Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն, այսօր լրագրողների հետ զրույցում գնահատելով տեղի ոստիկանության աշխատանքն, ասաց․«Ես որպես մարզի դատախազ, ունենալով տարբեր կառույցների նկատմամբ հսկողություն, վերահսկողություն իրականացնելու, այդ թվում նրանց օրինական գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու բացառիկ լիազորություններ, Շիրակի մարզային ոստիկանության աշխատանքը գնահատում եմ դրական։ Ոստիկանության աշխատակիցները կատարում են իրենց առջև դրված խնդիրները, ես անձամբ եմ ականատես լինում, թե ինչպես են նրանք գիշեր ու զօր աշխատում, որ նախ չբացահայտված հանցագործությունները բացահայտվեն, հետո էլ հանցանք կատարած անձինք հայտնաբերվեն ու ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Երեկ մամուլում կարդացի, թե ոստիկանությունը, դատախազությունն անգործության են մատնված, ես չգիտեմ թե որտեղից են նման տվյալներ հրապարակում, բայց փաստացի մենք պիտի հիմնվենք վիճակագրական տվյալների վրա, մեզ վիճակագրական տվյալներն այլ բան են ասում։ Չի կարելի վիճակագրական տվյալներն անտեսելով՝ օդից վերցրած տեղեկություններ տարածել»։
Aravot.am-ի դիտարկմանը, թե չի՞ կարելի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի քաղաքի կենտրոնում կրակոցներ չհնչեն, ծեծկռտուք ու դանակահարություններ տեղի չունենան, Կարեն Գաբրիելյանն ասաց․ «Չէի ասի, որ կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվում, ես գիտեմ, որ ոստիկանությունը կանխարգելիչ, նախականխարգելիչ բոլոր գործողություններն իրականացնում է»։
Aravot.am-ի հակադարձմանը, թե դուք գոհ եք ոստիկանության աշխատանքից, բայց երկու օր առաջ ականատես եղանք ոստիկանների մասնակցությամբ հարգված ֆայտոնչուն ծեծելու փաստին, դատախազը նշեց, որ այս արարքին գնահատական արդեն տվել է, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 118 հոդվածի հատկանիշներով և այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։
«Մի ոստիկանի ոչ հարիր պահվածքով չենք կարող գնահատական տալ բոլոր ոստիկաններին։ Արդեն վաղուց մոռացել ենք կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը, եթե մեկը կատարում է մի հանցանք կամ զանցանք, չի կարելի նույն գնահատականը տալ բոլոր աշխատակիցներին; Իհարկե, շատ վատ արարք է, շատ վատ արձագանք ունեցավ հանրության մոտ, որ ոստիկանության աշխատակից է, կարող է կատարել ենթադրյալ հանցագործություն, ոստիկանության աշխատակիցը, եթե կատարել է ենթադրյալ հանցանքը, նա ևս կենթարկվի քրեական պատասխանատվության։ Ասեմ ավելին, տվյալ ոստիկանը, լինելով մարզային վարչության կենտրոնական ստորաբաժանման աշխատակից, կոնկրետ մարզային վարչության ղեկավարությունը ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի տվյալ ոստիկանի կողմից կատարված արարքն ամբողջությամբ բացահայտվի և համապատասխան ներգործության միջոցներ կիրառվեն այդ ոստիկանի նկատմամբ։ Ինչքան տեղյակ եմ, այդ ոստիկանն այս պահին ազատվել է նաև իր աշխատանքից»,- ասաց Կարեն Գաբրիելյանը;
Նշենք, որ Շիրակի մարզի ներկայիս ոստիկանապետին՝ գնդապետ Արտակ Ռուբիկի Կարապետյանին քչերն են ճանաչում, նույնիսկ լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք շատ ակտիվ են Շիրակի մարզում, հազիվ թե ճանաչեն ոստիկանապետին։ Շատերը վերջինիս առաջին անգամ տեսել են Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին պաշտոնապես ներկայացնելիս (տե՛ս լուսանկարում, ձախից աջ` Շիրակի մարզի ոստիկանապետ, Շիրակի մարզի ԱԱԾ պետ, Շիրակի մարզի դատախազ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ)։
Մինչդեռ նախորդ ոստիկանապետերը սիրում էին շփվել մամուլի հետ, երբեմն երևալ նաև էկրաններին, իրենց ճանաչելի դարձնել ու ինչ-որ տեղ նաև այս միջոցով իրենց խոսքը տեղ հասցնել հանցագործ աշխարհին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ