Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ, նախորդ օրը Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Նորին գերազանցություն Տ. Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը հրավիրվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության մշտական ընտրված հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ Ադամի Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) կողմից՝ բացման աղոթք հնչեցնելու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:
«Մեզ համար պատիվ էր արքեպիսկոպոս Դերդերյանին հյուրընկալել մեր երկրի մայրաքաղաքում՝ այսօրվա բացման աղոթքը հնչեցնելու», – նշել է Շիֆը: «Շատ ուրախ եմ, որ Ներկայացուցիչների պալատի անդամները հնարավորություն ունեցան լսել մեր համայնքի նման ականավոր և հարգված հոգևոր առաջնորդի ոգեշնչող խոսքերը: Արքեպիսկոպոս Դերդերյանը մեծ ազդեցություն է թողել բոլոր հավատքների մարդկանց վրա և վճռորոշ դեր է խաղացել միլիոնավոր մարդկանց կրոնական և քաղաքացիական կյանքում»:
Արքեպիսկոպոս Դերդերյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Շիֆին ու Համագումարին, և Ներկայացուցիչների պալատի անդամներին շարունակական հաջողություններ մաղթել նրանց դիվանագիտական ջանքերում:
«Ամերիկայի հայկական համագումարի անունից խորին երախտագիտություն եմ հայտնում արքեպիսկոպոս Դերդերյանին՝ հայ ժողովրդին առաջնորդելու և նվիրվածության համար: Դա հիանալի հնարավորություն էր Վաշինգտոնում հյուրընկալելու մեր լավ բարեկամին և անձամբ լսելու արքեպիսկոպոսի ոգեշնչող աղոթքը», – հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ և Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանը:
Ամերիկայի հայկական համագումար