«Անտիկյան» ցուցասրահն ու Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանը հուլիսի 12-ին ներկայացրին Լիլիթ Սողոմոնյանի գրաֆիկական աշխատանքներն ու նկարազարդ ափսեները:
Լիլիթ Սողոմոնյանի աշխատանքները ներկայացված են նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում։
«Իմ արվեստն ինքնամփոփ է, շատ անձական արմատներ ունի, եւ բավարարվում եմ, երբ նախ ինձ է բավարարում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Սողոմոնյանը: Նրա խոսքով, շատ ճիշտ է, որ նկարիչը նաեւ դրսում ցուցադրվի, այլ մենտալիտետի պարագայում իր խոսքը ասի.«Այդպես եւ դու ես սովորում, եւ քեզ են հետաքրքիր դիտում: Եվ երբ նկարիչը, ստեղծագործող մարդը վերադառնում է, արդեն փոխվում է իր ասելիքը, քանի որ ամեն ինչ անդրադառնում է մեզ վրա: Եվ եթե դու բաց ես, պատրաստ ես ընդունել, չի կարող այլ երկրի մշակույթը քո կողքով անցնել, եթե անգամ մեկ շաբաթ գտնվել ես այլ երկրում»:
Հավելենք, որ 1989թ-ից Լիլիթ Սողոմոնյանը մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Իտալիայում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Քուվեյթում, Ռուսաստանում:
Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում, Վաշինգտոնում, Երևանում, Մոսկվայում եւ Սան Ֆրանցիսկոյում: Արվեստագետները Լիլիթ Սողոմոնյանի նկարչությունը անվանում են անկեղծ նկարչություն: Aravot.am-ի հետ զրույցում նկարչուհին նշեց, որ Անտիկյան ցուցասրահի նախաձեռնությունն էր ցուցահանդեսի կազմակերպումը, ինչին ինքը սիրով է արձագանքել. «Ինձ հետաքրքիր էր աշխատանքներս ներկայացնել այլ միջավայրում, ոչ թե սովորական ցուցահանդեսային դահլիճում»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ կարեւորում է բոլորի կարծիքները, բայց ամենամեծ քննադատը համարում է զավակին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ