Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Հայկուհի Բարսեղյանը ահազանգել էր, որ «Բիոկաթ» ընկերության կաթնաշոռում մազ ու ճանճ է գտել: Ասում է սա առաջին դեպքը չէ, որ կաթնամթերքի մեջից «օտար մարմիններ է» հայտնաբերում:
-Ես միշտ իրենց ֆիրմայից էի գնում եւ իրենց կաթնամթերքը շատ էի սիրում: Երեկ երեկոյան գնեցի, այսօր բացեցի եւ մազ ու ճանճ եմ գտել: Գարնանն էլ մի անգամ էլի նույն՝ անյուղ կաթնաշոռի մեջ մազ էի գտել: Մի 3-4 ամիս էլ չգնեցի, հիմա նորից սկսեցի առնել: Բայց համոզվեցի, որ պետք է չառնեի:
Ասում է՝ նախորդ անգամ իրավիճակի մասին չի բարձրաձայնել, մտածելով, որ պատահականություն է: Բայց այս անգամ համապատասխան մարմիններին է դիմելու. «Այսօր ճշտեցի, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի ներկայացնեմ, վաղն առավոտյան դիմումս ուղարկելու եմ սննդամթերթի անվտանգության տեսչություն»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկուհին:
Aravot.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Բիոկաթ» ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն մեզ տեղեկացրեցին, որ ընկերության տնօրենը տեղում չէ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Հայկուհի Բարսեղյանի ֆեյսբուքյան էջի