Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժան-Ֆրանսուա Շարպանտիե. հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն (Տեսանյութ)

Հուլիս 13,2017 13:35

«Հայ-ֆրանսիական տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 50 մլն եվրո, և հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն»,- այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսում նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր կողմից ավելի վաղ հնչեցված այն կարծիքը, որ չնայած  բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները, հատկապես առևտրաշրջանառությունը հեռու է գոհացնող լինելուց:

Իսկ ահա Հայաստանում ֆրանսիական ներդրումների առումով դեսպանն իրավիճակը  բարվոք է համարում:

Ֆրանսիական խոշոր ընկերությունները սկսել են հետաքրքրվել Հայաստանով:

Թվարկվեցին մի շարք ֆրանսիական խոշոր բրենդային ընկերություններ, որոնք հաջողությամբ գործունեություն են ծավալում Հայաստանում: Այս առումով դեսպանը նույնիսկ դրական դինամիկա է նկատում:

«Ֆրանսիական ընկերություններին մինչ այս պահը այդքան չէր հետաքրքրում հայկական շուկան, բայց փոփոխություններ նկատվում են, դրանք լինելու են»,- նկատեց դեսպանը:

Դեսպանի կարծիքով Հայաստանի նկատմամբ տնտեսական հետաքրքրությունների աճը պայմանավորված է իրանական  և ԵԱՏՄ ընդհանուր շուկա մուտք գործելու լավ հնարավորություններով և այդ հետաքրքրությունների գործնական արտահայտության կոնկրետ օրինակներ ներկայացրեց:

«Ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկը» Տաշիր ընկերության հետ համատեղ բացեց հետազոտական լաբորատորիա, որը հետագայում միտում ունի ընդլայնվելու: Սա էներգետիկայի ոլորտում, իսկ առողջապահական ոլորտում ֆրանսիական երկու դեղագործական ընկերություններ՝ «Սանոֆին» և «Սերվիեն», արդեն հաստատվել են Հայաստանում»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Դեսպան Շարպանտիեն համոզված է, որ Ֆրանսիայից ու եվրոպայից նոր ներդրողների համար կարևոր ցուցիչ է Հայաստանում արդեն իսկ գործունեություն ծավալած ընկերությունների արձագանքը և նրանց կարծիքը առ այն, թե ինչքան հարմարավետ են իրենք զգում Հայաստանում:

Արցախ. կանոնավոր բանակցություններ և բարձր մակարդակի հանդիպումներ

Օրեր առաջ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կոնտեքստում անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին՝ դեսպան Շարպանտիեն նշեց, որ Ֆրանսիան  Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ և հնարավորինս կանոնավոր բանակցային գործընթացի կողմնակից է:

«Պետք չէ միայն սահմանափակվել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով: Այս հանդիպումից թվում է, թե կարող է դրական առաջընթաց ապահովել՝ ենթադրելով ապագայում ավելի բարձր մակարդակի՝ երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումը: Հիմա պարզապես պետք է ակտիվորեն աշխատել այն ուղղությամբ, որ այս  հանդիպմանը հաջորդեն  այլ հանդիպումներ»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Ըստ «Մեդիա» կենտրոնի հաղորդագրության

Մանրամասն՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31