Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «1000» դրամների» օրենքով քաղաքացիների աշխատավարձից պահվող գանձումների դեմ հայցի քննարկման ժամանակ ՊՆ-ի ներկայացուցիչը՝ Մանիկ Սանթրոսյանը, թույլ չտվեց դատական նիստը տեսանկարահանել կամ լուսանկարել՝ պատճառաբանելով, թե այդ տեսագրությունները հայտնվում են ադրբեջանական կայքերում:
Դատական նիստից հետո մենք հայցվոր կողմից՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անի Չատինյանից (լուսանկարում) հետաքրքրվեցինք, թե ինչպես կմեկնաբանի պատասխանող կողմի այս առարկությունը եւ տեսանկարահանմանը խոչընդոտելը: Նա պատասխանեց. «Որեւէ հիմնավոր փաստարկ չկա, խոսքը լրագրողական գործունեության իրականացման մասին է, սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ դատարանները կաշկանդված են՝ իրենց որոշումները կայացնելիս: Երբ մի կողմից հասարակ քաղաքացիները չեն առարկում լուսանկարահանման համար, պետության ներկայացուցիչները առարկեցին, միանշանակ որոշում կայացվեց չտեսանկարահանել: Սա, կարծում եմ, լրագրողական գործունեության խոչընդոտում է: Եթե անձը չի ցանկանում իրեն նկարահանեն, կարող է դատարանին խնդրել, որ իր կողմը չնկարվի:
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական ցանցերում տեսանյութերը տարածելուն, այս դեպքում մի քիչ ավելորդ է մեկնաբանելը, որովհետեւ բոլորին է պարզ ու հասկանալի, թե ինչով է զբաղվում ՀՔԱՎ-ը, իրավապաշտպան գործունեություն ենք իրականացնում: Բացառվում է ադրբեջանական ցանցերին կամ որեւէ մեկին ՊՆ-ի ներկայացուցչի տվյալները փոխանցելը կամ իր կողմից գործողությունները հրապարակելը նման ցանցերում: Այդ փաստարկները համարում եմ անհիմն կամ փրփուրներից կախվել: Ուրիշ բան չեմ կարող ասել, դա փրփուրներից կախվել է, իրականությանը մոտ փաստարկ չէր, դատարանն էլ որեւէ ձեւով չհիմնավորեց իր որոշումը»:
Ըստ Անի Չատինյանի` դատարանը կանխակալ մոտեցում ունի, եւ դա մտածելու տեղիք է տալիս:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ