Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստն այսօր սկսվեց երեք ամբաստանյալների մասնակցությամբ: 15-ի հանդեպ նախորդ նիստում դատավորը սանկցիա է կիրառել եւ հեռացրել նիստերից: Այժմ ներկա են միայն Թաթուլ Թամրազյանը, Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը:
Նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմն գտնվող հարազատներն ու համակիրները շնորհավորեցին Արամ Մանուկյանի ծնունդը:
Նիստը սկսվելուն պես ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանը դատավորին ասաց, որ միջնորդություն ունի: Դատավորը նրան թույլ չտվեց շարունակել՝ ասելով, որ միջնորդությունը կներկայացնի ամբաստանյալների ինքնության ճշտումից հետո: Սահակյանն ասաց, որ նա իրավունք ունի այս փուլում միջնորդություն ներկայացնել:
Դատավորը վրդովվեց ու փաստաբանին հետեւյալ կերպ դիմեց. «Ամբաստանյալ Լուսինե Սահ…»: Արտուշ Գաբրիելյանի շփոթմունքն առաջացրեց ներկա քաղաքացիների երկարատեւ ծիծաղը:
Ապա դատավորը երկրորդ անգամ շփոթվեց՝ Լուսինե Սահակյանին ասելով. «Եթե շարունակեք խոսել, ձեր նկատմամբ խափանման միջոց…սանկցիա կկիրառվի»:
Դատավորն ընդմիջեց նիստը՝ փաստաբան Լուսինե Սահակյանի հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ