Լրահոս
Օրվա լրահոսը

Եղնուկյանը դատարանում համեմատական տարավ պատժից ազատված Լիսկայի, Հրազդանի քաղաքապետի որդու եւ քաղբանտարկյալների միջեւ

Հուլիս 13,2017 18:23

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանը, քննելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքը, որ իրեն մեղսագրվում են արարքներ, բայց մեղադրանքի բնույթը, հիմքը իրեն չի պարզաբանվում, խախտվել են իր իրավունքները, մերժեց այն:

Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 եւ 219 հոդվածներով՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Այսօր դատարանում Կարո Եղնուկյանը իր բողոքը ներկայացնելիս խոսեց քաղբանտարկյալների եւ տիրող անարդարության մասին: Նա մի քանի համեմատություն արեց, թե ինչպես են որոշ մարդիկ իրենց քաղաքական  հայացքների համար կալանավորվում, իսկ «արտոնյալները», լուրջ հանցանք կատարելով՝ ազատ են արձակվում. «Օրինակ, Վարդան Պետրոսյանը ենթարկվեց նախնական կալանքի, բայց Հրազդանի քաղաքապետի տղան նույն արարքը կատարելու համար, նաեւ դեպքի վայրից փախուստի դիմելով հանդերձ չկալանավորվեց: Կամ Լիսկան չենթարկվեց նախնական կալանքի՝ կնոջը հարվածելու համար, բայց Գեւորգ Սաֆարյանը կալանավորվեց՝ չապացուցված հարվածի համար»:

Կարո Եղնուկյանը դատավորին խորհուրդ տվեց, որ էլ ավելի չխորացնի իր՝ քաղբանտարկյալ լինելու փաստերը եւ արդար որոշում կայացնի: Նա ասաց. «Եթե ինձ չեք ուզում լսել, բարի եղեք լսել ձեր հրամանատարի՝ Սերժ Ազատի Սարգսյանի խոսքերը: Նա իր ելույթում դատախազներին ասում էր՝ կասկածից վեր է, որ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը պետք է հիմնավորված լինի, սակայն դրա կարեւորագույն նախադրյալներից մեկը համապատասխան որակյալ միջնորդության առկայությունն է: Այստեղ է, որ  դատախազությունը յուրօրինակ միջանկյալ օղակ պետք է լինի նախաքննական  մարմնի եւ դատարանի միջեւ՝ երկրում խնդիր լուծելու միտումով»:

Եղնուկյանը հայտարարեց, որ այսօր անարդարության դեմ պայքարի նոր փուլ են հայտարարում եւ կոչ արեց մարդկանց, որ ինչ ջանասիրությամբ հայրենիքի սահմաներն են պաշտպանում, այդպես էլ պետք է պաշտպանեն արդարությունը. «Դավաճանություն պետք է համարել ցանկացած մեկի, առավել եւս՝ դատավորի թույլ տված անարդարությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31