Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնոջս հետ խոսակցություն եմ ունեցել «Սասնա ծռերի»՝ ուտելիքից թունավորված լինելու մասին». Եղնուկյանը՝ պատանդ պահելուն աջակցելու մասին

Հուլիս 13,2017 18:17

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 եւ 219 հոդվածներով՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանը մերժեց Եղնուկյանի բողոքը առ այն, որ իր իրավունքներն ու ազատությունները խախտվել են, խախտվել է մեղադրանքի հիմքը եւ բնույթը պարզաբանելու իրավունքը:

Եղնուկյանի խոսքերով՝ «մինչեւ այս պահը ես տեղյակ չեմ, թե ինչի մեջ են ինձ մեղադրում, ես գաղափար անգամ չունեմ, թե ինչ գործողություններ են ինձ մեղսագրված, ասում են, որ Ազատության հրապարակից անձ եմ տեղափոխել, չեն ասում՝ ի՞նչ միջոցով: Մեղադրում են, թե մասնագիտական տեղեկություներ եմ փոխանցել, թե ի՞նչ տեղեկություններ են դրանք, չեն ասում: Ես չեմ կարող մեղքս ընդունել»:

Նա հայտարարեց՝ ես քաղբանտարկյալ եմ, նաեւ՝ շնորհիվ այս դատարանի:

Դատարանում իր բողոքը ներկայացնելով՝ Եղնուկյանը խոսեց առհասարակ քաղբանտարկյալների մասին: Նրա խոսքերով՝ «Իշխանությունները փորձել են մեղադրանքներով քողարկել ընդդիմության քաղաքական պայքարը: Ուժային կառույցները, դատաիրավական ամբողջ համակարգը եւ ընդհանրապես իշխանությա ներկայացուցիչները միշտ պետք է ի պաշտոնե ասեն, թե ՀՀ-ում քաղհալածյալ չկա եւ միշտ պետք է հղում անեն Քրեական օրենսդրությամբ առաջադրված մեղադրանքներին՝ որպես ապացույց, որ իբր Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվել է խաբեության մեջ, իբր Շանթ Հարությունյանը խուլիգանության մեջ, իբր Կարո Եղնուկյանը պատանդ եւ շենք-շինություններ պահելուն օժանդակության մեջ եւ այլն»:

Ըստ Եղնուկյանի, Հայաստանը, ճիշտ է, Ադրբեջանի պես բռնապետական երկիր չէ, բայց  Ադրբեջանից հետ չի մնում քաղբանտարկյալների քանակով: Ըստ նրա, գործ են սարքում եւ քաղհալածյալին մեղսագրում քրեորեն պատժելի արարք, որը չի կատարել, կամ դրդել են, որ կատարի:

Նա դատարանում ասաց. «Օգտվելով այն հանգամանքից, որ ՊՊԾ գունդը գրավածները եւ ես մի քանի րոպեանոց իրենից բան չներկայացնող հեռախոսազանգ ենք ունեցել գնդում գտնվող երկու անձի հետ, մեղադրվում եմ պատանդ եւ  շենք շինություն պահելու օժանդակության մեջ: Նույնիսկ Ֆելինիի երեւակայությունը չէր դիմանա այն «փաստերին» եւ անհիմն եզրակացություններին, որ մեղսագրվում է ինձ: Օրինակ, կնոջս հետ խոսակցություն եմ ունեցել՝ կապված «Սասնա ծռերի» 3 հոգու՝ ուտելիքից թունավորված լինելու մասին:  Քննիչը եւ դատախազը այս խոսակցությունը վերագրում են նրան, որ ես ցանկացել եմ ոստիկանությանը վարկաբեկել, որն իր հերթին անհասկանալի տրամաբանությամբ վերագրում են որպես օժանդակություն՝ պատանդներ եւ շենք-շինություն պահելու մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31