Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունն այլեւս անվերապահ կասկածում է արդարամիտ ու ազնիվ մղումներով գործող ամեն մեկին. «Հրապարակ»

Հուլիս 13,2017 11:23

Չկա հավատ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ, չկա նաեւ ակնածանք օրինակելիի հանդեպ, չկա լավը գնահատելու կարիք, չկա մոտիվացիա՝ օրախնդիր ինչ-որ հարցի շուրջ։ Սա հենց այն է, ինչն իրականացվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից։ Այդ զարհուրելի քաղաքականության հետեւանքով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ հասարակությունն այլեւս անվերապահ կասկածում է արդարամիտ ու ազնիվ մղումներով գործող ամեն մեկին՝ նրան համարելով պատվեր կատարող, «իշխանական պրոյեկտ», կասկածի տակ է առնում «հանուն» կարգախոսի ներքո կատարվող ցանկացած գործողություն եւ այն ընկալում որպես «ընդդեմ» արված քայլ, կասկածով է ուտում իր հանապազօրյա հացը կամ խնձորը՝ կարծելով, թե ալյուրին ուրիշ

փոշի են խառնել, խնձորն էլ ադրբեջանական է՝ թունավոր, կասկածով է խմում երբեմնի հռչակավոր ջերմուկը՝ մտածելով, որ շշում լցվածն իրականում «կռանթի ջուր» է, կասկածով է ընդունում դեղահաբը՝ կարծելով, որ կուլ է տալիս կավճի կտոր….

Սասանվել է հասարակության հավատն այն ամենի հանդեպ, ինչին երբեւէ հավատում էր կամ չհավատալու խնդիր չուներ, քանի որ ենթագիտակցորեն չէր կասկածում նախագահին, վարչապետին, ուսուցչին, մտավորականին, բժշկին, եկեղեցականին… Կասկածի որդը սողոսկել եւ, որ ամենասարսափելին է՝ ձվադրել է որտեղ պատահի՝ քաղաքականությունից մինչեւ մատի ու մատանու, մսի ու ոսկորի արանք, ու ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ որդից ելք՝ պրծում չկա։ Քանի որ ելքից խոսեցինք, անդրադառնանք նույնանուն, սակայն բառիս բուն իմաստով չակերտավոր «Ելքին»՝ դաշինքին։ Ո՞վ է այդ կուսակցության թիկունքում կանգնած, իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, թե՞ իրենք իսկ, անկե՞ղծ են, արդյոք, Նիկոլ Փաշինյանն ու դաշինքի մյուս անդամներն իշխանություններին ուղղված իրենց քննադատություններում, թե՞ «պատվերով կոնցերտ են տալիս»։ Ընթերցողը գոնե մեկ անգամ ինքն իրեն այդ հարցերը տված կլինի կամ լսած կլինի կողքինի համանման հարցերը, որոնց պատասխանները, վստահ եմ, ոչ ոք միանշանակ տալ չի կարող, քանի որ կասկածի որդն էլի իրենն անելու է՝ կանգնեցնելով «կարող ա՞ սա խաղ ա» հարցադրման առաջ:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31