Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ, երևի, դատարանն է պատանդի կարգավիճակում. «Հայոց աշխարհ»

Հուլիս 13,2017 10:47

Անցյալ տարի ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործերով (երկու գործ է) դատավարություններում տեղապտույտը շարունակվում է:

Զինված խմբի անդամներից 14-ի վերաբերյալ մեղադրանքների գործով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, երեկվա դատական նիստը ասվածի ուղղակի վկայությունն է:

Բայց դատական նշված նիստից բացի կամ դրա մանրամասնություններից առաջ ուշադրություն գրավեցին բոլորովին այլ հանգամանքներ: Մասնավորապես արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը երեկ տեղեկություն տարածեց, որ դատարան բերվելուց առաջ զննության է ենթարկվել մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանը, եւ նրա մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր:

Ավելորդ է ասել, որ դա արգելված իր է։ Այն առգրավվել է, դեպքի հանգամանքները պարզելու համար նախապատրաստվում են նյութեր: Մի խոսքով, քննություն է արվելու: Վերջիվերջո զինված հարձակման, պատանդառության եւ նման այլ ծանր արարքների մեջ մեղադրվողներից մեկի մոտ ածելու սայրի կտորը չի կարող ուշադրության առարկա չդառնալ:

Ի՞նչ նպատակով էր գործածվելու այդ սուր առարկան, դժվար է ասել: Միգուցե դրանով ընդամենը մատիտ էին սրելու: Չնայած ավելի լավ է, որ մեղադրյալների մոտ նման առարկաներ չլինեն: Առաջին հերթին հենց մեղադրյալի համար է լավ:

Բայց հարցը միայն կտրող առարկայով չսահմանափակվեց: Բանն այն է, որ երեկվա դատական նիստին ներկայացած երկու կանայք էլ (անուն-ազգանունները նշված են) ոստիկանություն են տարվել՝ դատական նիստերի դահլիճ… ասեղներով մուտք գործելու համար: Թե ի՞նչ նպատակով էին գործածվելու ծակելու համար նախատեսված այդ կենցաղային, թվում է՝ անշառ առարկաները, դժվար է ասել: Ի վերջո, ո՞վ չգիտի, որ հենց միայն ասեղներով կարելի է դատական նիստերի գնալ: Ասեղ է, էլի, հո դանակ չէ՞, կամ ասենք՝ հրացան:

Իսկ եթե լուրջ, ապա թե՛ սայրը, թե՛ ասեղով դատի գնալը, թե մնացյալ անցուդարձն ընդամենը ամրապնդում են այն ենթադրությունները, որ հատուկ սադրիչ մեծ ու փոքր քայլեր են արվում՝ դատավարության բնականոն ընթացքը հնարավորինս ձգձգելու, հնարավորության դեպքում դռնփակ դատի նախադրյալներ ստեղծելու համար:

Փաստն այն է, որ մամուլում, այդ թվում՝ մեր օրաթերթի հրապարակումներում էլ է արծարծվում այս գործերով մեղադրական եզրակացությունների բովանդակությունը, սակայն դատարանն անգամ դեռ չի մոտեցել բովանդակային քննության փուլին, ինչն, իհարկե, անհեթեթ իրավիճակ է:

Ի վերջո, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ զինված խմբի գործով ամբաստանյալները հիմա էլ երեւի դատարանն են պատանդ վերցրել՝ պատկերավոր ասած: Համենայն դեպս զինված խմբի գործերով դատարանները պատանդի վիճակում հայտնվածի տպավորություն են թողնում:

Ս. Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31