Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանաձևի հեղինակների համար մտահոգիչ է քաղբանտարկյալների մեծ թիվը Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում ու Հայաստանում

Հուլիս 13,2017 14:08

2017 թ. հուլիսի 4-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Բելառուսի իրավապաշտպանների և «Քաղաքացիական համերաշխության» պլատֆորմի նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամենամյա նստաշրջանի նախօրեին տեղի ունեցավ ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ ֆորումը:

Ֆորումի ավարտին ընդունվեց ամփոփիչ բանաձև, որում մասնակիցները Հելսինկյան սկզբունքների իրականացման խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ԵԱՀԿ պարտավորությունների և միջազգային հասարակության ռազմավարության վերաբերյալ իրենց վերլուծություններն ու եզրահանգումներն են ներկայացրել Վեհաժողովին, ԵԱՀԿ անդամ երկրներին ու քաղաքական կառույցներին:

Եզրափակիչ բանաձևում ֆորումի մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին շրջանում ԵԱՀԿ անդամ երկրներում քաղաքացիական հասարակության գործունեության ոլորտի նեղացման և իրավապաշտպանների նկատմամբ աճող սպառնալիքների վերաբերյալ:

Բանաձևի հեղինակները 2016-ը համարում են ԵԱՀԿ տարածքում հակաժողովրդավարական սահմանադրական փոփոխությունների տարի և արձանագրում են, որ դա ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար իրավունքների ու ազատությունների սահմանադրական երաշխիքների թուլացման է հանգեցնում: «Այնպիսի ավտորիտար երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու Տաջիկստանը, սահմանադրական փոփոխություններն օգտագործվել են որպես գործիք իշխող խմբերի ձեռքում՝ իշխանությունը հետագայում ևս պահպանելու համար». նշված է բանաձևում:

Ֆորումի մասնակիցները համակարգային խնդիր են համարում քաղաքական հետապնդումները, արդար դատաքննության երաշխիքների բացակայությունը ԵԱՀԿ անդամ երկրների մեծ մասում, որտեղ իշխանություններն արդարադատությունն օգտագործում են իրենց քննադատողներին լռեցնելու և այլակարծությունը ճնշելու համար: Մտահոգություն են հայտնում այս երկրներում դատական իշխանության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների անկախության վտանգվածության վերաբերյալ:

«Ընդդիմադիրները, կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստներն ու հետաքննող լրագրողները մշտապես բախվում են ձերբակալման և անարդար դատական գործընթացների վտանգին ԵԱՀԿ շատ երկրներում». նշված է բանաձևում:

Բանաձևի հեղինակների համար մտահոգիչ է քաղբանտարկյալների մեծ թիվը Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում ու Հայաստանում:

Նշում են, որ խաղաղ հավաքների անցկացման խոչընդոտումը՝ կամայական ձերբակալությունների, ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման միջոցով, բռնություն կիրառած ոստիկանների անպատժելիությունը, ցուցարարներին մասսայական անկարգությունների մեջ մեղադրելն ու երկարաժամկետ բանտարկումը սովորական գործելակերպ են դարձել այս երկրներում:

Բանաձևի հեղինակները մտահոգված են, որ զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը գտնվում է մշտական ճնշման տակ, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում այդ երկրների ստանձնած պարտավորություններին:

«Իշխանությունները ոչ միայն միջոցներ չեն ձեռնարկում կանխելու լրագրողներին սպառնացող վտանգներն ու այդ ուղղությամբ քննություն իրականացնելու ջանքեր չեն գործադրում, այլև հաճախ իրենք են դառնում բռնություն, գրաքննություն ու հետապնդումներ իրականացնողներն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրացնում են ազատ արտահայտման իրավունքը». նշված է բանաձևում:

Մտահոգիչ է նաև «կեղծ դիտորդական առաքելությունների» առկայությունը: Նշվում է, որ իշխանություններն իրենց իշխանությունը պահելու համար ֆինանսավորում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ դիտորդական առաքելությունների, որոնք հետագայում իշխանության օգտին կարծիքներ են հայտնում ընտրական գործընթացների վերաբերյալ: Դրան հակառակ՝ իշխանությունները քննադատում են այլ դիտորդական առաքելությունների կարծիքներն ու հրաժարվում են կատարել նրանց առաջարկները: Ֆորումի մասնակիցները սա համարում են միջազգային կոռուպցիայի դրսևորումներից մեկը և մեծ մարտահրավեր՝ ընտրական գործընթացների նկատմամբ միջազգային մշտադիտարկման գաղափարի համար, ինչն ուղղակիորեն հակասում է ԵԱՀԿ սկզբունքներին և խաթարում ԵԱՀԿ-ի՝ որպես ազատ և արդար ընտրությունների երաշխավորի առանցքային դերը:

Անդրադառնալով ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի՝ Ֆորումի մասնակիցները նաև հանձնարարականներ են ներկայացրել Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության և դրա ուղղությամբ գործողությունների վերաբերյալ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31