Հուլիսի 10-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը։ Զեկույցում մատնանշված են մի շարք թերացումներ և խախտումներ:
Իր նախնական եզրակացություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արդեն իսկ մատնանշել էր ընտրաշրջանների ինչպես նաև քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների նկատմամբ ճնշումների մասին արժանահավատ տեղեկությունների բացասական ազդեցությունը ընտրությունների վրա: Վերջնական զեկույցը մատնանշում է մի շարք խնդիրներ:
Արձանագրված խնդիրների մի մասը, ըստ զեկույցի, հակասում են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
Այսպիսով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը առանձնացրել է հետևյալ խնդիրները՝
Վարչարարություն՝
-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ զեկույցը նշում է, որ ԿԸՀ-ն պատշաճ կերպով չի դիտարկել բողոքները:
-Վարչական դատարանը մերժել է ներկայացված բոլոր բողոքները բացառապես ֆորմալ պատճառաբանություններով:
-Բավարար ջանքեր չեն գործադրվել հանրությանը բարդ ընտրակարգի մասին իրազեկելու ուղղությամբ: Հանրությանը պատշաճ չի բացատրվել, թե ինչպես են քվեները վերածվելու պատգամավորական մանդատների:
-ԿԸՀ-ն մերժել է միջազգային ՀԿ-ներին ընտրությունները դիտարկելու հրավերներ ուղարկելու հարցում, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին:
Քարոզարշավ՝
-Քարոզչական արշավների մեծ մասը կենտրոնացել էին անհատ թեկնածուների և ոչ թե քաղաքական հարթակների և քաղաքականության վրա:
-Բռնության առանձին դեպքեր են արձանագրվել նախընտրական քարոզարշավի ժամանակ:
-Տարբեր քաղաքական ուժերի միջև բանավեճերի բացակայությունը սահմանափակել է ընտրողներին հասանելի տեղեկատվությունը՝ իրազեկված ընտրություն կատարելու համար:
-Որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանման և հօգուտ իրենց քվեարկելու համար պետական ծառայողների, այդ թվում բժշկական ու կրթական հաստատությունների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու և ահաբեկելու մասին հավաստի տեղեկությունները հանգեցրեցին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ընդհանուր նվազմանը, ինչպես նաև մտավախություններ են առաջացրել ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման կապակցությամբ՝ ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան:
Հեռուստատեսություններ՝
-Հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը սահմանափակված էր դրանց սեփականատերերի կողմից խմբագրական անկախությանը միջամտելու միջոցով, ինչը հանգեցրեց լրագրողների ինքնագրաքննության և կառավարությանը քննադատող հաղորդումների ապաքաջալերմանը՝ ներառյալ Հանրային հեռուստատեսությամբ:
-Մշտադիտարկված հեռարձակվող լրատվամիջոցներից Արմենիա հեռուստատեսությունը տրամադրել է այլ մասնակիցների համեմատ գրեթե երկակի ավելի լրատվական լուսաբանում ՀՀԿ-ին և Կոնգրես-ՀԺԿ-ին (19 և 21 տոկոս, համապատասխանաբար):
-Կենտրոն հեռուստատեսությունը տրամադրել է այլ մասնակիցների համեմատ զգալիորեն ավելի լրատվական լուսաբանում (18 տոկոս) Ծառուկյան դաշինքին: Շանթ հեռուստատեսությունը լրատվական լուսաբանման 20 տոկոսը տրամադրել է ՀՀԿ-ին, մինչդեռ մնացածներին հատկացրել է 7-12 տոկոս: Երկիր մեդիան տրամադրել է ՀՅԴ-ին իր լրատվական լուսաբանման 25 տոկոսը՝ մյուսներին թողնելով 6-13 տոկոս:
Թեև մշտադիտարկված բոլոր հեռուստատեսությունների լրատվական լուսաբանման 98 տոկոսը չեզոք կամ դրական տոնայնությամբ է, պաշտոնական քարոզարշավին նախորդող՝ փետրվարի 24-ից մինչև մարտի 4-ը ընկած ժամանակահատվածի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս մշտադիտարկված հեռուստատեսությունների հստակ կողմնակալությունը ի օգուտ այդ հեռուստատեսությունների վերաբերյալ հանրային ընկալման մեջ եղած կուսակցական առնչությունների:
-Ռեկոմենդացիաների մասին առաքելությունը նաև արձանագրել է խնդիրներ ԶԼՄ-ների մոնիտորինգի չափանիշների և հանրության կողմից ԶԼՄ-ների իրական սեփականատերերի անուններն իմանալու հետ:
Ընտրողների վրա ազդեցություն՝
-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զրուցակիցների համաձայն՝ հանրության շրջանում առկա է ընտրախախտումների մասին հայտնելու դժկամություն, ինչը պայմանավորված է բողոքների քննման մեխանիզմի արդյունավետության նկատմամբ վստահության բացակայությամբ:
-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև արժանահավատ հաղորդումներ է ստացել ընտրողների, հատկապես մասնավոր և պետական հատվածի աշխատողների հանդեպ ճնշումների գործադրման և ահաբեկման մասին: Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է ձայնագրություններ, համաձայն որոնց 114 դպրոցների տնօրեններ ընդունում են, որ պատրաստել են ՀՀԿ-ին աջակցող ուսուցիչների և աշակերտների ծնողների ցուցակներ:
-Հավաքաբար, ձայներ գնելու, ընտրողների վրա ճնշումներ և բռնություններ գործադրելու լայնատարած մեղադրանքները բացասական ազդեցություն են թողել քարոզարշավի վրա և խնդրահարույց են դարձրել ընտրողների կարողությունը՝ քվեարկել ազատորեն, չվախենալով հաշվեհարդարից, որը հակասում է ԵԱՀԿ Կոպենհագենի 1990 թվականի փաստաթղթի7 կետին:
Քվեարկության օրը՝
-ԵԱՀԿ դիտորդների կողմից ընտրական գործընթացը բացասական է գնահատվել դիտարկումներից 12 տոկոսում, ինչը զգալի թիվ է:
-Ընտրատեղամասերի մի զգալի մասը (69 %) հասանելի չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար:
-Բազմաթիվ տեղամասերում եղել են կուտակումներ և լարվածություն:
-Ընտրությունների օրը արձանագրվել են խմբով քվեարկելու դեպքեր, ինչպես նաև ընտրողների վրա ազդելու փորձեր:
-Տեղամասերում նկատվել են կուտակումներ, ինչպես նաև միջամտություններ ոստիկանության և կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:
-Տեսանկարահանող սարքերով մշտադիտարկումը ցույց է տվել, որ տեխնիկական խնդիրների պատճառով որոշ ընտրատեղամասերից հեռարձակումը բացակայում էր, հատկապես առավոտյան ժամերին:
-Խորհուրդ տալով միջոցներ ձեռնարկել հետագայում քվեարկության գաղտնիության բարձրացման համար՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը փաստացի նաև արձանագրել է քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ:
-Քվեարկության ընթացքում, հաշվարկի ժամանակ և անգամ տարածքային ընտրական հանձնաժողովներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները նկատել են գտնվելու իրավունք չունեցող անձանց:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացնելով առաջարկներ «Հայաստանում հետագա ընտրությունները ԵԱՀԿ-ի հանձնարարականներին, միջազգային պարտավորություններին ու ժողովրդավարական ընտրությունների ստանդարտներին բերելու» համար, ըստ էության, փաստում է, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները չէին համապատասխանում Ժողովրդավարական ստանդարտներին, միջազգային պարտավորություններին և ԵԱՀԿ-ի հանձնարարականներին:
Ընտրությունների որակի ընդհանուր որևէ այլ գնահատական միջազգային այս կառույցի զեկույցում չկա, ինչը թերևս պայմանավորված է նրանով, որ կառույցը զգույշ է իր հայտարարություններում և սահմանափակվում է դիվանագիտական ձևակերպումներով:
Հավելենք, որ զեկույցում արձանագրված խնդիրները համարյա չեն տարբերվում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի զեկույցում մատնանշված խնդիրներից:
Աննա Փամբուխչյան, Դանիել Իոաննիսյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»