«Փաստաթուղթը նախաստորագրվել է եւ պետք է ստորագրվի նոյեմբեր ամսին, ինչպես եւ նախատեսված էր: Կարծում եմ, որ կա քաղաքական պայմանավորվածություն. ամենամեծ երաշխիքը դա է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Շիրակ Թորոսյանը: Պատգամավորից հետաքրքրվել էինք նոյեմբերին նախատեսված ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ճակատագրով:
Հիշեցնենք, երկու օր առաջ փաստաթղթի նախագիծը ներկայացվել էր Եվրախորհրդարանի դատին: Արդարացի մտահոգություններ հնչեցին այն մասին, որ այս փաստաթուղթն էլ կարող է արժանանալ չորս տարի բանակցված ԵՄ-ՀՀ Ասոցացման համաձայնագրի եւ ազատ եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագրի ճակատագրին: 2013 թվականին ՀՀ-ն մեկ գիշերվա ընթացքում վերակողմնորոշվեց`ընտրելով Մաքսային միությունը:
Հստակեցնող հարցին`այսինքն, մտահոգվելու առիթ, որ այս համաձայնագիրն էլ կարող է նախորդի ճակատագրին արժանանալ, չունե՞նք, իշխող ուժը ներկայացնող պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, որ նման մտահոգության անհրաժեշտություն չունենք: Կա քաղաքական պայմանավորվածություն եւ կա մեր իշխանությունների կողմից հավաստիացում, որ այդ համաձայնագիրը ստորագրվելու է: Այնպես որ, մտահոգվելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում»:
Հիշեցնենք, այն ժամանակ էլ ՀՀ իշխանությունն ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, Մաքսային միությանը միանալու որոշումից ընդամենն օրեր առաջ, ի դեպ, Մոսկվա թռչելիս, հավաստիացնում էր, որ Հայաստանը ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Նույնն էր անում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելու առավոտյան:
ԵԽ պատգամավորներն անհանգստություններ-մտահոգություններ են հայտնել նաեւ արցախյան հակամարտության սաստկացման վերաբերյալ:
Հնարավո՞ր է սահմանային սրացումները խանգարեն նաեւ ՀՀ-ԵՄ նոր, շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Շիրակ Թորոսյանը հիշեցնում է`Հայաստանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է եւ փաստում, որ բանակցային գործընթացն այս պահին ձախողված է ադրբեջանական կողմի ջանքերի շնորհիվ:
Մամեդյարով-Նալբանդյան վերջին հանդիպումն էլ համարում է` բանակցություններ`բանակցությունները վերսկսելու շուրջ, որն այդքան էլ հաջողություն չունեցավ: «Բանակցություններն այսօր փակուղում են, քանի որ սահմանային լարվածությունը, որն Ադրբեջանը հրահրում է, հնարավորություն չի տալիս բուն խնդրին անդրադառնալ: Այս իրավիճակում, հայկական կողմն, իրավացիորեն դեմ է Արցախի հակամարտության բուն խնդիրներին անդրադառնալ, քանի դեռ խնդիրը լուծելու պայմաններն ապահովված չեն: Խոսքը Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման մասին է»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ խորհելու խնդիր կա`արդյոք սահմաններում լարվածությունը կխանգարի՞ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, քանի որ ամեն ինչ կախված է սրացումների ծավալից, հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակներից:
Ի դեպ, ԵԽ իսպանացի պատգամավոր Խավիեր Նաղթը հետեւյալ մտահոգությունն է հնչեցրել`իսկ որքանո՞վ է արդյունավետ համագործակցելը մի երկրի հետ, որտեղ օլիգարխիկ համակարգ է հաստատված եւ առկա է համատարած կոռուպցիա: Շիրակ Թորոսյանն այսպես է հակադարձում իսպանացի գործընկերոջը. «Վստահ եմ, որ իսպանացի պատգամավորը տուրք է տվել իր հայրենակցի խավիարային վարքագծին»: Խոսքը Պեդրո Ագրամունտի մասին է:
Նման խոսակցություններն իշխող ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորը «պատվերով համերգ» է համարում. «Ծիծաղելի է խոսել Հայաստանի մասին այդ տեսանկյունից, երբ Ադրբեջանը ոտքով-գլխով խանական կառավարման համակարգի մեջ է: Եվ երբ խնդիր է առաջանում`համեմատությունը պետք է այդ դաշտում լինի: Եթե Հայաստանին մեղադրում են նման հարցում`խանական կառավարման համակարգ ունեցող պետության հետ համեմատության մեջ, ուրեմն, ամեն ինչ պարզ է եւ զզվելի: Ակնհայտ է, որ նրա զկռտոցից կամ նավթի հոտ է գալու կամ` խավիարի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ