«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Բրիտանական կինոշաբաթի մեկնարկը տրվեց շոտլանդական ծագումով անգլիացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Հյու Հադսոնի «Ալտամիրա» ֆիլմով: Հյու Հադսոնը նաեւ նախագահում է «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրին: Ռեժիսորը ներկա էր իր ֆիլմի ցուցադրությանը:
«Ինձ շատ դուր եկան հնագույն քարանձավների պատկերները, որոնք տեսել եմ Ֆրանսիայում եւ Ալտամիրայում, դրանք հիանալի պատկերներ են՝ մոտ 3000 տարեկան: Իմ ֆիլմը պատմություն է մի մարդու ընտանիքի մասին, որը բացահայտել է այս պատկերները: Ինձ գրավել է հատկապես այն, որ հերոսը իրականում անմեղ է, բայց քաղաքական ու կրոնական հայացքների զոհ է դարձել: Ֆիլմը նկարահանվել է Իսպանիայում, ֆիլմի անձնակազմը Իսպանիայից, Ֆրանսիայից, Անգլիայից է: Սա եվրոպական համագործակցություն է: Պատմությունն իսպանական է, բայց նկարահանել է անգլիացի` այսինքն ես»,- ասաց Հյու Հադսոնը: Ֆիլմում նկարահանվել են Անտոնիո Բանդերասը, Գոլշիֆթե Ֆարահանին, Ալլեգրա Ալենը, Կլեման Սիբոնին, Ռուփերթ Էվերեթը: Նրանց վարպետ խաղը բացառիկ համոզիչ է ու տպավորիչ:
Հուլիսի 12-ին Փարաջանովի թանգարանում Հյու Հադսոնին մյուս մեծագույն գործիչների նման Փարաջանովյան թալեր շնորհվեց: «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ավելի վաղ նշել էր, որ բրիտանացի վարպետի ցանկությունն է եղել` մրցանակը ստանալ ոչ թե «Մոսկվա» կինոթատրոնում, այլ Փարաջանովի թանգարանում:
Հիշեցնենք, որ Հյու Հադսոնի գործերի թվում են «Ֆանխիո» (1975), «Հրե անվակառքեր» (1981, չորս «Օսկար», ներառյալ լավագույն կինոնկարի համար, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ՝ լավագույն կինոնկարի համար), «Գրեյսթոուք. կապիկների տիրակալի՝ Տարզանի լեգենդը» (1984, ներկայացվել է չորս «Օսկար»-ի), «Հեղափոխություն» (1985), «Մոլորված հրեշտակներ» (1989, ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե արմավենու ճյուղին»), «Իմ հեռավոր կյանքը» (1999), «Ես երազում էի Աֆրիկայի մասին» (2000, Կաննի ՄԿՓ-ի եզրափակիչ ֆիլմ), «Խանգարում» (2011, 70 րոպեանոց վավերագրություն BBC4-ի պատվերով):
Ինչ վերաբերում է «Ալտամիրային» (2016), իրական պատմության հիման վրա ստեղծված ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է 1879 թ. 9-ամյա Մարիա Սաուտուոլան հոր` հնագետ Մարսելինոյի հետ վաղնջական քարանձավային արվեստի նմուշ հայտնաբերում: Կաթոլիկ եկեղեցին տասը հազար տարվա վաղմության հավակնող արվեստի նմուշը դիտարկում է որպես անաստված ռացիոնալիստների հարձակում աստվածաշնչյան ճշմարտության վրա: Ցավոք, գիտնականները եւս քարացած, պահպանողական ու հետադիմական վերաբերմունք են ցույց տալիս, իսկ նախապատմական շրջանի առաջատար մասնագետ Կարտայլակն անգամ կեղծ գտածոյի մեղադրանք է ներկայացնում Մարսելինոյին: Վերջինիս ընտանիքը հայտնվում է ճգնաժամի մեջ, իսկ քարանձավը կողպում են… Ամենասարսափելին այն է, որ Մարսելինոյի դեմ է դուրս գալիս նրա բարեպաշտ կինը` Կոնչիտան:
«Ալտամիրան» կառուցված է հերոսուհու` փոքրիկ Մարիայի հիշողությունների վրա: Այն շատ գեղեցիկ ֆիլմ է` ընտիր ռեժիսորական եւ օպերատորական աշխատանքով, դերասանական փայլուն կազմով ու խաղով, սքանչելի բնության պատկերներով, ամուսնու եւ կնոջ գեղեցիկ հարաբերություններով, դստեր եւ հոր նուրբ կապով, գիտության ու կաթոլիկ եկեղեցու բախմամբ, գիտնականի անձնվիրության մասին պատմությամբ… Ֆիլմում տպավորիչ դիալոգներ շատ կան: Հենց, օրինակ, Մարսելինոյի եւ նրա հավատացյալ կնոջ զրույցը, երբ ամուսինը բացատրելու համար իր գտածոյի կարեւորությունը` նրան ասում է. «Կոնչիտա, պատկերացրու ես գիտությունն եմ, դու կրոնը: Նրանք մի՞թե չեն կարող գոյակցել, չէ՞ որ սիրում են միմյանց»:
«Ալտամիրայի» նման ֆիլմերը յուրօրինակ վարպետության դաս են ոչ միայն կինոյի մարդանց, այլեւ բոլորի համար` անկախ զբաղմունքից: Հյու Հադսոնի ֆիլմերը սովորեցնում են ներդաշնակ ապրել ու գեղեցիկ նայել աշխարհին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Հյու Հադսոնը եւ նրա կինը՝ Մարիամ դ Աբոն:
Լուսանկարը՝ gaiff.am -ից