Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի չորս ըմբիշներից երեքը Կասպիյսկում կայացած Ալի Ալիեւի հուշամրցաշարում իրենց մրցելույթներով չեն բավարարել գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի (լուսանկարում) ակնկալիքները, ինչը մտահոգում է նրան:
Գարիկ Բարսեղյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վալտեր Մարգարյանը՝ 70 կգ ու Վահե Թամրազյանը՝ 86 կգ, անմասն են մնացել մրցանակներից, եւ միայն 97 կգ քաշային Գեորգի Կետոեւն է 3-րդ տեղ զբաղեցրել:
Արդեն օգոստոս ամսին Ֆրանսիայում մեկնարկելու է աշխարհի առաջնությունը, եւ մարզիչը մտահոգ է, որ ոչ բոլոր ըմբիշներն են այս պահի դրությամբ պատրաստ: Բայց այնպես չէ, որ այդ իրավիճակն ստեղծվել է նրա օրոք: Մարզչի խոսքերով, վերջին տարիների վիճակագրությունն է այդ ասում: Պարոն Կուրղինյանը չի ցանկանում, որ իր սաները մրցավայր մեկնեն ընդամենը մասնակցելու համար: Նա հույսեր կապում է գլխավորապես այն ըմբիշների հետ, որոնք մրցանակային տեղեր են զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում եւ հեղինակավոր միջազգային մրցաշարերում: «Մյուսները պետք է շատ աշխատեն եւ պատասխանատվության ավելի մեծ զգացումով մոտենան առաջիկա մրցումներին», – ասում է Հաբեթնակ Կուրղինյանը:
Մարզիչը դեռ չի շտապում հրապարակել աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշների անունները եւ ցուցակի հրապարակումը թողնում է ուսումնամարզական վերջին հավաքի ավարտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ