Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ հայտնի գործիչներ շարքից՝ բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ, ռեժիսոր և հեռուստալրագրող՝ Սարքի Մուրադյան

Հուլիս 13,2017 14:00

«Երջանկության արցունքները» երգը, համանուն կինոնկարից, հիրավի գերել է հանդիսատեսի սիրտն առ այսօր: Անհնար է պատկերացնել որևէ հայ մարդու, որ դեռևս չի ունկնդրել այդ անչափ հաճելի երգը, որի թե՛ երաժշտությունը, և թե՛ խոսքերը գրել է մեր տաղանդավոր հայրենակիցը՝ Սարքի (Սարգիս) Մուրադյանը.

Երջանկության արցունքները
Սիրովդ ինձ տվիր,
Երջանկության համբույրները
Շրթներիս վրա դրոշմեցիր:

Գարնան նման արևաշող
Վարդերի բույրն ինձ բերիր
Ու շրթներովդ ինձ այրող,
Սրտիս կիրքը հագեցրեցիր:

Երջանկության արցունքները
Խոստումներովդ ինձ տվիր,
Ու ինձ տալով ուրախ հույսեր,
Դու ինձ երջանիկ դարձրեցիր:

Այս երգը գրեթե այնպիսի համբավ ունի, ինչպիսին՝ Լևոն Միրիջանյանի խոսքերով գրված «Ո՜վ սիրուն, սիրուն» ժողովրդական երգը: «Երջանկության արցունքները» երգը շատերն են երգել, բայց անժխտելի է, որ ամենալավ կատարումը եղել է լիբանանահայ անզուգական երգիչ և հանրահայտ դերասան Մանուել Մենենկիչյանի կողմից (https://www.youtube.com/watch?v=0IZ7FZN9cw4), ով հաճախել է մեծանուն, ամերիկացի դերասան Դուգլաս Սքոտի և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դասերին:

Սարքի Մուրադյանը ծնվել է 1931թ.-ին Բեյրութում: Հայրն Ադանայից էր, մայրը՝ Մարաշից: Ծնողները Հայ Մեծ Եղեռնից տուժված որբեր էին: Բնակություն հաստատեցին Լիբանանում մոտ 300 000 հայ փախստականների հետ մեկտեղ, որոնց Լիբանանյան կառավարությունը մարդասիրաբար, մեծահոգաբար ընդունեց և անմիջապես քաղաքացիություն շնորհեց:

Հաճախել է Բեյրութի «Սուրբ Նշան» ազգային, տարրական դպրոցը, այնուհետև՝ ֆրանսիական քոլեջը: 16-17 տարեկան հասակից նվագախումբ է ունեցել. նվագել են համայնքային իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև ամեն հինգշաբթի՝ Բեյրութի թոքախտավորների հիվանդանոցում:

Սարքի Մուրադյանն իր նվագախմբի հետ:

1946թ.-ին լույս է տեսել նրա առաջին դյուրաբեկ ձայնասկավառակը՝ «Սիրեցի քեզ» և «Մոռացար զիս» էստրադային երգերով Patenthe Marconi ֆրանսիական ձայնագրման ստուդիայի կողմից, որի վրա դրոշմված էր «Սևան» հայկական պիտակը: Ձայնասկավառակը հաջողությամբ վաճառվեց ո՛չ միայն Լիբանանում, այլ նաև Սիրայում: Հաջորդ 5 դյուրաբեկ ձայնասկավառակները շուկայում հայտնվեցին անգլիական «Columbia Record Studio-ի» կողմից: 50-ական թվականներին Ս. Մուրադյանն արդեն փափագում էր սովորելու գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 1952թ.-ին նա Բեյրութի երաժշտանոցի (կոնսերվատորիա) կողմից հայտարարված պարեղանակների մրցույթում գրավելով առաջին տեղը՝ իր «մամբո» լատինոամերիկյան տեսակի պարեղանակով, իրավունք ստացավ ուսանողական փոխանակման ծրագրով մեկնելու ԱՄՆ: 1955թ.-ին Ս. Մուրադյանն արդեն սովորում էր Բոստոնի երաժշտանոցում: Սակայն, նա ավելի շատ կինոնկարներով էր հրապուրված և ցանկանում էր մտնել այդ բնագավառը: Ս. Մուրադյանը հաճախ էր կինոթատրոն գնում ընկերոջ հետ: Նա ընկերոջն ասում էր.

– Օր մը այս ֆիլմերուն տակն իմ ամունն ալ պիտի գրվի:

– Խենթ ե՞ս, ի՞նչ ես, – պատասխանում էր ընկերը:

– Jack Palance-ն (ամերիկյան հանրահայտ դերասան և երգիչ, որպես լավագույն դերակատար արժանացել է երեք ակադեմիական պարգևների, ըստ որում նաև՝ «Օսկարի») ալ իմ ֆիլմին մեջը պիտի խաղա, – ավելացնում էր Ս. Մուրադյանը:

 

Ի պատասխան՝ ընկերը քահ-քահ ծիծաղում էր՝ բոլորովին չհավատալով նրան, սակայն, իսկապես, այդպես էլ եղավ: 1960թ.-ին Ս. Մուրադյանը տեղափոխվեց Կալիֆորնիա, որպեսզի մոտիկ լինի ամերիկյան կինոյի խոշորագույն կենտրոնին՝ Հոլիվուդին: Սկսեց հաճախել «Theater of Arts», որի շնորհիվ բազմաթիվ ծանոթություններ հաստատեց և սկսեց աշխատել ամերիկյան կինոնկարներում որպես դերասան և բեմադրիչ: 1962թ.-ին նկարահանեց իր առաջին կինոնկարը՝ «Արյունապարտը» (սև-սպիտակ), հիմնված Ավետիս Ահարոնյանի (առաջին հանրապետության գանձապահը) «Արյան ձայնը» պատմվածքի վրա: Ս. Մուրադյանը խաղացել է իր առաջին դերն այդ կինոնկարում, քանի որ այդ թվերին Կալիֆորնիայում հայ դերասաններ չկային: Պատմվածքում հայ գյուղացին, հաղթահարելով իր մեջ նստած վախը, արյունառուշտ սուլթան Համիդի դաժան տիրապետության տարիներին, հոժարակամ միանում է հայ ֆիդայիներին՝ հանուն վրիժառության ու ազատագրական պայքարի:

Սարքի Մուրադյանը կինոխցիկի մոտ «Սասունի զավակները» նկարահանելիս:

1965թ.-ին նկարահանվեց նրա երկրորդ կինոնկարը՝ «Բաղդասար ախպարը» (սև-սպիտակ) Հակոբ Պարոնյանի համանուն կատակերգության հիման վրա, 1973թ.-ին՝ «Երջանկության արցունքները», 1975թ.-ին՝ «Սասունի զավակները», 1978թ.-ին՝ «Սիրո խոստումը», 1982թ.-ին՝ «Մուսա լեռան 40 օրը» և 2010թ.-ին՝ «Ալիսիան»: Ս. Մուրադյանի այս յոթ կինոնկարներից միայն վերջին կինոնկարն է նկարահանվել տեսախցիկով, իսկ նախորդ վեցը՝ 35 մմ կինոժապավենի վրա:

«Երջանկության արցունքները» կինոնկարի գլխավոր հերոսը և երգերի կատարողը սփյուռքահայ հանրահայտ երգիչ Մանուել Մենենկիչյանն էր: Մինչ այդ կինոնկարում նկարահանվելը և երգելը, նա երգում էր գլխավորապես ֆրանսերեն և անգլերեն լեզուններով: Կինոնկարը պատճառ դարձավ, որ Մ. Մենենկիչյանը սկսի երգել նաև հայերեն: Կինոնկարի առաջին ցուցադրումը կատարվեց Beverly Hills-ի մի կինոթատրոնում, այնուհետև այն երկու շաբաթ ցուցադրվեց Հոլիվուդի կինոթատրոններից մեկում՝ օրական 2 անգամ, իսկ հանգստյան օրերին՝ 3 անգամ: 1974թ.-ին ցուցադրման համար հրավեր ստացվեց Բեյրութից: Օդանավակայանում հազարավոր երկրպագուներ դիմավորեցին սիրելի երգչին, իսկ կինոնկարի սցենարիստին, ռեժիսորին և երգերի թե՛ երաժշտության, և թե՛ խոսքերի հեղինակին գրեթե չնկատեցին, որովհետև դեռևս նրան չէին ճանաչում: Բեյրութում կինոնկարը ցուցադրվեց միանգամից 3 կինոթատրոններում, իսկ Cinema Palace-ում՝ 3 ամիս շարունակ, օրական 3 անգամ, հանգստյան օրերին՝ 4 անգամ: Առաջին ցուցադրմանը հրավիրված էին նաև լիբանանաարաբ բարձրաստիճան պաշտոնյաներ: Կինոնկարը մեծ հաջողությամբ ցուցադրվել է նաև Թեհրանում և Արգենտինայում:

Սարքի Մուրադյանը և Մանուել Մենենկիչյանը Բեյրութի օդանավակայանում օդանավից իջնելիս:

Մ. Մենենկիչյանի «Երջանկության արցունքները» անվամբ ձայնապնակը վաճառվեց 35 000 օրինակով, որը պարունակում էր «Մարտերեն ետք» (երաժշտ.՝ Էլիաս Ռահբանիի, խոսք՝ Ս. Մաջարյանի) երգը և համանուն կինոնկարի բոլոր երգերը՝ «Երջանկության արցունքները», «Ալիքները կկանչեն», «Առանց քեզ ժպիտ չունիմ», «Երգի՛ր, մոռացի՛ր», «Գետակի վրա» (Երաժշտ.՝ Ավետ Տերտերյանի, խոսք՝ Ավ. Իսահակյանի), «Դու՛ իմ յարնս ես», «Մոռացար զիս, դու մոռացար», «Սպասի՛ր», «Սիլվա՜, վերադաձի՛ր»:

«Սասունի զավակները» կինոնկարը նկարահանվել է ամերիկացի դերասանների մասնակցությամբ: Այն թարգմանվել է նաև հայերեն: Կինոնկարի հիմքում ընկած են Բեյրութի զանազան սրճարաններում նրա գրի առած պատմությունները ֆիդայինների մասին: Կինոնկարում հնչում են Ս. Մուրադյանի «Սասունի զավակներ», «Հասմիկ», «Ձեզանից շատ սիրուն է», «Երկու սրտեր», «Ուրախ եմ» և «Սիրեցի յարս տարան» հայ դասական, ժողովրդական երգը (խոսք՝ Ավ. Իսահակյանի): Ամերիկյան երգերի խոսքերի հեղինակ, չափազանց բարձր վարձատրվող՝ Փոլ Ֆրանսիս Վեբսթերը դիտելով կինոնկարն այնքան էր հավանել «Սիրեցի յարս տարան» երգը, որ հոժարակամ, առանց վարձատրության գրեց այդ երգի համար անգլերեն խոսքեր և վերանվանեց այն՝ «And We Were In Love»:

«Սիրո խոստում» կինոնկարում հնչում են նրա «Սիրո խոստում», «Եգու՛ր քեզի սիրեմ», «Երազներ մայրական», «Չեմ ուզեր քեզի», «Երա՜զ է, գիտեմ» երգերը:

«Մուսա լեռան 40 օրը» կինոնկարը, հիմնված է ավստրիացի գրող և հումանիստ՝ Ֆրանց Վերֆելի համանուն վեպի վրա և միայն անգլերեն տարբերակով է նկարահանվել, քանի որ նախատեսված էր օտարերկրյա հանդիսատեսի համար: Այն նկարահանելու համար, ըստ նախահաշվի 8 մլն դոլար էր հարկավոր: Թուրքիան դեմ էր կինոնկարի նկարահանմանը, իսկ ամերիկյան կառավարությունն էլ, դաշնակից լինելով նրա հետ, ճնշում գործադրեց հայ բարերարների վրա, և նրանց մեծ մասը ստիպված հրաժարվեց խոստացված գումարները ներդնելուց: Կինոնկարի վրա ծախսվել է ընդամենը 0,5 մլն դոլար, չափազանց խղճուկ մի գումար, երբ համեմատում ենք Քըրք Քրքորյանի 100 մլն ֆինանսավորմամբ, վերջերս նկարահանված «Խոստում» կինոնկարի հետ, որը նույնպես առնչվում է Հայ Մեծ Եղեռնի հետ: Կինոնկարը մեծ հաջողություն ունեցավ և թարգմանվեց բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, բուլղարերեն, ռումիներեն, ռուսերեն և այլն:

«Ալիսիա» կինոնկարի հիմքում ընկած է մի քրիստոնյա արաբ ընտանիքի դժբախտության պատմությունը՝ անօրինական սիրո պատճառով: Մայրը դավաճանում է իր միակ, հղի դստերը և դառնում է նրա ողբերգական մահվան պատճառը: Այնուհետև, զղջալով միանձնուհի է դառնում, որպեսզի ապաշխարհի իր մեղքերը: Նրա դստեր ամուսինը, ով մոր սիրեկանն էր, չի համակերպվում արաբական ավանդական սովորություններին ու ամեն կերպ պայքարում է իր սիրո համար, սակայն չի կարողանում համոզել Ալիսիային հետ վերադառնալ: Հուսահատված՝ նա ինքնասպան է լինում: Այս ճշմարիտ պատմությունը խորապես հուզել էր Ս. Մուրադյանին: Կինոնկարում արաբ ընտանիքը ներկայացված է որպես հայկական, քանի որ սցենարի հեղինակը գտնում էր, որ նույն բանը կարող էր պատահել նաև հայկական միջավայրում: Կինոնկարը միայն Լոս Անջելեսում ցուցադրվել է 23 անգամ:

Ս. Մուրադյանը նկարահանել է նաև ամերիկյան կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Գործակալությունը», «Կյանքի ճանապարհ» և «Դարավոր բախումներ»: Այժմ նա աշխատում է «Սեր և ատելություն» կինոնկարի սցենարի վրա:

Ս. Մուրադյանը 60-ից ավելի ձայնագրված երգերի հեղինակ է: Նա՝ նաև իր բոլոր երգերի գերակշիռ մասի խոսքերի հեղինակն է: Ս. Մուրադյանը 60-ական թվականներին հաջողությամբ գործող «High Tones» անունով նվագախումբ է ունեցել Լոս Անջելեսում: Բովանդակության առումով Ս. Մուրադյանի երգերը սիրային և հայրենասիրական բնույթի են: Բացի վերը նշված երգերից, նա գրել է՝ «Անհավատարիմ սեր», «Եթե կուզե՞ս», կհեռանամ», «Երևան», «Հայրենիք», «Մոլորված սեր», «Արարատը մեր լեռն է», «Սևան», «Ի՛մ հայրենիք, ի՛մ Հայաստան», «Ցտեսությու՛ն իմ Երևան», «Երգե՛նք հայերեն», «Մնացել եմ հայ…» և այլ երգեր:

Ս. Մուրադյանի կինոնկարների և երգերի մասին հարցազրույցի տեսագրությունը կարելի է դիտել YouTube-ում՝ https://www.youtube.com/watch?v=UL6edakIsUc&t=1350s Այն պատրաստել է սույն հոդվածի հեղինակը:

Ս. Մուրադյանը 1965-66 թվականներից սկսած հեռուստաալիքներ ուներ և հաղորդումներ էր վարում, երբ հեռուստատեսությունը դեռևս սև-սպիտակ էր: Այն ժամանակ հաղորդավարը Լարի Զարյանն էր, ով հետագայում դարձավ Կալիֆորնիա նահանգի՝ Գլենդեյլ քաղաքի՝ խորհրդի առաջին հայ անդամը, իսկ այնուհետև՝ ընտրվեց որպես քաղաքապետ: Հայկական հաղորդումը՝ «Հայ ժամ» անվանումով, շաբաթը 1 անգամ և ընդամեն 1 ժամ տևողությամբ էր հեռարձակվում, որովհետև ամբողջ Լոս Անջելեսի վարչատարածքում հայի պատկանող ընդամենը մեկ բենզակայան կար և մեկ հատ էլ՝ ռեստորան: Այդ պատճառով հեռուստատեսության արտադրանքի գլխավոր շուկան մերձավոր Արևելքի երկրներն էին: Երբ այնտեղ քաղաքացիական պատերազմ սկսվեց, այդ հաղորդումները, ֆինանսավորում չունենալով, ժամանակավորապես դադարեցին: 78-79 թվականներին հեռուստատեսային հաղորդումները կրկին վերսկսվեցին, այս անգամ՝ «Հայ հեռուստաժամանակ» անվանմամբ, սկզբում շաբաթական 1 ժամ, հետո՝ 2 ժամ, իսկ ավելի ուշ՝ շուրջօրյա՝ միաժամանակ 6 ալիքներով: Ս. Մուրադյանի տնօրինության տակ էին գտնվում 2 հայկական, 1 ռուսական և 1 հունական ալիքներ նույնպես: Հեռուստատեսության լուրերի 95 տոկոսը պատրաստվում էր սեփական ուժերով և միայն 5 տոկոսը ստացվում էր հայրենիքից: Ս. Մուրադյանի հեռուստաալիքներում հյուրընկալվել են բազմաթիվ երգիչներ, դերասաններ, քաղաքական և հասարակական գործիչներ: Նա հատուկ հաղորդումներ ուներ նաև մանուկների համար: Ընդհանրապես Ս. Մուրադյանը հաճույքով էր աշխատում թե՛ զանազան միությունների, և թե՛ Հայկական Սփյուռքում գործող բոլոր կուսակցությունների հետ: Նպատակը մեկն էր՝ իրազեկել հասարակության լուրերով և նորություններով, հնարավորինս արդյունավետ հաղորդակցվել հայ հեռուստադիտողների հետ: Նա օրական աշխատում էր 15-17 ժամ, բայց և ժամանակ էր գտնում նաև գրելու իր հրաշալի երգերն ու սցենարները: Վերջին 15 տարիներին US Armenia-ով ընդամենը երկու ժամով է եթեր դուրս գալիս՝ 1 ժամ ուղիղ եթերով «Երգենք հայերեն» հաղորդաշարով և 1 ժամ էլ «Հայ հեռուստաժամանակով», որը նախօրոք ձայնագրված հաղորդում է: Հատկանշական է, որ ժամանակին այս հաղորդաշարի հյուրն է եղել նաև աշխարհահռչակ շանսոնյե, բանաստեղծ և դերասան՝ Շառլ Ազնավուրը:

Ս. Մուրադյանը և Շ. Ազնավուրը:

Ս. Մուրադյանի հեռուստատեսային գործունեության վերաբերյալ հարցազրույցը կարելի է տեսնել YouTube-ում՝ https://www.youtube.com/watch?v=IbKuK9j6eOE&t=21s , պատրաստված հոդվածագրի կողմից:

Երկար տարիներ անց, վերջապես հայրենիքը նկատեց և գնահատեց նրան. անցյալ տարի, 2016թ.-ի նոյեմբերի 15-ին ՀՀ մշակույթի նախարարությունը Ս. Մուրադյանին պարգևատրեց ոսկյա շքանշանով: Սակայն անկեղծ լինենք՝ արժանվույնս գնահատելու համար նրան վաղուց պետք է տրվեր ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, քանզի նրա ժողովրդականությունը, հատկապես սփյուռքի հայաշատ օջախներում, չափազանց մեծ է, մանավանդ նա իր բեղմնավոր գործունեության համար բազմաթիվ և բազմատեսակ պարգևների ու կոչումների է արժանացել ԱՄՆ կառավարության և Հայկական Սփյուռքի մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Ցավալի է, որ ոտնահարվում են նաև նրա հեղինակային իրավունքները հայրենիքում: «Երջանկության արցունքները» սերիալը 58 սերիայով 2015թ. նոյեմբերի 9-ից սկսվեց ցուցադրվել Հայաստանում, որը բովանդակության առումով բոլորովին կապ չունի նրա համանուն կինոնկարի հետ, սակայն վերնագիրը փոխ է առնված՝ առանց նրա համաձայնությունը ստանալու: Հիմա, փաստորեն նույն վերնագրով երկու հայկական կինոնկար կա: Դերասանական կազմում ընդգրկված են արտիստներ «Կյանքի կարուսել» ձևաչափով նախագծից և «Արմենիայի TV»-ի «Մի ստիր» նախագծից: Ամեն սերիայի սկզբում ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան) երգում է Ս. Մուրադյանի «Երջանկության արցունքները» երգը, մինչդեռ կինոնկարի վերջում չի հիշատակվում նրա անունը, չնայած դերասանների, պրոդյուսերի, սցենարիստների, ռեժիսորի հետ մեկտեղ նշվում է նույնիսկ վարորդի անունը: Սերիալի պրոդյուսերը պարտավոր էր համաձայնություն ստանալ հարգարժան հեղինակից: Հեղինակային իրավունքների խախտումը լուրջ հանցագործություն է համարվում ԱՄՆ-ում: «Երջանկության արցունքները» երգի գործիքային կատարումները տեղ են գտել մի քանի կինոնկարներում, ըստ որում, ինչպես հեղինակն է նշում՝ նաև ռուսական մի կինոնկարում, սակայն նրանք, ի տարբերություն հայ կինոարտադրողի, կապ են հաստատել Ս. Մուրադյանի հետ և համաձայնագիր ստացել հեղինակի ստորագրությամբ և, բնականաբար, նրա անունը ի ցույց է դրվել կինոարտադրողի կողմից որպես օգտագործվող երգի կոմպոզիտոր:

ԱՄՆ Հայ գրողների միության անդամ, Ժուռնալիստների խմբակցության փոխնախագահ՝

 

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ

Կալիֆորնիա, Գլենդեյլ

18 հունիսի 2017թ.

Գլխավոր լուսանկարում` Սարքի Մուրադյանն իր առանձնասենյակում՝ US Armenia TV-ում, Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում

 

«Երջանկության արցունքները»` https://www.youtube.com/watch?v=0dUKuaxcIZk&list=PL17688745C877E1C6&index=4

«Սասունի զավակները»` https://www.youtube.com/watch?v=pjBXqQi9_K8&list=PL17688745C877E1C6&index=3

«Սիրո խոստումը»` https://www.youtube.com/watch?v=dX5zxj1qBeU

«Մուսա լեռան 40 օրը»` https://www.youtube.com/watch?v=_A8d46H7YvY

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31