Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է հուլիսի 9-ին Գյումրու «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ 35-ամյա Ս․Հ-ին դանակահարելու մեջ կասկածվող անձին։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, կասկածյալը 21-ամյա Կ․Հ-ն է, որը Գյումրու Շչեդրինի փողոցում վիճաբանել, այնուհետ կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել Ս․Հ-ի կրծքավանդակին։ Վերջինս Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխվել կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ։ Հուլիսի 9-ին, ժամը 20-ին ոստիկանության «Մուշ»-ի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել այս մասին, ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Ժամեր անց կասկածյալը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության «Մուշ»-ի բաժին։ Նա խոստովանել է, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք հասցրել Ս․Հ-ին։Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Ս․Հ․-ի դանակահարության մեջ կասկածվողը նրա քրոջ հարևանն է։ Վերջինս շրջապատում հայհոյանքներ է հնչեցրել, Ս․ Հ․-ի քույրն էլ խնդրել է եղբորը՝ կարգի հրավիրել նրան։ Ս․ Հ․-ն էլ, իր հետ վերցնելով քրոջ 10 տարեկան տղային՝ գնացել է շինանյութի խանութի մոտ՝ վերջինիս զգաստացնելու, հասկացնելու, որ կանանց ներկայությամբ չեն հայհոյում, վիճաբանություն է սկսվել նրանց միջև, որն ավարտվել է դանակահարությամբ։
Ի դեպ, մենք Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ստացած Ս․Հ․-ն տեղափոխվել է Երևան Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ կրծքային վիրաբուժության մասնագիտացված բաժանմունք՝ իր հետագա բուժումը շարունակելու,քանի որ Գյումրու հիվանդանոցը չունի նման բաժանմունք ու մարզում չկա նաև կրծքային վիրաբույժ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ