Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսարինը՝ կեսարին

Հուլիս 13,2017 10:11

«Արդյո՞ք պետք է կեսարին հարկեր վճարել»,- հարցրին փարիսեցիները Հիսուս Քրիստոսին: «Խաչաձեւ» լրագրողական հարց էր, ուզում էին «բռնացնել». եթե ասեր` «վճարե՛ք», կվիրավորեր ազգային զգացմունքները, կասեին` «ըհը՜ն, ուզում է, որ մենք հարկեր մուծենք գաղութատիրական Հռոմի ռեժիմին»: Եթե ասեր` «մի՛ վճարեք», կասեին` «ըհը՜ն, կայսրության դեմ ապստամբության կոչ է անում»: Բայց այդ «բանախոսին» այնքան էլ հեշտ չէր «բռնացնել»: Տերն ասաց` «տվեք, տեսնեմ, այդ հռոմեական մետաղադրամը, ո՞ւմ պատկերն է դաջված»: «Կեսարի»,- պատասխանեցին փարիսեցիները: «Դե, ուրեմն, կեսարինը կեսարին տվեք, Աստծունը` Աստծուն»: Դա, առաջին հերթին, իմ կարծիքով, նշանակում է` «պետք չէ խառնել պետության առջեւ պարտականությունները հոգեւոր կյանքի հետ»: Բայց նաեւ` «այն, ինչ պատկերված է փողի վրա, պետության խորհրդանիշն է»:

Հիշո՞ւմ եք, խորհրդային մեկ ռուբլանոցի վրա ոչինչ նկարած չէր, 3-ի եւ 5-ի վրա` Կրեմլն էր` խորհրդանիշ էր, բայց կայսր չէր: 10, 25, 50, 100 ռուբլանոցների վրա Լենինն էր` մեր այն ժամանակվա «կայսրն» էր` ոչ բոլորի համար ընդունելի: Բրիտանական ֆունտի բոլոր թղթադրամների «ավերսի» վրա ներկայիս թագուհին (իր երիտասարդ տարիներին) է, Էլիզաբեթ Երկրորդը, որքան հասկանում եմ, ոչ մեկի նյարդերին չի ազդում: Բրիտանական տարբեր թղթադրամների «ռեւերսի վրա» մեզ հայտնի Չարլզ Դարվինը եւ Ադամ Սմիթն են, պակաս հայտնի Բոլթոնը եւ Ուայթը` գոլորշիով աշխատով շարժիչի գյուտի հեղինակները, եւ մեզ անհայտ ոմն Էլիզաբեթ Ֆրայը` 19-րդ դարի բարեգործ: Ում են հարկեր մուծում` Լենինի՞ն, թագուհո՞ւն, Բենջամին Ֆրանքլինի ստեղծած պետությա՞նը, եթե խոսքը 100 դոլարանոցի մասին է: Համենայնդեպս, կայսրերը գնացին, Լենինը` նույնպես: Անգլիացիներն ու ամերիկացիները ոչ մի պատճառ չունեն եւ, վստահ եմ, չեն ունենա հրաժարվելու Էլիզաբեթ թագուհուց, Ֆրանկլինից կամ անգամ Դարվինից ու Ադամ Սմիթից, եւ դա, ինձ թվում է, այդ պետությունների հզորության, կայացած լինելու ամենակարեւոր ցուցիչներից է:

Մենք անընդհատ տվայտանքների մեջ ենք` էս մի խորհրդանիշը վատն է, եկեք լավով փոխենք: Դեռ լավ է, որ որեւէ քաղաքական գործչի կամ պատմական դեմքի, որեւէ արքայի կամ կաթողիկոսի նկար չենք ուզում պատկերել փողի վրա, հասկանում ենք, որ մեծ «բազար» է լինելու: Հիմա էլ մի թեթեւ «բազար» սկսվեց, բառիս բուն իմաստով` դատարկ տեղը: Ի՞նչ մեղքեր են գործել Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը եւ Սարյանը, որ նրանց փորձում են փոխարինել այլ արվեստագետներով: Վերջիններս էլ են, իհարկե, մեծարման արժանի` չնայած հասկանալի է, որ Պարույր Սեւակին Չարենցի հետ չես համեմատի: Բայց ո՞րն է այդ «ռոտացիայի» իմաստը` միանգամայն անհասկանալի է: Մարդկանց համար կարեւոր է, որ նրանք կարողանան այդ դրամով որքան հնարավոր է` շատ ապրանքներ գնել, ոչ թե այն, թե ինչ է թղթադրամների վրա նկարած:

…Բացառված չէ, սակայն, որ 10 տարի հետո Հայաստանում շրջանառության մեջ կլինի մետաղադրամ, որի վրա դաջված կլինի Վլադիմիր Պուտինի կիսադեմը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Առաջին համաշխարհայինում պարտությունից հետո ավստրիական և գերմանական թոթադրամերի վրա էշ էր պատկերված: Օրինակ էր`բերեցի: Ի՞նչ միանգամից հեռու գնացող հետևություններ արեցիք:

  2. gib.gibindus says:

    Ժոռաձաձա, ճիշտ ես ասում`2 մարկանոցի վրա է: Բայց մի բանը երևի դիտմամբ չես ասում, որ էշը նկարված է թրքելու պահին: https://financeman.livejournal.com/34903.html Հիմա քո առաջարկը ի՞նչ է:

  3. Լավատես says:

    Իմ ընտյալի ընտրյալը իմ ընտրյալը չի: Ժողովուրդը Պատգամավորին է ընտրում, իսկ Պատգամավորը Նախագահին է ընտրում, ու պարզվում է, որ Պատգամավորը իրավունք ունի պաշտոնանկ անել Նախագահին, իսկ Ժողովուրդը իրավունք չունի Պատգամավորին պաշտոնանկ անելու, ստացվում է Արքայից Արքան՝ հայ ժողովուրդը իր ծառա պատգամավորից պակաս իրավունք ունի: Անհապաղ շտկել այս անհեթեթությունը, քանի դեռ ժողովուրդը չգիտի, որ Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

  4. Ruben says:

    «Յիսուս Նազովրեցի, հրեաների թագաւորդ» (INRI)
    Դե, ուրեմն, կեսարինը կեսարին տվեք…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31