Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ Սամվել Ալեքսանյանին. «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը 5 տարի է անօրեն կերպով երեխաներին զրկել է իրենց համար հաճելի միջավայրից

Հուլիս 13,2017 16:11

Սամվել Ալեքսանյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր

Հարգելի պարոն Ալեքսանյան

2005թ. «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենք»-ով արգելվել է ՆՈՒՀ-երի շենքերի սեփականաշնորհումը, սակայն 2009 թվականի ապրիլի 30-ին Մալաթիա Սեբաստիա համայնքի սեփականությունը հանդիսացող Լենինգրադյան 33 հասցեում գտնվող գործող համայնքային «Պարտեզ» մանկապարտեզը «Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով» 50 տարով «ժամանակավոր անհատույց» օգտագործման է հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որի նախագահը Դուք եք:

Գործող մանկապարտեզը 2012 թվականից մինչ օրս չի գործում այն դեպքում, երբ այն քաղաքի լավագույն մանկապարտեզներից էր համարվում թե՛ շենքային պայմաններով, թե՛ իր երեխայակենտրոն միջավայրով, թե՛ հարմարություններով, իսկ «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը 5 տարի է անօրեն կերպով երեխաներին զրկել է իրենց համար հաճելի միջավայրից, երբ բազում երեխաներ այս պահին զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից:

2003 թվականից Դուք ՀՀ օրենսդիր մարմնի անդամ եք, կողմ եք քվեարկել 2005թ. ընդունված «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենք»-ին ու ի հեճուկս ՀՀ օրենքի պահանջի, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ձեր համախոհների հետ միասին անհատույց սեփականաշնորհել եք անթույլատրելի գույքը, խախտել եք օրենքը ու չեք կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ գույքն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան:

Ձեր այս քայլով Դուք ընդամենն ապացուցում եք, որ Ձեզ համար ԱԺ պատգամավոր լինելը ծառայեցնում եք սեփական շահերին՝ հեղինակազրկելով ՀՀ Ազգային Ժողովի սահմանադրական դերը: Դուք իհարկե օգնում եք մալաթիացիներին, սակայն նկատեմ, որ այդ անհատույց ստացած մանկապարտեզի շենքի արժեքը գուցե շատ ավելին է, քան Ձեր օգնությունը, որը սակայն երբեք Ձեզ արտոնություն չի տալիս շրջանցել ՀՀ օրենքներն առնվազն այնքանով, որքանով որ Դուք, որպես ՀՀ օրենսդիր մարմնի անդամ, պարտավոր եք գործել միմիայն օրենքի շրջանակներում:

Նշեմ, որ Մալաթիա-Սեբաստիա նախկին համայնքի ավագանու վերոնշյալ որոշումը հակաօրինական է, իսկ պայմանագիրը կիսատ պռատ փաստաթուղթ է, որտեղ ոչ մի ժամկետ նշված չի, չի նշված, թե ի՞նչ ծավալով են իրականացվելու բարենորոգումները, թե քանի՞ երեխայի համար ու երբվանի՞ց է գործելու մանկապարտեզը, ի՞նչ կարգավիճակ է ունենալու, ծառայությունները երեխաներին վճարովի՞, թե՞ անվճար են տրամադրվելու:

Բնականաբար հարց է առաջանում, թե ո՞վ է պատասխանատվություն ստանձնելու տարիներ շարունակ մանկապարտեզի անգործության համար:

Խնդրում եմ տրամադրել հետևյալ հարցերի հանգամանալի պատասխանները.

·         Ե՞րբ է սկսվելու և ավարտվելու մանկապարտեզի հիմնանորոգումը.

·         Ի՞նչ ծավալով են իրականացվելու բարենորոգումները՝ տարածքի ամբողջությա՞մբ, թե՞՝ նրա մի մասի.

·         Ի՞նչ իրավական կարգավիճակ է ունենալու մանկապարտեզը.

·         Վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով է այն գործելու:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31