Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին Արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցության ու համատեղ իրականացրած ծրագրերի համար և փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն հայտնել:
Ներկայացնելով արդարադատության ոլորտում իրականացրած բարեփոխումները՝ Դավիթ Հարությունյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված քայլերը՝ ապօրինի հարստացման քրեականացում, հայտարարագրման գործընթացի բարելավում, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակում, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնում, ազդարարների ինստիտուտի ներդրում, ինչպես նաև Հակակոռուպցիոն մարմնի ստեղծում: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությանը, էլեկտրոնային կառավարության համակարգի զարգացմանն ու սահմանադրական օրենքների մշակման աշխատանքներին:
Լոուրենս Մերեդիթը կարևորել է հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում իրականացված ծրագրերը և ԵՄ հետաքրքվածությունն ու աջակցությունը հայտնել իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության առաջնահերթությունները:
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը, Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, այլք:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն