Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվին զսպել կարող է միայն Պաշտպանության բանակը»

Հուլիս 13,2017 15:30

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային վերածնունդ»
կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը վրդովված է. «Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ Արցախում ամենաբարձր մակարդակով արդարացնում են այդ վաճառքը»:

– Երեկ երեկոյան կայացավ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այն թվով երկրորդն է այս տարվա ընթացքում, «ավանդույթի» համաձայն՝ հանդիպմանը նախորդեցին սահմանային սրացումներ: Ակնկալիքներ կայի՞ն հանդիպումից, այն կարո՞ղ էր նպաստել Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու ակնկալիքներին, երբ հանդիպումից մեկ օր առաջ Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ կայացած համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր. «Եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, ապա չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր»:

– Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում հակամարտության հետ կապված: Չունենալով Արցախը նվաճելու ռեսուրս՝ զբաղված է սահմանին միջադեպեր հրահրելով՝ առաջ մղելով ռազմական դիվանագիտությունը: Բաքվում հստակ կողմնորոշվել են եւ գործում են ըստ իրենց պատկերացումների: Ցավոք սրտի, հայկական կողմերին ներկայացնող պաշտոնական Երեւանը որեւէ քաղաքականություն չունի, քան ժամանակ առ ժամանակ հանձնվողական հայտարարություններ անելը: Երեւանը նաեւ ի վիճակի չէ իրողությունների փոփոխության նախաձեռնություններով հանդես գալ, դրա համար ստիպված է վազել Բաքվի քաղաքականության ստեղծած հետեւանքները վերացնելուն:

– Ի տարբերություն նախորդ միջադեպերի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, միջազգային հանրությունը սկսել են համեմատաբար հասցեական հայտարարություններ հնչեցնել: Հնարավոր համարո՞ւմ եք ճնշումները Ադրբեջանին սանձելու համար: Հայկական կողմն ինչպե՞ս պետք է օգտագործի Ադրբեջանի կողմից ԻՊ-ին զենք մատակարարելու մասին հայտնի սկանդալը:

– Մինսկի խմբի համանախագահների կամ այլ դերակատարների հայտարարությունները ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ: Ադրբեջանը հստակ գիծ է ընտրել եւ անշեղորեն իրականացնում է՝ այդ ընթացքում ուշադրություն չդարձնելով հայտարարություններին: Բաքվին զսպել կարող է միայն Պաշտպանության բանակը: Ադրբեջանը կատարում է ռազմական սադրանքներ, դրանք կարելի է վերացնել միայն ռազմական միջոցներով: Դրանից առաջինը պաշտպանական սպառազինությունների արդիականացումն է եւ սահմանին կանգնած զինվորի խոցելիության նվազեցումը:

Ինչ վերաբերում է բուլղարական լրատվամիջոցների հայտնաբերած փաստերին, ապա լավ կլինի, որ դրանց մասին առավելապես խոսեն ոչ հայկական լրատվամիջոցներն ու գործիչները: Դրանց մասին պետք է խոսվի հնարավորինս շատ եւ ոչ հայերի կողմից: Իհարկե, այս ուղղությամբ բոլորս անելիք ունենք՝ թե՛ դիվանագետները, թե՛ խորհրդարանականները:

– Սահմանային վերջին սրացումների ժամանակ ուշագրավ էր նաեւ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանում, մեղմ ասած, լավ չեն վերաբերվում ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համարում է, որ ՌԴ-Ադրբեջան քաղաքական հարաբերությունները ոչ բարենպաստ փուլ են մտել: Միաժամանակ ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանին տրամադրել զենք-զինատեսակների խմբաքանակները, որոնց վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարիներ առաջ, թեեւ Ադրբեջանը չի կարողանում վճարել այդ զենքի դիմաց: ՌԴ-ի այս մահակի եւ կարկանդակի քաղաքականությունն ո՞ւր կհասցնի:

– Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ Արցախում ամենաբարձր մակարդակով արդարացնում են այդ վաճառքը: Այս դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է զենք վաճառի Ադրբեջանին: Քանի դեռ Երեւանում եւ Ստեփանակերտում որոշումներ ընդունելու վրա մեծ ազդեցություն ունեն ստրկամիտներն ու քաղաքականությունից բան չհասկացող դիլետանտները, Ռուսաստանը շարունակելու է արհամարհել հայկական շահերը: Կար մի պահ, երբ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները բավականին կոպիտ հրապարակայնորեն արտահայտվեցին ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին: Սակայն այդ ամենը վայրկենական զրոյացվում է Արցախի նախագահականի կողմից՝ զենքի վաճառքի արդարացման հերթական ստրկամիտ հայտարարությամբ: Նույնն էլ կատարվում է Երեւանի կողմից: Այս դեպքում, երբ Արցախի բնակչության նկատմամբ Ռուսաստանի բացահայտ թշնամական գործողություններն արդարացվում են պաշտոնական Ստեփանակերտի կողմից, ինչո՞ւ չպետք է ռուսներն իրենց նույնկերպ պահեն:

– Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահը քանիցս հայտարարեց Արցախի` բանակցությունների լիարժեք կողմ լինելու անհրաժեշտության մասին: Այս առիթով գործնական-դիվանագիտական քայլեր կամ բավարար քայլեր տեսնո՞ւմ եք:

– Սերժ Սարգսյանը բազմաթիվ բաներ է հայտարարել, որոնց ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարել, ավելին՝ հաճախ խոչընդոտել է այլոց քայլերին: Ապրիլից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր նաեւ Արցախի հետ ռազմավարական պայմանագրի կնքման մասին, սակայն ՀՀ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են այդ պայմանագրի կնքմանը: Արցախը կվերադառնա բանակցությունների սեղան, երբ վերագտնի սուբյեկտի իր կարգավիճակը, երբ դառնա գործոն: Սերժ Սարգսյանն ամեն կերպ ոչնչացնում է Արցախի գործոն լինելը, նրան ամեն կերպ աջակցում է Բակո Սահակյանը: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է Արցախը վերադառնա բանակցությունների սեղան: Նույնն էլ կարելի է ասել ճանաչման գործընթացի հետ կապված: Այս երկու գործընթացների հիմնական խոչընդոտը Երեւանում եւ Ստեփանակերտում որոշում ընդունողների խիստ սահմանափակ պատկերացումներն են խնդիրների լուծման վերաբերյալ:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

12.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31