Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեզվակռիվ դատարանում. դատավորը ստիպված եղավ փոխել դահլիճը (Տեսանյութ)

Հուլիս 13,2017 17:47

Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատավարությունն այսօր Շենգավիթի դատարանում անաղմուկ չանցավ: Գործը, հիշեցնենք, նյութերի հետազոտման փուլում է: Նախկին դատավորը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Կա տեսագրություն:

Պաշտպանական կողմը հայտարարում է, որ նախաքննական մարմինը հապճեպ քննություն է կատարել, միջնորդում են, որպեսզի ավելի հին ամսաթվով վերծանումներ ստացվեն: Գործում, նկատենք հոկտեմբերի 26-28-ի հեռախոսային խոսակցությունների վերծանումներն են: Դատախազն առարկեց:

Ի դեպ, նիստն ընթանում էր առաջին դահլիճում, որն ապակե պատով բաժանված է: Դահլիճում նստած անձինք եւ լրագրողները փորձում էին մի կերպ ընկալել`ի՞նչ է կատարվում ապակե պատից այն կողմ, քանի որ բարձրախոսներն արձագանքում էին եւ արտաբերված բառերը չէին հասկացվում:

Պաշտպանական խմբից Վլադիմիր Գրիգորյանն այս առիթով դժգոհություն հայտնեց`նկատելով, որ առաջին անգամ չէ, որ չի ապահովվում պաշտպանական կողմի խոսքը. «Սա երեւի նպատակ է հետապնդում հանրային ուշադրությունը զերծ պահել պաշտպանական կողմի փաստարկներից`առաջ մղելով այն, որ կա տեսանկարահանում`ինչ-որ մեկը տալիս է, ինչ-որ մեկը վերցնում է, դե փաստ է, էլի…»: Նա հիշեց երկրի նախագահի մայիսի 18-ի ելույթը, որտեղ շեշտը դրվում էր օրինականության վրա եւ դատարանին հորդորեց ականջալուր լինել նախագահի խոսքին:

Լրագրողները նույնպես ընդվզեցին, որ չեն կարողանում նորմալ աշխատել, քանի որ դահլիճում լավ չէր լսվում:

«Մոտիկից խոսեք»,- պաշտպաններին հորդորեց դատավորը:

«Ես դերասան չեմ, որ մոտիկից խոսեմ»,- նետեց Վլադիմիր Գրիգորյանը:

Այս երկխոսությունը սահուն վերաճեց լեզվակռվի, որին խառնվեցին նաեւ լրագրողները, դահլիճում նստած մարդիկ: Դատավորը ստիպված եղավ դահլիճը փոխելու որոշում կայացնել, այն բանից հետո, երբ լրագրողները հայտարարեցին, որ լքում են դահլիճը:

Դահլիճը փոխվեց, բայց դատավորը նեղսրտեց`ասելով, որ դահլիճում ներկաները իրեն ասել են, թե լավ էլ լսվում էր:

Պաշտպան Վարդուհի Էլբակյանը տարակուսեց. «Այսինքն, լրագրողները, դահլիճում նստածները ստո՞ւմ են»:

Պաշտպանները շեշտադրում էին անում այն փաստին, որ քննչական գործողությունները արվել են դատավարական կարգի խախտմամբ: Վլադիմիր Գրիգորյանն անգամ Հակոբ Պարոնյանին հիշեց. «Փոխարեն կոշիկը ոտքին հարմարեցվի, ոտքն է կոշիկին հարմարեցվում»:

Հեռախոսահամարների եւ դրանց ելքային զանգերի ու զանգի կատարված վայրի հրապարակումներից երեւում էր, որ հաճախ միեւնույն համարից մեկ-երկու րոպե տարբերությամբ ելքային զանգեր են կատարվել`քաղաքի տարբեր վայրերից: Նաեւ, Նորիկ Հակոբյանը, ում օգտին իբր վճիռ կայացնելու համար Իշխան Բարսեղյանը ստացել է կաշառքը, երկու հեռախոսահամար ունի: Նա համաձայնություն է տվել իր մեկ հեռախոսահամարի խոսակցությունների վերծանման համար, նախաքննական մարմինը, չգիտես ինչու, վերծանել է մյուս հեռախոսահամարի խոսակցությունները:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31