«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցները մի քանի օր է դադարեցրել են դեռ նախորդ ամիս գործարանի մուտքի մոտ սկսած շուրջօրյա հերթապահությունը: Քիմպրոմցիները մոտ մեկ ամիս փակել էին գործարանի մուտքը՝ բացառելով որեւէ մեքենայի մուտքը տարածք: Նրանք պահանջում են վճարել 2011 թվականի իրենց 4 ամսվա աշխատավարձերը եւ վերջնահաշվարկը:
Մի քանի օր առաջ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը հանդիպել էր նրանց հետ, խոստացել, որ մինչև հուլիսի 21-ը աշխատավարձի խնդիրը կլուծեն:
«Ասատրյանը եկավ, մեզ ասեց, որ եթե ցուցակը ներկայացնեք, ես 7 օրվա ընթացքում հարցը կլուծեմ: Մենք էլ հենց հաջորդ օրը ցուցակը ներկայացրել ենք: Մենք իրեն ասեցինք, որ 15 օր ժամանակ ենք տալիս, եթե մեր հարցը այդ օրերի ընթացքում չլուծվեց, մենք գալիս ենք դարպասները փակելու: Ինքը ասեց, որ վերեւներում խոսացել է եւ հարցին լուծում պետք է տրվի»,- մեզ հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակից Աշոտ Ղազարյանը:
Նախկին աշխատակիցները խոստանում են, եթե նշված ժամանակահատվածում խնդրին դրական լուծում չտրվի, իրենք միաժամանակ շուրջօրյա հերթապահություն են իրականացնելու ոչ միայն ՋԷԿ-ում, այլեւ «Քիմպրոմի» տարածքում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ