Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտում գրասենյակ հիմնադրեք»

Հուլիս 13,2017 10:50

Կարեն Բեքարյանի առաջարկը Մինսկի խմբի համանախագահներին

«Համանախագահներն իրենց գործիքակազմը վերանայելու խնդիր ունեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը` անդրադառնալով երեկ երեկոյան կայացած ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, առանձնակի արդյունքներ չգրանցեց:

Մեր զրուցակիցն ի սկզբանե էլ առանձնակի լավատեսություն չի ունեցել այդ հանդիպման արդյունքների մասով: «Բազմիցս, տարիներ շարունակ, ասում էինք՝ սահմաններում իրավիճակների սրման, միջադեպերի, քաղաքական գործընթացը տորպեդահարելու հետ կապված պետք է լինեն ուղղակի հասցեագրված հայտարարություններ: Դրանց չլինելը բերում էր իրավիճակի ավելի զարգացման, քանի որ Ադրբեջանը դրա տակ անպատժելիություն էր զգում: Բայց երբ մենք ասում ենք հասցեականություն` դա էլ ինքնանպատակ չէ: Հետեւաբար այստեղ գործիքակազմի, մեթոդոլոգիայի, մեթոդաբանության խնդիր կա»,- ասաց պատգամավորը:

Հարցին` ի՞նչ ասել է գործիքակազմի փոփոխություն, կա՞ն կոնկրետ առաջարկներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրինակ՝ եթե Մինսկի խմբի համանախագահությունը խնդիր հետապնդեր Ստեփանակերտում իր գրասենյակն ունենալ եւ առաջին հերթին ծանոթանալ ամեն ինչին, առավել քան տրամաբանական կլիներ` հաշվի առնելով իրենց կողմից կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ստանձնած առաքելությունը: Արդյո՞ք այդ պարագայում Ադրբեջանն իրեն թույլ կտար պայքար մղելու` կոնսենսուս խախտելով, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու համար: Սրանք հարցեր են, որոնք վերանայման, այլ մոտեցման կարիք ունեն հենց Մինսկի խմբի համանախագահների կողմից»: Ամեն դեպքում Կարեն Բեքարյանը կարծում է, որ միջազգային հանրության համար իրավիճակն ավելի պարզ է դառնում, եւ ՀՀ ԱԳ նախարարի ելույթում հնչեցրած միտքը՝ ով հրաժարվում է հետաքննության մեխանիզմները տեղակայելուց, նա էլ պատասխանատվություն է ստանձնում տիրող իրավիճակի, այդ թվում՝ մարդկային զոհերի համար. «Սա տարր է, որ իրավիճակն իրենց համար սկսում է հասկանալի դառնալ, եւ դա շատ կարեւոր է»:

Հարցին` իմաստ տեսնո՞ւմ եք տարվա ընթացքում երկու երկրների նախագահների հանդիպման համար, ինչի մասին եւս խոսվեց ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, Կարեն Բեքարյանն ասաց, որ անգամ շատ վատ բանակցությունները լավ են, քան կրակոցներն ու իրավիճակի սրումները. «Բայց բովանդակային գործընթացը կարող է լինել հուսադրող, եթե մինչ ադ եղած պայմանավորվածությունները կատարվում են: Սա աքսիոմա է: Հակառակ պարագայում վստահություն չկա, եւ նոր բան պայմանավորվելը կորցնում է իմաստը, եթե հները չեն կատարվում»:

 

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

13.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31