Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե Գյումրու Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղի ունեցած մահացու վրաերթի փաստով հարուցված քրեական գործում կա՞ն արդյոք տվյալներ այն մասին, որ փողոցը լուսավորված չի եղել, գրեթե անտեսանելի է եղել, որը ևս պատճառ է դարձել փողոցն անցնող երիտասարդ ամուսինների մահվան։ Դատախազն ասաց, որ գործում նման տվյալ չկա։
Ըստ Կարեն Գաբրիելյանի` վարորդը սթափ է եղել, իսկ «Օպել» մեքենայի անսարք վիճակում գտնվելը կամ վարորդի կողմից թույլատրելի արագությունը գերազանցելն ու ճանապարհային երթևեկության կանոնների կամ «Ճանապարհային անվտանգության ապահովման» օրենքի խախտում թույլ տալ-չտալը ցույց կտա փորձաքննությունը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Գյումրիում ավտոմեքենաների քանակը քիչ է, սակայն շատ են մահվան ելքով վրաերթերը, դատախազը ի պատասխան՝ վիճակագրական տվյալներ ներկայացրեց: Ըստ նրա` անցած տարվա այս նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով 8 դեպք, իսկ այս տարի 4 դեպք։ «Այսինքն մենք ունենք 50 տոկոսով նվազում»,- ասաց դատախազը։ Նա տեղեկացրեց, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ է արձանագրվել, անցած տարի 195 դեպք էր գրանցվել, այս տարի՝ 217, սակայն որոշ հանցատեսակների նվազում է արձանագրվել, օրինակ՝ սպանությունների։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 5 դեպք, այս տարի՝ 4 դեպք, որից երկուսը բացահայտված են։ Չբացահայտված դեպքերից մեկը կապված է անձի անհետ կորելու հետ, հարազատները իրավապահներին հաղորդել են, որ հարազատը դուրս է եկել տանից ու չի վերադարձել, ու քանի որ տասնօրյան ժամկետում տվյալ անձին չեն հայտնաբերել, հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։
Դիտավորությամբ առողջությանը վնաս, մասնավորապես ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերն էլ կտրուկ նվազել են, անցած տարի արձանագրվել է 15 դեպք, այս տարի 2, ընդ որում 2-ն էլ բացահայտված են։ Դատախազի ասելով` 86,7 տոկոսի նվազում է արձանագրվել։
Կարեն Գաբրիելյանը համաձայն չէ մամուլի որակումների հետ, թե անպատժելիությունն է պատճառը, որ Գյումրիում անընդհատ քրեական դեպքեր են տեղի ունենում։ «Ինչպես նշեցի, վիճակագրական տվյալներն այլ բան են ասում: Անպատժելիության հետ կապված ասեմ․ Քրեական օրենսգրքում հստակ տեղ է զբաղեցնում հանրահայտ սկզբունքներից մեկը՝ քրեական պատասխանատվության անխուսափելիությունը։ Դրա իմաստը պարզ է բոլորիս, այն է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հիմա անդրադառնամ ձեր հարցին, թե անպատժելիության մթնոլորտ է տիրում, անձամբ դուք բոլորդ տեղացի եք, ցույց տվեք մի դեպք, որ հանցագործություն կատարած անձը մնացել է անպատիժ, եթե մենք ունենք բավարար ապացույցներ, որոնք ենթադրում են, որ այդ անձը կատարել է տվյալ հանցագործությունը։ Եթե դուք մատնանշեք գոնե մի դեպք, ես բոլորիդ խոստանում եմ՝ չեմ աշխատելու: Նման բան չկա։ Չկա նման բան, որ անձը կատարի հանցագործություն, ապացույցների զանգվածը բավարար լինի, որ մենք տվյալ անձին չենթարկենք քրեական պատասխանատվության, մեղադրանք չառաջադրենք»,-ասաց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ամոթ է,սաղ քաղաք գիտե վարդանիկի տղու կողմից Ջանոյան Աղասի քրոջ տղու ծեծելու մասին պատմությունը:Ըսեմ,լավ էլ մանրամասն գիտեն:Մենակ դուք չիմացաք:Չիմացաք,որովհետև պետք չէր իմանալ:Վերադասներրինդ հրաման է էղել պաշպանելու էդ խուլիկանին:Էլի սեմ,երկու օր առաջ Նաշա Ռաշայում վարդանիկի փոքրիկ փեսան՝Հովիկը մեծ կռիվ է էրել:սաղ քաղաք գիտե,բայց դուք էլի չիդեք:Էլի սեմ?