Մեխանիկական վնասվածքների, կոտրվածքների եւ մի շարք այլ հիվանդությունների (հիպերտոնիա, անեմիա, հեմոֆիլիա, լեյկոզ, գլոմեռուլոնեֆրիտ, սրտային անբավարարություն, լյարդի ցիրոզ եւ այլն) դեպքում կարող է լինել քթի արյունահոսություն։
Գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունները եւս կարող են ուղեկցվել քթի արյունահոսությամբ։ Այդ դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին՝ պարզելու համար արյունահոսության պատճառը։
Քթի արյունահոսությունը կանխելու միջոցներն են՝
1. Հարկավոր է մի քանի րոպե մատներով սեղմել քթի կողքերից։ Եթե շարունակի արյունահոսել, քթանցքի մեջ բամբակե գնդիկ մտցնել, որը նախապես պետք է թրջել ջրածնի պերօքսիդով։ Քթին եւ ճակատին սառույց դնել։
2. Բամբակե գնդիկը թաթախել հարբուխի ժամանակ օգտագործվող քթային կաթիլների մեջ եւ այն տեղադրել քթանցքում կամ էլ 3-5 կաթիլ կաթեցնել քթանցքի մեջ։ Եթե սա էլ չօգնի, վերցնել 20-30 սմ երկարությամբ եւ 1-1,5 սմ լայնությամբ վիրակապ, թրջել որեւէ բուսական յուղի (արեւածաղկի, ձիթապտղի) կամ էմուլսիայի (ստրեպտոցիդ, ստրեպտոմիցին եւ այլն) մեջ ու որեւէ հարմար իրի միջոցով վիրակապը շերտ առ շերտ մտցնել քթանցքի մեջ՝ սեղմելով դեպի քթի խոռոչի ետին մասը։
3. Ձվի կեղեւն այրել, մոխիր դարձնել, քթանցքը լցնել։
4. Երկաթե բանալին բրդյա թելով ծոծրակից կախել այնպես, որ այն լինի մեջքին՝ թիակների միջեւ։ Սա արյունահոսությունը դադարեցնելու լավագույն միջոցներից է։
5. Գլուխն ուղիղ պահել, հանգիստ մնալ, քթով ներքաշել սառը ջուր, որի մեջ պետք է լուծված լինի մի քիչ շիբ կամ քացախ։ Դրանից հետո ռունգերը մատներով սեղմել եւ մեկ կամ երկու ռունգը բամբակ մտցնել։
6. Եղինջի ծեծած տերեւը դնել քթին, արյունահոսությունը կդադարի։
7. Դեռեւս 15-րդ դարում քթի արյունահոսությունը կանխելու համար օգտագործել են հազարաթերթիկի հյութը եւ եփուկը։ Ավելի ուշ այն սկսեցին օգտագործել նաեւ ներքին (հատկապես՝ արգանդային) արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։
8. Հաճախակի արյունահոսություն ունեցողներին խորհուրդ է տրվում շատ օգտագործել կիտրոնի հյութ, հավի միս։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
12.07.2017