Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցային պայմանների ստեղծո՞ւմ, թե՞ պատերազմի ժամանակավոր հետաձգում. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 13,2017 10:53

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ընդամենը 2 օր է անցել, բայց նրա արդյունքների վերաբերյալ արդեն ունենք առնվազն 3 գնահատական։
Առաջինը միջնորդների տարածած հայտարարությունն է, որում դիվանագիտական բառապաշարով հիմնավորվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հետագա աշխատանքի մանրամասները» քննարկելու անհրաժեշտությունը։ Դրա համար հակամարտ կողմերի առջեւ դրվում են ընթացիկ սեպտեմբերին արտգործնախարարների, իսկ մինչեւ տարեվերջ նաեւ նախագահների հանդիպում կազմակերպելու խնդիրները։

Երկրորդը ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի թվիթերյան գրառման միջոցով հրապարակ նետված այն տեղեկատվությունն է, որ Բրյուսելում քննարկվել է «բանակցությունների առաջընթացի ապահովման համար պայմանների ստեղծման հարցը», այսինքն՝ անցած տարի Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը։

Երրորդը երեկ Ադրբեջանի կառավարության նիստի ընթացքում այդ երկրի նախագահի հայտնած հիրավի ցաքուցրիվ խոսքն է, որի վերլուծությունը մի փոքր ավելի մանրամասն անդրադարձ է պահանջում։

Բանն այն է, որ մինչեւ վերոհիշյալ բանակցությունները ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել իր հայ գործընկերոջ հետ՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ սուբստանտիվ բանակցություններ վարելու համար, որի տակ, ինչպես հայտնի է՝ ադրբեջանական կողմը հասկանում է ազատագրված տարածքների վերադարձի եւ իր «տարածքային ամբողջականության» վերականգնման խնդիրը։

Մինչդեռ, դատելով Ի.Ալիեւի հակասական մտքերից, դժվար չէ եզրակացնել, որ Բրյուսելում այդ հարցը ոչ միայն չի քննարկվել, այլեւ համանախագահները որոշակի ճնշում են գործադրել Ադրբեջանի վրա՝ 2016-ին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման խնդիրը տեղից շարժելու համար։
Երեկ Ի.Ալիեւը նախ հայտարարել էր, որ 2016թ. ապրիլյան դեպքերից հետո Հայաստանը մի քանի պայմաններ է առաջադրել բանակցությունների վերսկսման համար։ Դրանք նա անվանել է «հերթական հիմարություն»։ Այնուհետեւ Ալիեւը տեղեկացրել է, թե իբր Բրյուսելում «բանակցային գործընթացը վերսկսվել է»։

Բայց արդեն իր հաջորդ նախադասությամբ հերքելով նախորդ միտքը՝ նա նշել է, որ «ադրբեջանական կողմը ոչ մի պայման չի ընդունել։ Բանակցությունները շարունակվել են առանց նախապայմանների»։ Իսկ վերջում էլ հերքելով նաեւ իր երկրորդ միտքը՝ հավելել է, որ «այժմ խնդիրը կայանում է սուբստանտիվ, բովանդակային բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու մեջ»։

Մենք միտումնավոր ենք մեջբերում ալիեւյան այս ողջ «աբրա-կադաբրան», քանի որ դրա ճիշտ վերծանության պարագայում ամեն ինչ «իր տեղն է ընկնում»։ Նախ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը «հերթական հիմարություն» է համարել հետապրիլյան շրջանում Հայաստանի ներկայացրած՝ բանակցությունների վերսկսման պայմանները, որոնք, ի դեպ, դեռեւս Վիեննայում ընդունվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների կողմից ու վերածվել վստահության մեխանիզմների ու մթնոլորտի ձեւավորման մասին կոնկրետ առաջարկությունների։

Անշուշտ Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է դրանց իրականացումից, ուստի հասկանալի է, թե ինչու է Ի.Ալիեւը հպարտությամբ նշում, որ Բրյուսելում «ադրբեջանական կողմը ոչ մի պայման չի ընդունել», բայց երբ դրանք «հերթական հիմարություն» է անվանում, ապա ուղղակիորեն վիրավորում է ոչ միայն իր բանակցային գործընկեր Հայաստանին, այլեւ երեք միջնորդ տերությունների արտգործնախարարներին, որոնք անցած տարի Վիեննայում հավաքվել էին այդ «հիմարությունները» ընդունելու համար։

Իսկ երբ դրանից հետո հերքելով բանակցությունների վերսկսման մասին իր պնդումը, Ալիեւը հայտարարում է, թե իբր «այժմ խնդիրը կայանում է սուբստանտիվ, բովանդակային բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու մեջ», փաստորեն փորձում է օրակարգ թելադրել ոչ միայն Հայաստանին, այլեւ միջնորդ տերություններին։
Եթե հարցը քննենք քաղաքագիտական կատեգորիաներով, ապա սա ուղղակի նոնսենս է միջազգային պրակտիկայում, որովհետեւ սրանից հետո դժվար է պատկերացնել, թե ուրիշ ինչի մասին են խոսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի ղեկավարության հետ։

Բայց եթե հարցը քննենք էլ ավելի խորքային՝ հոգեբանական հարթության վրա, ապա նայելով Ի.Ալիեւի նիհարած ու վախեցած դեմքին եւ ակնհայտորեն խուճապային տրամադրություններ արտահայտող հայացքին, դժվար չէ եզրակացնել, որ գործ ունենք բանակցային սեղանի վրա պարտված, անկյուն մղված, բայց դիվանագիտական ասպարեզում կրած իր պարտությունը ռազմականի վերածվելու հեռանկարից անհանգստանալու հետեւանքով պատերազմի վերսկսման հարցում տատանվող մի բռնակալի հետ, որն ունակ է անկանխատեսելի քայլերի։

Այդ պատճառով չհամաձայնելով բոլոր այն քաղաքագետների գնահատականներին, որոնք հիմնվում են բանակցային պայմանների ստեղծման իրական հնարավորության գոյության մասին կանխադրույթի վրա, կարծում ենք, որ նման քաղաքակիրթ բառապաշարի տակ պարզապես քողարկվում է լայնածավալ պատերազմը հետաձգելու միջնորդների անկեղծ ցանկությունը։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31