Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանն Արցախը ՀՀ մարզ անվանեց (Տեսանյութ)

Հուլիս 13,2017 15:28

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկրորդ անգամ սանկցիա կիրառեց ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանի հանդեպ: Ապա ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանը հայտարարեց՝ «վեր ենք կենում ու գնում, քանի որ մեր ընկերներին չեք վերադարձնում նիստերի դահլիճ»: Հիշեցնենք, որ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար մյուս ամբաստանյալները, բացի Թաթուլ Թամրազյանից, Հովհաննես Հարությունյանից եւ Արամ Մանուկյանից, որոշակի ժամանակով հեռացվել են նիստերից:

Դատավորն ասաց, որ Թամրազյանին չի թույլատրում հեռանալ: Թամրազյանը, սակայն, չլսեց ու հեռացավ, ինչի հետեւանքով դատավորը նրա հանդեպ էլ սանկցիա կիրառեց՝ վեց ժամով հեռացնել նիստերից:

Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը եւս հեռացավ՝ պատճառաբանելով, որ առանց իր պաշտպանյալի չի կմասնակցի նիստերին: Մարգարյանի հանդեպ եւս սանկցիա կիրառվեց:

Ապա հերթը ամբաստանյալներից Արամ Մանուկյանի ինքնությունը ճշտելուն հասավ: Դատավորը հրապարակեց նրա անձնագրի տվյալներն առ այն, որ ծնվել է ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտում: «ՀՀ մարզ Արցախում»,-ուղղեց Արամ Մանուկյանը: Նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը պարզաբանեց՝ Արամ Մանուկյանը հայկական երկու պետությունները որպես մեկ ամբողջություն է համարում:

Այնուհետեւ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց ամբաստանյալների պաշտպաններից Դավիթ Գյուրջյանի, Երվանդ Վարոսյանի, Գրիշա Բալասանյանի, Լուսինե Սահակյանի եւ Արայիկ Պապիկյանի գրությունն առ այն, որ իրենք լքում են դատարանը, քանի որ դատավորը հրաժարվում է վերացնել իրենց պաշտպանյալների հանդեպ սանկցիան:

Նիստը կրկին ընդմիջվեց, որպեսզի դատավորը նշյալ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու նպատակով որոշում կայացնի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31