Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարվա պայմանական ազատազրկում՝ «Միջազգային Մեդիա ինստիտուտ» լրատվական կազմակերպության խորհրդի անդամին

Հուլիս 13,2017 14:30

Անցյալ տարվա մարտի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ձերբակալվել էր «Նյուզ.պրեսս.ամ» կայքի եւ «Անդրադարձ» մամուլի ակումբի հիմնադիր Արմենուհի-Արիանա Հովսեփյանը: «Առավոտի» հետ առաջին հանդիպման ժամանակ Ա.Հովսեփյանը մեր հարցին, թե ինչո՞ւ այդ մասին չեն բարձրաձայնել իր ղեկավարած լրատվամիջոցները, առհասարակ մամուլը, իր նախկին երկու փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Արմեն Սողոյանը, ասաց, թե պաշտպաններն ասել են՝ լռիր:
Հարուցվել էր քրեական գործ:

Արմենուհի Հովսեփյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 13-ի դատավճիռը, իրեն ճանաչել եւ հռչակել անմեղ: Միեւնույն ժամանակ լրատվամիջոցի ներկայացուցիչը խնդրել էր անպարտ չճանաչելու դեպքում ամբողջությամբ բեկանել դատավճիռը եւ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, իսկ հանցակազմ գտնելու դեպքում իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի դատավճռով նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: Նշենք, որ մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Ռաֆայել Գեւորգյանը, պահանջել էր երկու տարով ազատազրկում:
Լրատվամիջոցի պատասխանատուի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց հինգ հարյուր հազար դրամի չափով գրավը:

Վերաքննիչ դատարանը՝ դատավորներ Մանուշակ Պետրոսյան, Սեւակ Համբարձումյան եւ Կարինե Ղազարյան կազմով, ավարտել եւ հրապարակել է սուտ մատնության դրդելու մեղադրանքով բողոքաբերի բողոքի քննությունը:

Ըստ բողոքաբերների` ամբաստանյալ Ա.Հովսեփյանը չէր կարող դրդել Մարտուն Շուշանյանին կատարելու սուտ մատնություն Նարեկ Երիցյանի նկատմամբ, քանի որ վերջինիս կողմից կատարված հանցագործության փաստն առավել քան ապացուցված է` չնայած նախկին քրեական գործով կատարված անբավարար նախաքննությանը։
Նշենք, որ քրեական գործը հարուցված էր նաեւ Մարտուն Շուշանյանի նկատմամբ, որին դատարանը սուտ մատնության համար դատապարտել էր մեկ տարի ժամկետով ազատազրկման, ինչը պայմանական չէր կիրառվի: Ի դեպ, Մ. Շուշանյանը վերաքննիչ բողոք չէր էլ բերել:

Հիշեցնենք, որ Ոսկու շուկայում աշխատող Մ. Շուշանյանը 2014թ. հունվարի 9-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարել է սուտ մատնություն՝ հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. նոյեմբերից մինչեւ 2014թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում Նարեկ Երիցյանն իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է 2650 եվրոյին համարժեք 1.436.568 ՀՀ դրամ գումար, դրանով իսկ ակնհայտ անմեղ անձ Նարեկ Երիցյանին մեղադրելով ծանր հանցագործության՝ խոշոր չափի շորթում կատարելու մեջ։ Իսկ Արմենուհի Հովսեփյանը, ըստ գործի նյութերի, իր ծանոթ Մարտուն Շուշանյանից տեղեկանալով, որ Նարեկ Երիցյանը Մ. Շուշանյանի հետ ունի գույքային բնույթի խնդիրներ, «Մ. Շուշանյանին համոզելու եղանակով դրդել է, որպեսզի նա ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարի սուտ մատնություն»:
Լրատվամիջոցի պատասխանատուի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մայիս Հովհաննիսյանը (լուսանկարում)  տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը որոշեց Ա.Հովսեփյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրի 70 հոդվածը եւ նրա նկատմամբ մեկ տարի ժամկետով ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով:

Ըստ բողոքաբեր կողմի, Արմենուհին իմանալով, որ Նարեկը գումար է պահանջում Շուշանյանից, խորհուրդ է տվել՝ դիմիր ոստիկանություն. «Ա.Հովսեփյանին տեղեկատվություն տրամադրողը եղել է Մ. Շուշանյանը: Իսկ ինչ պետք է աներ Ա. Հովսեփյանը ստեղծված իրավիճակում, եթե ոչ նման խորհուրդ տալը»: Առաջին ատյանի դատարանում Շուշանյանի դուստրը վկայություն էր տվել այն մասին, որ, իրոք, Նարեկը սպառնացել է, գումար պահանջել հորից: Հետագայում հայրը հրաժարվել էր իր ցուցմունքից: Իսկ Մարտուն Շուշանյանն էլ դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ Արիանայի-Արմենուհու հետ ծանոթացել են շատ վաղուց՝ մեքենայի առքուվաճառքի ժամանակ եւ գտնվել մոտ հարաբերությունների մեջ։ Ինքը հանդիպել է Ն. Երիցյանի հետ: Վերջինն ասել է, թե Շուշանյանը «ինչ-որ անձի ուղարկել է արտասահման, որի համար տվյալ անձը հավելյալ վճարել է 2650 եվրո եւ այդ գումարը Նարեկը պահանջել է իրենից։ Տվյալ զրույցի մասին տեղեկացել է Ա.Հովսեփյանը, զանգել եւ զրուցել է Ն. Երիցյանի հետ, այնուհետեւ իրեն հայտնել է, որ այլեւս Ն. Երիցյանն իրեն չի անհանգստացնի, բոլոր հարցերը լուծված են։

Որոշ ժամանակ անց, երբ Ա.Հովսեփյանը գտնվել է իր տանը, Ն. Երիցյանը զանգել է Ա.Հովսեփյանին եւ նրանց մեջ տեղի է ունեցել հեռախոսային վեճ»: Դատարանում Մ. Շուշանյանը պնդել է, որ հաղորդումը գրելու ժամանակ գիտակցել է, որ հայտնում է կեղծ տեղեկություններ, սակայն, այդուամենայնիվ, գրել է այն։ Ըստ գործի նյութերի, լրագրողը դատարանում հայտնել է. «Իմ միակ սխալը եղել է այն, որ Ն. Երիցյանի վերաբերյալ դատավարության ընթացքում ետ է վերցրել իր դիմումը։ Այդ ժամանակ Մ. Շուշանյանը եկել է իր մոտ, ասել, որ եթե նա հրաժարվում է, ինքը նույնպես պետք է հրաժարվի այդ ամենից։ Որպես լրատվականի ղեկավար՝ հանդիպել է Ն. Երիցյանի հետ։ Ն.Երիցյանի հետ թշնամական հարաբերությունների մեջ չի գտնվել, թեեւ հեռախոսային խոսակցության ընթացքում վիճել են միմյանց հետ: Երբ Մ. Շուշանյանին հարցրել է, թե ինչու է այս ամենն իր վրա գցել, վերջինս հայտնել է, որ ինքը «գողական աշխարհում» խնդիրներ կունենար, եթե ետ չկանգներ իր հայտարարությունից»։

Այս գործն ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի դասակարգվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին:

Վերաքննիչ քրեական դատարանը պայմանական պատժաչափ նշանակելիս հաշվի առավ այն, որ «ամբաստանյալ Ա.Հովսեփյանը նախկինում դատապարտված չի եղել, «Միջազգային Մեդիա ինստիտուտ» լրատվական կազմակերպության խորհրդի անդամ է»: Ի դեպ, մեկ տարով նշանակված փորձաշրջանի ընթացքում Արմենուհի Հովսեփյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության համապատասխան ստորաբաժանմանը` ըստ ամբաստանյալի բնակության վայրի:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31