Լրահոս
Օրվա լրահոսը

Սաղմոսավանի ջրաղբյուրը «ոտքի է կանգնում»

Հուլիս 13,2017 13:00

Երբ դժվարությամբ հաղթահարելով լեռնային ճանապարհի ոլորանները հասանք Սաղմոսավանի ջրաղբյուր, գործը եռում էր: Քասախի ձորում կապալառուն` «Էմօշին» ՍՊԸ-ն զգալի գործ էր արել: Մայիսին` մեր առաջին այցելության ժամանակ իրավիճակն այստեղ ոչ միայն այլ էր, այլեւ անհուսալի էր թվում: Գալն էլ, այն խոսքը չէ: Ճանապարհ չկար: Այդպես էլ հանելուկ մնաց, թե նախկին ջրամատակարարը ինչպես էր այցելում Սաղմոսավան, ինչպես էր, ասենք, քլորով կոնտեյներները տեղ հասցնում: Համատարած կանաչի մեջ միայն մի արահետ էր երեւում: Լեռնային քարքարոտ «ճանապարհը» մի կերպ անցանելի դարձնելու համար, ինքնաթափերով բետոն էին բերում ու մարդաբոյ փոսերը լցնում-հավասարեցնում:

Իրավիճակն արտակարգ էր, թանկ էր յուրաքանչյուր օր, ժամանակն իրոք որ չէր սպասում: Գարնանային անձրեւները ակտիվացրել էին սողանքային գործընթացները, քարաթափումներ էին սկսել, զգալիորեն վնասվել էին Սաղմոսավանի սանիտարական գոտու քլորակայանը ու ջրահավաք ավազանը: Դրանց ծանրության տակ մայրուղային ջրատարը ճզմվել-տափակել էր: Աղտոտման հետեւանքով, ջրի որակը այլեւս չէր համապատասխանում պահանջներին: Վեոլիա Ջուրը առանց երկմտելու որոշում ընդունեց դադարեցնել կառույցի աշխատանքը: Ավելին, պետք էր կառուցել նոր ջրաղբյուր:
Իսկ մինչ այդ, Աշտարակ քաղաքն ու հարակից Ուշի, Օհանավան ու Կարբի գյուղերին սկսվեց ջուր մատակարարել այլ աղբյուրներից պոմպակայանների միջոցով: Թանկ էր ստացվում, բայց այլ ելք չկար: Ավելի ճիշտ, ելքն աղբյուրի շուտափույթ վերակառուցումն էր: Դրա համար էլ, հակառակ ընդունված կարգի, նախագծողն ու շինարարը միաժամանակ մտան Քասախի ձոր, իրավիճակը պահանջում էր միաժամանակ իրականացնել աղբյուրի վերականգնումը: Եվ գործն առաջ գնաց:

Այսօր արդեն պատկերն այլ է, տարածքն անճանաչելիորեն փոխվել է, շինտեխնիկան հանգիստ աշխատում է. նեղվածք չի, գործիք ու շինանյութ դնելու տեղ կա: Հավաքվել են բարձրորակ մասնագետներ, ովքեր աշխատում են՝ հրաշալի հասկանալով գործի կարեւորությունը: Ճանապարհն էլ քիչ թե շատ բարեկարգվել է: Քլորատունը, փաստորեն, կառուցվում է զրոյից, թիվ 2 ջրահավաք ավազանը նույնպես: Ինչպես հավաստիացրեց Վեոլիա Ջրի Շինաշխատանքների համակարգման բաժնի պետ Գագիկ Այվազյանը, մոտ 25 օրից ջրահավաք ավազանը պետք է շահագործվի: Ասենք, քլորակայանն էլ թերեւս այդ ժամկետում կկառուցվի, սակայն այստեղ նոր սարքավորումների տեղադրման խնդիր կա: Դրանք, ի դեպ, արդեն պատվիրվել են: Իսկ նոր, ժամանակակից սարքավորում, դա նաեւ նշանակում է ջրի որակի երաշխիք երկար տարիների համար:

Դրանում ի պաշտոնե շահագրգռված էր «Վեոլիա Ջրի» Ջրի որակի վարչության պետ Մինաս Բելլույանը, ով տիրոջ աչքերով էր դիտարկում իրավիճակը: Ի վերջո, նա էլ համոզվեց, որ կապալառուն ոչ միայն արագ է աշխատում, այլեւ որակով: Ապագայում խնդիրներ չենք ունենա: Սպառողը կարող է հանգիստ լինել:
Երեւան վերադառնալուց առաջ, մենք փորձեցինք Սաղմոսավանի ջրի համը. այն ուղղակի հրաշալի է: Այն առայժմ թափվում է Քասախ, վայրկյանում մոտ 40 լիտր քանակությամբ: Բայց ոչինչ, քիչ մնաց: Կենարար հեղուկը շուտով կհոսի հին ճանապարհով: Օրվա մասին կավետենք ուրախությամբ:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Հ.Գ. Վեոլիա Ջուր ընկերության համակարգում այսօր կա ավելի քան 180 ջրաղբյուր: Դրանցից մի քանիսը լավ ծանոթ են սպառողներին. Գառնի, Կաթնաղբյուր, Ապարան, Արզնի, որոնք հիմնականում ջուր են մատակարարում Երեւանին: Մյուսները ավելի շատ հայտնի են մարզերի բնակիչներին: Կան նաեւ զուտ գյուղական նշանակության աղբյուրներ: Նրանց արտադրողականությունը վայրկյանում մի քանի լիտրից մինչեւ մի քանի հազար լիտր է: Տարբեր է նաեւ աղբյուրների տեխնիկական վիճակը: Բայց դրանց բոլորին միավորում է նշանակությունը` որպես կյանքի աղբյուրի:
Անգամ ամենափոքր աղբյուրը կյանք է տալիս մի բնակավայրի: Բայց եթե խոսքը գնա ընդամենը մի քանի ընտանիքի մասին, ապա միեւնույն է՝ նրանք արժանի են եւ պետք է գտնվեն հասարակության ուշադրության կենտրոնում: Այստեղից էլ այն կարեւորությունը, որ տալիս է Վեոլիա Ջուրը աղբյուրների պահպանմանը, տեխնիկական վիճակին ու վերանորոգմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31