Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հասկացա, որ գժվելու աստիճան սիրում եմ մեդիան». «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի հաղթողները հայտնի են

Հուլիս 13,2017 13:05

Հուլիսի 12-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց թվով երրորդ «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթը: Այս տարվա հաղթողների աչքերով՝ մեդիան մի կողմից սենսացիաներ ու կարծրատիպեր տարածելու, մյուս կողմից հասարակական փոփոխության հասնելու գործիք է:

«Մտերիմներիս հուշեցի անվստահելի կայքերի ցանկը, մի երկու անգամ էլ առաջարկեցի կասկածել: Ապա հուշմանս արդյունքները տեսնելով՝ հուշեցի` երբեմն նաև հավատալ գրվածին: Տեսա «Տարածեք, քանի չեն ջնջել» վերնագիրը, և քիչ մնաց` տարածեի, քանի չէին ջնջել, մինչդեռ իրականում պետք էր ջնջել, քանի չէին տարածել»,- գրում է Վիկտորյա Մարկոսյանն, ով արժանացել է առաջին մրցանակին:

Երկրորդ մրցանակակիր Արփի Ջանյանը գրում է մեդիասպառողի դասական կերպարի մասին. «Ես կարող էի ավելի լավը լինել, բայց դա ձեզնից շատ աշխատանք է պահանջում: Այն, թե ինչպիսին եմ ես, կախված է, թե ինչով եք սնում ինձ: Ինչ պահանջարկ եք ստեղծում և ինչ առաջարկ ապահովում»: Ապա առաջարկում է մեդիան դարձնել գաղափարախոսությունների բախման հարթակ, ոչ թե բամբասանքներ տարածող «փչացած հեռախոս»:

Իսկ երրորդ տեղը զբաղեցրած Լուիզա Վարդանյանը ժուռնալիստիկա ուսանելու 3 տարիների ընթացքում պարզել է իր ընտրած մասնագիտության նշանակությունը. «Հասկացա, որ գժվելու աստիճան սիրում եմ մեդիան։ Հասկացա, որ հմուտ ինժեներների ընտանիքից կարող է լավ ժուռնալիստ–մեդիագետ դուրս գալ։ Հասկացա, որ մեդիան կարող է լինել անհավատալի փոփոխությունների գործիք»:

Լրագրության դասախոսներից ու խմբագիրներից կազմված ժյուրին, անանուն հայտերը գնահատելով, 3 մրցանակակիրներից բացի ընտրել է նաև խրախուսանքի արժանի 2 աշխատանք: Ստորև մրցանակակիրների ամբողջական ցանկն է.

·         1-ին մրցանակ` Վիկտորյա Մարկոսյան (ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ),

·         2-րդ մրցանակ՝ Արփի Ջանյան (Հայաստանի ամերիկյան համալսարան, Գործարար կառավարման ֆակուլտետ),

·         3-րդ մրցանակ՝ Լուիզա Վարդանյան (Հայաստանի ամերիկյան համալսարան, Անգլերենի և հաղորդակցության ֆակուլտետ),

·         խրախուսական մրցանակներ՝ Արփինե Առաքելյան (ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ), Տաթևիկ Առուստամյան (ՀՊՏՀ, Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ):

Հաղթողները ստացան նվեր քարտեր՝ գրքեր և ուսուցողական փաթեթներ ձեռք բերելու հնարավորությամբ, իսկ լավագույն նյութի հեղինակն արժանացավ ուսման վարձի փոխհատուցման`հարյուր հազար դրամի չափով:

Հաղթողների աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, որտեղ հասանելի են նաև նախորդ երկու մրցույթների լավագույն էսսեները:

«Ես եմ մեդիան» մրցույթը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի մաս է՝ուղղված  հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում մեդիայի ու տեղեկատվության թեմայով քննարկման ակտիվացմանը, մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը:  Ծրագիրը ներառում է նաև այլ բաղադրիչներ՝ ուսուցիչների և գրադարանավարների վերապատրաստումներ, դասընթացի ներդրում դպրոցներում և բուհերում, ուսուցողական համակարգչային խաղեր և այլն:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31