնիսկ Սովետի ժամանակ, ինձ համար դա այսօր բացահայտեցի, սարսափելի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Միգուցէ պայքարես, որ “սովետը” հետ գա՞, պ. Հայրիկյան: :)))))